Հայաստանը դառնում է ռուսական քաղաքականության մասը. Սա է վտանգը

    • Հարցազրույց - 06 Մայիսի 2017, 11:22
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը և նշել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու, այդ թվում նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ վտանգներ կան:

Մեկնաբանելու բան էլ չկա, եթե ռուսական ռազմաբազա է, և նման բան է հայտարարվում, Հայաստանն ուզած-չուզած ներգրավվում է Ռուսաստանի ռազմաքաղաքական նախագծերի մեջ: Հայաստանին հարցրե՞լ են՝ թույլ տալիս է, թե ոչ, չեն էլ հարցնելու: Շատ է խոսվել դրա մասին, որ ռուսական ռազմակայանը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. հիմնական վտանգը դա է, որ դու ստիպված մտնում ես ուրիշների պլանների մեջ: Ես չգիտեմ, թե հատկապես ինչու է նման բան հայտարարել, «ԻՊ»-ի դեմ պայքար ասելով ինչ նկատի ունեն, բայց սա ցայտուն օրինակ է, թե ինչպես է Հայաստանի տարածքը ներգրավվում ուրիշների պրոցեսների մեջ:

Այս հայտարարությունն անսպասելի՞ էր։ Ի՞նչ է այս անգամ պլանավորել Ռուսաստանը:

Ռուս-թուրքական նոր հարաբերություններ են ստեղծվում, ամեն օր մի բան են հայտարարում, բայց ըստ երևույթին փորձեր են արվում անվտանգության խնդրում նույնպես ինչ-որ նոր հարաբերություններ ստեղծել: Դա երևի հենց նույն քաղաքականության շրջանակներում արված մի հայտարարություն է, որովհետև պարզ չէ, թե ինչ է նշանակում պայքար «Իսլամական պետության» դեմ, և ինչ կապ ունի այդ պայքարը Հայաստանի տարածքում գտնվող ռազմաբազայի հետ: Այս հարցերի պատասխանները ոչ ոք չի տալիս:

Վերջին շրջանում 102-րդ ռազմաբազայի շուրջ շատ է աղմուկը: Ընդհանրապես, որքանո՞վ մենք ունենք այդ ռազմակայանի անհրաժեշտությունը, որքանո՞վ է այն երաշխավորում մեր անվտանգությունը:

Մարդիկ կան, որոնք ասում են՝ վայ, հենց ռուսները գնացին, Թուրքիան կմտնի, ու նրանց ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում: Հայաստանում, ցավոք, ոչ ոք չի ուզում քննարկել այն, թե ինչ անվտանգության համակարգ է ստեղծվում, ընդհանրապես ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցը, կոնկրետ պահին մեզնից անկախ ուրիշների պլաններին ներգրավվելու հարցը: Բայց իրականության մեջ այդ ամենը գոյություն ունի: Ռուսաստանը փաստացի ոչ թե իր բազան է ներգրավում, այլ Հայաստանն է ներգրավում «Իսլամական պետության» դեմ պայքարի մեջ: Կարծում եմ՝ Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչ են նշանակում ռուս-թուրքական հարաբերություններ, թե ինչպես են այդ քաղաքականության մեջ տուժում Հայաստանի շահերը:

Պուտինն օրերս Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնման փուլում են:

Իհարկե, այդպես է: Երբ թուրքերի հարաբերություններն Արևմուտքի հետ վատանում են, վազում են Ռուսաստանի մոտ: Հիմա մենք ականատեսն ենք նման մի վազքի:

Վերջերս կրկին խոսվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին: Ըստ էության՝ Ռուսաստանն ինչպես ուզում, այնպես էլ վարվո՞ւմ է Հայաստանի հետ:

Սա նրանց ավանդական մեթոդոլոգիան է: Հայաստանը Ռուսաստանի համար թուրքալեզու հարևանների հետ իր հարաբերությունները կարգավորելու գործիք է: Հիմա այդ կարգավորման համար ինչ պետք է, դա էլ անում է: Եթե պետք է՝ ուժեղացնում է Հայաստանին, պետք է՝ Հայաստանի շահերը վաճառում է Թուրքիային ու Ադրբեջանին: Տարբեր փուլերում տարբեր կերպ է վարվում, բայց տրամաբանությունը պարզ է՝ Հայաստանը գործիք է այդ հարաբերությունները կարգավորելու համար: Իհարկե, Հայաստանը շատ արժեքավոր գործիք է, և Ռուսաստանն այդ գործիքը ձեռքից չի թողնի և այդ տրամաբանության մեջ էլ գործում է: Օրինակ՝ Թուրքիան, Ադրբեջանը, նաև Ղազախստանն անընդհատ պահանջներ են ներկայացնում, ամեն կերպ փորձում են Ռուսաստանին պարտադրել, որ Հայաստանին այն աստիճանի ճնշի, որքան իրենք են ուզում, բայց բնական է, որ Ռուսաստանը երբեք դա չի անի: Չի անի, որովհետև Հայաստանն իր ձեռքին գործիք է, և նա այդ գործիքի դերը չի թուլացնի այնքան, որ արդյունավետությունը կորցնի: Խաղալիք ենք դառնում, սա է խնդիրը:

Վերջերս Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ում բոլոր պետությունները հավասար են՝ ի տարբերություն ԵՄ-ի: Որքանո՞վ է այս հայտարարությունը բխում Հայաստանի շահերից։

Դե, նա պաշտոնյա է, ասել են ասա՝ ասել է: Ի՞նքն  է որոշում: Եթե ինքը որոշեր, նման բան չէր հայտարարի: Բայց քանի դեռ մենք կապ ունենք մի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, կարելի է ենթադրել, թե ինչպիսին է թելադրանքի աստիճանը: Թելադրում են, ինքն էլ ասում է, սկզբունքայնություն չկա: Մենակ Տիգրան Սարգսյանը չի, բոլորն էլ նույնն են:

Եթե ամեն ինչ արտաքին քաղաքականության մեջ պայմանավորված է Ռուսաստանով, ներքաղաքական կյանքում զարգացումները, այդ թվում վերջին զարգացումները, նո՞ւյնպես պայմանավորված են հենց այդ գործոնով:

Հայաստանի ներքաղաքական կյանքում 10 տարուց ավելի է ոչ մի նոր բան չկա: Նույն մեխանիզմն է, Ծառուկյանի փուչիկ կուսակցության միջոցով 10 տարի վերահսկվում է  քաղաքական կյանքը: Նույն մոդելը առանց որևէ փոփոխության պահպանվում է: Ամեն ընտրությանը թարմացվում է, նոր մեթոդներ են կիրառում, բայց էությունը նույնն է: Այդ առումով, կարծում եմ՝ այստեղ որևէ բան Ռուսաստանին չի մտահոգում:

Իսկ այս մանդատների կռիվը, ինքնաբացարկներն ի՞նչ են նշանակում:

Մկների գզվռտոց է, ո՞ւմ է դա հետաքրքրում: Հանրությանը դա բացարձակ հետաքրքիր չէ, միայն պետք է նայեն, տեսնեն, թե ում հետ գործ ունեն, թե մանդատի համար ինչերի են պատրաստ: 10 տարի մենք տեսել ենք ժողովրդին լկտիորեն խաբելը, ուղղակի ընտրությունների ժամանակ ավելի ցայտուն է երևում, թե ինչ ուժերի հետ գործ ունենք: Հիմա բոլորը հասկացել են այս տխուր վիճակը:

Այսինքն՝ այս վիճակը կպահպանվի, որքան իշխանությանը հարկավոր լինի՞:

Որ այս վիճակը հասարակությունը գիտակցում է, արդեն բավական լավ է, պատրանքներից դուրս գալը շատ կարևոր է: Այս ընտրություններում երևաց, որ խաբված մարդիկ չկան, բայց թե դրանից հետո ինչ եզրակացություններ կանեն, ինչ հանրային ցանկություններ կառաջանան, կյանքը ցույց կտա:

Ամենաընթերցվածը