ԵԼՔ դաշինքը խոստացել էր եւ գործը պատշաճ կատարեց

    • Հարցազրույց - 17 Մայիսի 2017, 13:52
Մեր զրուցակիցն է ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը

Դավիթ, ԵԼՔ-ը գրեթե նույն ցուցանիշն արձանագրեց, ինչ նախորդ՝ խորհրդարանական ընտրություններին: Սա չի խոսում այն մասին, որ այս մեկ ամսում ԵԼՔ-ը չկարողացավ ընդլայնել իր համակիրների շարքերը հատկապես այն դեպքում, երբ այսքան քիչ ուժեր մասնակցեցին ընտրություններին:

Այն, որ ցուցանիշները նախորդ ընտրությունների համեմատ նույնանման են, վկայում է նրա մասին, որ ԵԼՔ դաշինքին ընտրում են գիտակցաբար և հետևողականորեն (նկատի ունեցեք, որ ՀՀԿ-ի արդյունքների նույնությունը բոլորովին այլ հանգամանքներով է պայմանավորված): Համակիրների ընդլայնումը հնարավոր է իրականացնել աշխատելով և հանրությանը ներկայացնելով այդ աշխատանքը, ինչը միայն քարոզարշավը և ընտրական գործընթացների օրինականության համար պայքարը չէ: ԵԼՔ դաշինքը պատրաստվում է հակակշիռ դառնալ իշխանությանը և շոշափելի արդյունքներ գրանցել պետական կառավարման ոլորտում: Որևէ կասկած չունեմ, որ մեր համառ աշխատանքի արդյունքում մեր համակիրները կավելանան և կբազմապատկվեն: Այս ընտրություններում մենք պարզեցինք մի ուշագրավ հանգամանք. խորհրդարանում հայտնված, սակայն քաղաքային ընտրություններին չմասնակցած ուժերի համակիրների մեծ մասը անտարբեր գտնվեցին և պարզապես չմասնակցեցին: Ակնհայտ է, որ ընտրություններին չմասնակցելը նշանակում է լուռ համաձայնություն տալ Երևանի անարդյունավետ կառավարմանը:

Ի վերջո, դաշինքից կուսակցության կվերածվի՞ ԵԼՔ-ը: Այս օրերին շատ են քննարկումներն առ այն, որ ԵԼՔ դաշինքը խորհրդարանում շատ կարճ կյանք կունենա և կարժանանա նախորդ դաշինքների ճակատագրին, այսինքն՝ կպառակտվի:

Մեր հուշագրում ամրագրել ենք, որ դիտարկում ենք մեկ կուսակցություն դառնալու հավանականությունը համատեղ արդյունավետ աշխատանքի պարագայում: Դեռևս շատ ժամանակ ունենք այս հարցին անդրադառնալու համար: Ես որևէ տեղ նման քննարկում չեմ տեսել ԵԼՔ դաշինքի պառակտման վերաբերյալ: Երեք կուսակցություններս էլ շահագրգռված ենք միասին աշխատելու և բոլոր հարցերում կոնսենսուս ձևավորելու շուրջ: ԵԼՔ դաշինքը ստեղծվել է գաղափարական հենքի վրա և այդ հենքի ամրությունն է արդյունավետ փոխգործակցության երաշխիքը:

Հիմա Ձեզ համար այս ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ ընդունելի՞ են: Տեսակետ կա, որ այս ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը պարտվեցին:

ԵԼՔ դաշինքը ընտրություններից առաջ խոստացել էր տեղամասում երաշխավորել ընտրական գործընթացների օրինականությունը և պահել յուրաքանչյուր քաղաքացու տված քվե: ԵԼՔ դաշինքը այդ գործը պատշաճ կերպով կատարեց, և մենք ընդհանուր առմամբ արձանագրեցինք այն քվեն, որը հասավ տեղամաս և ամփոփվեց տեղամասային արձանագրություններում: Ընդհանրապես ես կարծում եմ, որ ընտրություններում հաղթում կամ պարտվում է ժողովուրդը, ժողովրդավարությունը… Եվ այս, և նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելը պայմանավորված է հարկադրանքով կամ կաշառքով ստացված քվեներով: Չեմ կարծում, թե որևէ ՀՀԿ ներկայացուցիչ նման մեթոդներով ձայն կորզելը հաղթանակ է համարում:

Ձեզ համարո՞ւմ եք ինստիտուցիոնալ ընդդիմություն:

Ես կարող եմ բազմաթիվ դրական հատկանիշներով նկարագրել ԵԼՔ դաշինքի այս ամիսների գործունեությունը՝ ասելով, որ այն սկզբունքորեն տարբերվում էր նախորդներից: Սակայն այսօր դաշինքի յուրաքանչյուր անդամ մտածում է այն մասին, թե ինչ է պետք անել ուժերը ավելացնելու, տեղերում աշխատանքներ տանելու և նոր արդյունքներ գրանցելու համար: Այն մանդատները, որ մենք ստացանք Ազգային Ժողովում և Երևանի ավագանիում, մեզ համար չափազանց պարտավորեցնող են և մեծ պատասխանատվության չափ են ենթադրում: Պետք է բազմապատկենք այս արդյունքները: Մենք բազմաթիվ հետևություններ ենք արել այս ընտրությունների արդյունքներից: Եղել են և սխալներ, և բացթողումներ, բայց հենց դրանց առկայությունն է, որ մեզ ասում է՝ այս արդյունքները առավելագույնը չեն, ինչ կարող ենք ունենալ. և մնում է միայն արժևորելով կատարվածը՝ գնալ առաջ:

Ամենաընթերցվածը