Գագիկ Ծառուկյանի հետ եղել է պայմանավորվածություն

    • Հարցազրույց - 20 Ապրիլի 2017, 09:45
Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, «Ծառուկյան» դաշինքն ինչո՞ւ է լռում, ովքե՞ր ներկայացված կլինեն ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունում։ Ձեր ճակատագիրն ինչպե՞ս է որոշվել։

Իմ ճակատագիրը, ինչպես միշտ, հայ մարդու ճակատագիր է՝ պարզ, հստակ, հիմա էլ արաղ եմ քաշում։ Բոլոր իմ ընկերներին ու լրագրողներին հրավիրում եմ համտեսի։

Դուք դեռ ընտրություններից առաջ մտահոգություն էիք հայտնում ռեյտինգային ընտրակարգի հետ կապված։ Ընտրություններն ապացուցեցին, որ իսկապես մտահոգվելու տեղ կա՞ր։

Մի քանի ամիս առաջ, երբ քննարկում էինք ընտրական օրենսգիրքը, և ես բարձրաձայնում էի օրենսգրքի բացերը, ես չստացա համապատասխան աջակցություն, որպեսզի նման օրենսգիրք չունենանք, արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։

Սակայն ձեր խմբակցությունը նույնպես կողմ էր այս ընտրական օրենսգրքին, նույնիսկ ստորագրեց իշխանությունների հետ համաձայնագիրը, որը Լևոն Զուրաբյանը պատմական անվանեց։

Խմբակցությունը կուսակցություն չէ։ Ծառուկյանի բացակայության ժամանակ խմբակցությունը տարբեր կուսակցություններից և անկուսակցական անձերից է բաղկացած, որն ամեն մեկն իր շահն է հետապնդում։ Այն չէր ներկայացնում ԲՀԿ-ն։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ունեցել որոշում Ընտրական օրենսգրքի պաշտպանության հարցում։

Ինչպե՞ս եք գնահատում ձեր ստացած քվեները, ձեր սպասածից ավելի վա՞տ էր։ Ի՞նչ եք անելու այսուհետ։

Ընտրությունների արդյունքները գնահատում եմ թաց, որովհետև դրանք լինելու են թաց և չոր։ Իսկ ես անելու եմ այն, ինչ արել եմ մինչ այսօր։ Շարունակելու եմ ապրել։ Կյանքը շարունակվում է, ճակատիս էլ գրված չէ, որ իմ ամբողջ կյանքը պատգամավոր լինեի և այդ լուծը քաշեի։

Գագիկ Ծառուկյանից այս մասով որևէ առաջարկ չե՞ք ստացել՝ հաշվի առնելով, որ շատերը պնդում են, որ պատգամավորի մանդատների բաշխման հարցում ԲՀԿ առաջնորդը միանձնյա է որոշումներ կայացնում։

Որ Ծառուկյանը պետք է որոշի, դա միանշանակ է, դրա իրավունքը նա ունի։ Եղել է ջենթլմենական պայմանավորվածություն, որի մասին ես ասել եմ։ Ես համարում եմ, որ բարոյական չի լինի հիմա բան ասելը՝ ոնց կորոշի, այնպես էլ կլինի։ Չեմ կարծում, որ ապրած կյանքի փոփոխության հետ կապված որևէ արժեք ունի մանդատի գինը։ Ոնց ապրել ենք, այնպես էլ կապրենք, ոնց գնահատեն, այդպես էլ ճիշտ է։

Ամեն դեպքում, դուք սպասո՞ւմ էիք այսպիսի արդյունք, թե կարծում էիք, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ ձայն կհավաքի։ Ձեր կարծիքով, ԲՀԿ-ից կա՞ր հիասթափություն, որը խանգարեց ձեզ ավելի շատ ձայն ստանալ։

Ոչ, չեմ կարծում, թե կար հիասթափություն։ Ծառուկյանի վարկանիշն ամենաբարձրն էր և մնում է ամենաբարձրը, հետևաբար, դա միայն դրական կարող էր անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա։ Բայց ունեցանք այնպիսի ընտրություններ, ինչպիսին ունեցանք, որի մասին խոսելու ցանկություն պարզապես չունեմ։

Հատկապես Ձեր մարզում բավական ինտրիգային անցավ նախընտրական քարոզարշավը։

Իհարկե, գիշերվա ժամը 4-ից հետո 50-ից ավելի տեղամասերից գրեթե ոչ մի ձայն չստացա։ Սա Ընտրական օրենսգրքի առանձնահատկություններից մեկն էր, երբ երրորդ տեղում ընթացող թեկնածուն առավոտյան ժամը 11-ին շրջանցեց ինձ։

Այսինքն՝ սա ընտրական օրենսգրքի բա՞ցն է։

Սա Ընտրական օրենսգրքի բացը չէ, սա Ընտրական օրենսգրքի ծուղակն էր, որն աշխատեց ամբողջությամբ։

Մամուլը գրում է, որ ԲՀԿ-ում անորոշ վիճակ է, ոչ ոք չգիտի՝ ինքը կհայտնվի՞ ԱԺ-ում, թե ոչ։ Այդ անորոշությունը պահպանվո՞ւմ է և ե՞րբ կավարտվի։

Ոչ մի անորոշություն չկա, եթե մենք պահպանենք այն համաձայնությունը, որն ունեցել ենք նախքան ընտրական գործընթացի մեջ մտնելը։ Ընտրական գործընթացի մեջ մտնելուց առաջ եղել է համաձայնություն, որ մի շարք չափորոշիչներով պետք է ընտրվեն խորհրդարան անցնողները։ Մենք դրանով պարզապես լրացրել ենք «չընտրական» օրենսգրքի որոշ բացեր, որով հնարավորություն էր տրվում, որ եթե որևէ ընտրական տարածքում մի քանի հոգի են առաջադրվել, միայն իրենց ընտանիքի անդամների ձայնը բավարար էր խորհրդարան անցնելու համար։ Նման հնարավորություն այս Ընտրական օրենսգիրքը տալիս է, որ կարող էր անցնել այն անձը, որի ընտանիքի անդամների թիվը մյուսի ընտանիքի անդամների թվից 1-2-ով ավել էին։ Կարծում եմ՝ ժողովրդի քվեն պետք է գնահատվի մի քանի չափորոշիչներով, որի կողմնակիցն է նաև Ծառուկյանը։

Կարծում եք՝ Ծառուկյան դաշինքը ԱԺ-ում պրոֆեսիոնալների թիմ կներկայացնի՞։

Կարծում եմ՝ Ծառուկյանը նման մտադրություն ունի՝ խորհրդարան տանել պարզապես պրոֆեսիոնալների և բարեհաճ դեմքերի, ովքեր ապականված չեն, կաշառակերներ չեն եղել, մաքուր են մնացել և ովքեր աշխատել գիտեն։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ չեղան հետընտրական զարգացումներ։ Բոլորը գո՞հ էին ընտրությունների արդյունքներից։

Բավական փող էր ընկել ժողովրդի ձեռքը, առայժմ ծախսում են։ Երբ ավարտվի, այն ժամանակ էլ կվերլուծեն, թե ինչ պատահեց։

Ընտրակաշառքի 10 հազար դրամն այդքան մեծ գումա՞ր է։

Իհարկե, չեղած տեղը բավական մեծ գումար է։ Երբ այդ գումարը վերջանա, նոր մարդիկ կսկսեն մտածել, թե այս ինչ պատահեց, էս ինչ արեցինք և հիմա ինչ ենք անելու։

Ամենաընթերցվածը