«Մենք համոզվեցինք, որ ժողովուրդը պատրաստ չէր»

    • Հարցազրույց - 21 Ապրիլի 2017, 11:23
Մեր  զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Նա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու

Պարոն Մելքոնյան, ի՞նչ որոշում ունի «Ազատամարտիկների դաշինքը»՝ կմնա՞ ՕՐՕ դաշինքի հետ, թե առանձին գործունեություն կծավալի։

Դեռ որևէ նորություն չկա։ Այս պահին մենք ազատամարտիկների հոգսերով ենք զբաղված, նրանց հոգսերով, ովքեր վիրավոր են, նրանց ընտանիքներով, ովքեր զոհվել են։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանում հետընտրական զարգացումներ չեղան։

Հետընտրական զարգացում կլինի միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի։ Եթե ժողովուրդն իր տանը պառկած, նստած, քնած է և գոհ է այս ամենից, մենք ի՞նչ կարող ենք անել, ժողովրդին ո՞վ կարող է ստիպել, ասել՝ գնա, ինչ-որ մի բան արա։ Բոլորն էլ գոհ են, երկրում արդեն առաջընթաց կա, ամեն ինչ լավ է, երկիրը ծաղկում է, նորմալ է, ամեն ինչ լավ է։

Հեգնում եք, բայց հանրությունը գնաց և ընտրակաշառք վերցրեց։ Ինչո՞ւ են վերցնում այդ գումարը, սոցիալական խնդի՞ր են լուծում, թե այլ քաղաքական ուժերի  մեջ էլ չեն տեսնում ելքը։

Դա ժողովրդին պետք է հարցնեք։ Ի՞նչ իմանամ ինչի են վերցրել, ամեն մեկը մի նպատակով վերցրել է։

Ամեն դեպքում, անակնկա՞լ էին Ձեզ համար ընտրության  արդյունքները։

Իհարկե անակնկալ էին։

Ակնկալում էիք, որ ՕՐՕ-ն կհաղթահարի՞ 7 տոկոսի շեմը և ներկայացված կլինի ԱԺ-ում։

Այո, ակնկալում էինք, որ ՕՐՕ-ն կհաղթահարի շեմը։

Ի՞նչ եք կարծում, հետընտրական այս անդորրը կարո՞ղ է ինչ որ պահի փոխվի, ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի։

Չեմ կարծում, ինչո՞ւ պետք է ֆորս մաժորային իրավիճակ լինի։ Եթե ժողովուրդը համաձայն է ստեղծված իրավիճակի հետ, ով ինչ կարող է անել և ասել։ Եթե ժողովուրդը գոհ է, ինչի՞ մասին է խոսքը։ Մենք սպասում էինք, որ ժողովուրդը նորմալ ձևով կարձագանքի այս ընտրություններին։ Արձագանքեց շատ լավ ձևով, գնաց ընտրություն արեց, իր պարտքը տվեց։ Մինչև ժողովուրդը ոտքի չկանգնի, ոչ ոք ոչինչ չի կարող անել։

Բայց չէ՞ որ նախկինում միշտ ժողովուրդը ոտքի է կանգնել։

Չգիտեմ, մենք համոզվեցինք, որ ժողովուրդը պատրաստ չէր։

Հիասթափվա՞ծ եք։

Չէ, ընդհակառակը, ուրախացել եմ, որ մենք շատ լավ ժողովուրդ ունենք։

Նախընտրական քարոզարշավին ժողովուրդը խոստումնե՞ր էր տվել։

Այսքան ժամանակ քարոզարաշվին չեմ տեսել մի ուժ, որ ասի՝ մենք չենք անցնի, կամ պարտվելու ենք։ Բոլորին ժողովուրդն ասում է այո, բայց վերջին պահին իր խոսքն է ասում, ոչ ոք չգիտի ինչ է ասելու։ Եթե մեկը չի ուզում ծախվի, ոչ ոք չի կարող իրեն առնի, եթե մտքին տեղ չկա ծախվելու։ Ինչի մասին է խոսքը։

Ամենաընթերցվածը