Հակառակորդը նկատել է՝ ինչ է կատարվում առաջնագծում

    • Հարցազրույց - 20 Ապրիլի 2017, 20:04
Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Բանակի հաշվին հաստացած գեներալների թվում նրա անունն էլ էիք նշում։ Հնարավո՞ր է՝ այս ճանապարհով իշխանությունը ազատվեց նրանից։

Կարծում եմ՝ իշխանությունն արդեն ազատվել է Խաչատուրովից, իսկ կառույցը, որի քարտուղար է նշանակվել Խաչատուրովը, անլուրջ կառույց է, չունի անգամ հնչեղություն։ Անլուրջ իմիջ ունեցող մարդուն անլուրջ կառույցում պաշտոն տալուն, չեմ կարծում, թե պետք է նշանակություն տանք։ Խաչատուրովը վերջապես դուրս մղվեց։ Նա միայն ապրիլի դեպքերի պատասխանատուն չէ, նա նաև ապրիլից հետո առաջացած հետևանքների ամենակարևոր պատասխանատուներից մեկն է։ Խաչատուրովը բանակաշինությամբ չի զբաղվել, պարզապես պաշտոն էր զբաղեցնում։ Իսկ Գլխավոր շտաբի պետը լուրջ պաշտոն է, և ակնհայտորեն նա այդ պաշտոնի մարդը չէր, չուներ պետական մտածելակերպ։ Դժբախտաբար, մեկ անգամ առնչվել եմ Խաչատուրովի հետ. 1994 թվականն էր, երբ պատերազմից հետո ես զբաղեցնում էի Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Պատկերացնո՞ւմ եք, նա արգելում էր, որ այն տարածքից, որտեղ ինքը կարճ ժամանակ եղել է հրամանատար, մարդիկ մեքենաներով շինափայտ տեղափոխեին։ Արգելում էր, ասում էր՝ պետք է այդ շինափայտը առգրավեք, որ ձմռանը  զինվորները վառեն։ Իհարկե, սրա համար ինքը համարժեք պատասխան ստացել է մեզնից, ես սպառնացել եմ, որ ինքը տարածքից ուղղակի շուտ հեռանա, բայց հարցը դա չէ, այլ այն, որ ինքը ոչ լուրջ և պետական մտածելակերպ չունեցող մարդ է։

Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի նախագահի երկու  թեկնածուների՝ Ֆիյոնի ու Լը Պենի կողմից առաջարկվող Արցախյան հակամարտության լուծման տարբերակները:

Նրանց գնահատականներով չի կարելի շատ ոգևորվել։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային,  դեռ Նապոլեոնի ժամանակներից այդ երկիրը միշտ պրոհայկական է եղել։ Մի քանի հարյուր տարիների կառավարությունները միշտ եղել են պրոհայկական։ Սա պատահական չէ։ Ֆրանսիան, Եվրոպայում լինելով առաջադեմ երկիր, լինելով ուժեղ պետություն և ունենալով ուժեղ ազգ, կարողանում է գնահատել մեկ այլ արժանի ժողովրդի, տվյալ դեպքում՝ հայ ժողովրդին։ Իսկ թե ինչ կասեն թեկնածուները, սա քարոզչական բնույթ է կրում։ Կարևորը հետևանքն է։ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է և միշտ կարողացել է իր օբյեկտիվությունը պահել՝ ի տարբերություն Ռուսաստանի։ Ռուսաստանը, լինելով համանախագահ երկիր, զինում է Ադրբեջանին, լինելով Հայաստանի ռազմավարական  ընկերը՝ թալանում է Հայաստանը։ Օրինակ՝ էլցանցերի, կապի, գազի, հանքավայրերի և Հայաստանի ներքին ընդերքին վերաբերող հարցերում։ Տեսնո՞ւմ եք՝ շատ մեծ տարբերություն կա այս երկրների վերաբերմունքների միջև: Եվ մենք  որպես հայ ժողովուրդ, պետք է գնահատենք և իմանանք՝ որ երկիրն ինչ վերաբերմունք ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Միշտ էլ դրական է եղել Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ եղել է օբյեկտիվ։

Պարոն Բադասյան, նշվում է, որ առաջնագծի պաշտպանությունն անճանաչելի է դարձել, «Վերբա» զենիթահրթիռային համալիր ենք ձեռք բերել։ Սա ի՞նչ է տալիս մեր պաշտպանությանն ու անվտանգությանը։

Նախորդ տարի համաձայնագիր կնքվեց, որ սահմանին տեղադրվեն խորքային տեսողական սարքավորումներ, որպեսզի տեսնեն և ապացուցեն, թե որ կողմն է առաջնագծին մոտեցնում ուժեր և որ կողմն է սկսում հրադադարի խախտումը։ Սա հայկական կողմին ձեռնտու էր, իսկ ադրբեջանական կողմին ձեռնտու չէր։ Սրա մասին է  խոսքը, և ոչ թե նրա, որ Հայաստանը ստանում է լրացուցիչ սպառազինություն։

Համոզված եմ, որ հակառակորդը նույնպես նկատում է՝ ինչեր են կատարվում մեր բանակում։ Իսկ կատարվել են ինժեներական աշխատանքներ, առաջնագծից հետո ստեղծվել է պաշտպանական երկրորդ, երրորդ գիծ։ Բավական ամրապնդվել են դիրքերը, բավական շատ ժամանակակից սարքավորումներ են տեղադրվել։ Մոտ երկու ամիս առաջ, երբ ուզում էին լայնածավալ գործողություն սկսել, հայկական կողմը կարողացավ սակրավորներին ոչնչացնել, և դրանով էլ ձախողվեց հակառակորդի գործողությունը։ Ահա այսպիսի հագեցած գործողություններ են կատարվել ապրիլի երկուսից հետո։ Սա այն էր, ինչը ժամանակին պետք է աներ Խաչատուրովը։

Մեկ այլ հարց էլ կա. ժողովրդի ուշադրության կենտրոնում չէին բանակում տեղի ունեցող երևույթները, այժմ մեր ժողովրդի ուշադրության կենտրոնում է։ Եվ արդարացիորեն բանակի հրամանատարությունը ինչ-որ տեղ նաև ոչ պաշտոնական, բայց ստացվում է այնպես, որ հաշվետու է ժողովրդին։ Կադրերի ցուցադրումը, թե ինչպես է հակառակորդին ոչնչացրել մեր կողմը, ինքնին հաշվետվություն է, որ ժողովուրդը հանգիստ լինի, համոզված լինի, որ առաջնագծում կան փոփոխություններ, եւ իրականում էլ կան:

Այսօր մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» թեմայով համաժողովը։ Ինչպե՞ս եք այն գնահատում։ Ազգ-բանակ կոնցեպտը որքանո՞վ է հնարավոր կյանքի կոչել։

Ազգ-բանակ կոնցեպտ ունեցել ենք հենց այն ժամանակ, երբ բանակը ձևավորվել է, բայց հետագայում Խաչատուրովի նման միջակությունները ստեղծել են խորհրդային բանակի մոդել։ Հիմա այս գործընթացը ճիշտ չի սկսվել, և որպեսզի ճիշտ սկսվի, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է դուրս շպրտի Մովսես Հակոբյանին, լիքը գեներալներ կան, որ դեռ շարունակում են իրենց բիզնես-կենտրոնները։ Արցախի բանակում նույնպես կան, օրինակ՝ հաց մատակարարող գեներալները պետք է դուրս մղվեն։ Սա արդեն Վիգեն Սարգսյանի գործն է, որ կարողանա որպես նախարար թույլ չտա, որ գեներալները կամ նրանց փոխկապակցված անձինք զբաղվեն բիզնեսով՝ եղբայր, քույր, որդի։ Պարզ է չէ՞, որ իրենցն է։

Գանք հազար դրամներին, մի կողմից շատ լավ է, որ այս գումարները հավաքում են, որ յուրաքանչյուր վիրավոր զինծառայող ունենա արժանապատիվ կյանք։ Սա ճիշտ է, բայց նախքան սա անելը, նախարարը պետք է կանխի բանակում թալանը, և նա կարող է դա անել։ Միգուցե առաջիկայում ունի թալանը կանխելու նման ծրագիր, բայց կանխելը քիչ է, պետք է նաև պատասխանատվության ենթարկի։ Օրինակ՝  ինչու քրեական գործ  չհարուցվեց և ինչու Մովսես Հակոբյանը քրեական պատասխանատվության չկանչվեց։

Այսինքն՝ մինչև քրեական պատասխաատվության չենթարկվեն չարաշահումների համար, անօգո՞ւտ  է նման գործընթացը։

Հանրությունը պետք է համոզված լինի, որ մեր բանակում արդեն չկա կոռուպցիա, թալան։ Ասում են օրինակներ բերեք, ես օրինակներ եմ բերել, աչքերն եմ մտցրել տեղի ունեցող գողությունները։ Բանակում ցանկացած ոլորտում կարող եմ թվել, թե ով ինչքան է գողանում, և եթե սա չվերացվի, ապա ազգ-բանակ համաժողով կլինի, թե ինչ կլինի, մարդիկ չեն հավատա։ Իսկ եթե իմ մատնանշածը լինի, ապա ժողովուրդը կհավատա։ Ռազմական ոստիկանությունն իր փաստացի գործողություններով ուղղակի քանդում է բանակը, քննչական կառույցն իր փաստացի գործողություններով, քրեական հետախուզությունը և հակահետախոսուզությունը՝ իր գործողություններով։ Վերջապես քանի՞ կառույց կարելի է դնել խեղճ սպայի և զինվորի գլխին։

Ապրիլյան այդ օրերին ես դեպք գիտեմ, որ մեր ձախողման պատճառը ռազմական ոստիկանության և քննչականի անօրեն գործողություններն են եղել։ Հրամանատարությունը դա գիտի և հետևություներ չի անում, հետևություն պետք է անեն նախարարը, նախարարությունը, պետք է առաջարկություն անեն, պետք է վերացնեն այդ կառույցները։ Եթե այդ կառույցները պահպանեն և համաժողովներ անեն, դա հարցի լուծում չէ. հարցը պետք է արմատական, գործնական ձևով լուծվի։ Երբ ասում եմ՝ ազգ-բանակ ստեղծել ենք, այն ժամանակ դա եկել է սրտի խորքից։ Դա եղել է այն, որ դասակը, վաշտը, գունդը, գումարտակը, հրամանատարները հերթ էին գցում հերթապահության համար, գնում էին տուն, իրենց գործերն էին տանն անում: Մարտական գործողությունները չեն տուժել նաև այն պատճառով, որ զինվորներն ազատ ժամանակ իրենց հողն են մշակել, կամ իրենց անասուններն են պահել, կամ փայտ են բերել տները, ժողովուրդն ամեն ինչ անում էր բանակի համար, և այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ օգտվում էին բանակից։ Նման բան չկար։ Այսօր սպան ծառայում է բանակում, և շատ լավ կլինի, եթե նա ապրի իր տան մոտ կամ որտեղ ծառայում է, այնտեղ տուն ունենա, բայց նման բան չկա։ Սպան հեռու է իր ընտանիքից, սպա է, բայց հո մահապարտ չէ՞։ Ես կողմնակից եմ, որ ոչ միայն ժողովների ձևով այն բարձրացվի, այլ պետք է պրակտիկ լինի։

Ամենաընթերցվածը