Այս հանդարտ վիճակը խաբուսիկ է և չի կարող տեւական լինել

    • Հարցազրույց - 19 Ապրիլի 2017, 18:35
Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը

Պարոն Ենիգոմշյան, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են։ Դարձյալ որևէ քաղաքական ուժի չե՞ք աջակցում, թե հնարավոր է աջակցեք Զարուհի Փոստանջյանին։

Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված, ինչպես ցանկացած ընտրություններին, մեր քաղաքական դիրքորոշումը չենք փոխել և չենք փոխում։ Այդ առումով փոփոխություն չկա։ Իհարկե, Զարուհու հետ երկար ժամանակ մենք համագործակցել ենք և գնահատում ենք, հարգում ենք իրեն։ Բայց ուղիղ ընտրությունների առումով ընդհանրապես չմասնակցելու և այս ընտրություններին հավատ չընծայելու դիրքորոշումից փոփոխություն չենք գրանցել։

Հետընտրական անդորրն ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք այս անդորրը հնարավոր է շատ արագ ֆորս-մաժորի վերածվի։ Գարեգին Չուգասզյանը օրերս ասել է, որ քաղաքացիական ընդվզումը Հայաստանում կարող է ծագել ամենաանսպասելի առիթներով և անկախ ընտրությունների առկայությունից։ Դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք։

Ֆորս-մաժորային զարգացումներ կարող են որոշակի դեպքերի հետ կապված լինել՝ և՛ տարածաշրջանի, և Արցախի խնդրի հետ կապված, և՛ ուղղակի ներքին այնպիսի իրավիճակի փոփոխություն, սրում, ճգնաժամի սրացում լինի։ Եվ չպետք է այս բոլորից որևէ մեկը բացառել, բայց պետք է պատրաստվել միաժամանակ և նման ֆորս-մաժորային իրավիճակների, և այնպիսի իրավիճակի, որ եթե կարճ ժամանակահատվածում ֆորս-մաժոր տեղի չի ունենում, այնուամենայնիվ, քաղաքական պայքարը  ոչ այդքան շատ արագ հունով ևս շարունակվի։

Այսինքն՝ ոչ միայն խոսքերի մակարդակում, այլ գործողություններ նույնպես կլինե՞ն։ Պայքարի բոլոր մեթողները կկիրառվե՞ն։

Իհարկե պայքարի բոլոր մեթոդները կկիրառվեն։ Հիմա մենք գործ ունենք հետընտրական նոր փուլի հետ, արդեն քաղաքական հաշվարկներ անելիս ընտրությունների ստվերը չկա։ 2016-ի ուշ աշունից մինչև այս տարի ապրիլ ընտրություններ կոչվածի ստվերն էր, հիմա այդ ստվերն այլևս չկա, և առանց այդ ստվերի՝ պայքարի բոլոր ձևերն իրենց տեղն ունեն։

Պարոն Ենիգոմշյան, հետընտրական դադարից հետո քաղաքական ուժերը, մասնավորապես ՕՐՕ-ն, չեն հայտարարել իր հետագա քայլերի մասին։ Հնարավո՞ր է՝ նրանց հետ պայքարեք դրսում։

Ճիշտն ասած, այս պահին ես ՕՐՕ դաշինքի ծրագրի մասին տեղեկություններ չունեմ և այդ պատճառով չեմ կարող որևէ բան ասել, բայց մեր պայքարը պայմանավորված չէ այլ ուժերով։ Դա չի նշանակում, որ այլ ուժերի հետ համագործակցություն չի կարող տեղի ունենալ։ Բոլոր դեպքերում, համագործակցությունը եթե լինի ՕՐՕ-ի կամ ցանկացած այլ ուժի հետ, դա պետք է լինի ոչ թե պարզապես մեկ-երկու ուժի հետ համագործակցելու սկզբունքով, այլ օրակարգի, սկզբունքների և ծրագրի և մարտավարության հիմքերի վրա։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ  հետընտրական զարգացումներ չեղան։

Նախ այս ընտրությունների ենթատեքստը մի քիչ տարբեր էր։ Մարդկանց հոգեբանության մեջ պատգամավորական ընտրությունները միշտ էլ տարբեր են եղել, նախագահականը՝ տարբեր։ Եվ այն ուժերը, որոնք մասնակցում էին, բավարար պատրաստություն չէին տեսել նախապատրաստվելու հետընտրական պրոցեսներին։ Բացի այդ, ընդհանուր հոգեբանական մթնոլորտը, որ տիրում է երկրից ներս, այս բոլորը, կարծում եմ, իրենց անելիքն արեցին։ Բայց երկրում առկա թե ներքին, թե արտաքին խնդիրներն այնքան շատ են, որ այս հանդարտ վիճակը պարզապես խաբուսիկ է, և չի կարող տևական լինել։

Կարո՞ղ են ներքևից պարտադրվել այդ փոփոխությունները։

Իրական փոփոխությունները միշտ էլ ներքևից պետք է լինեն։ Եթե ներքևից պարտադրված չեղան այդ փոփոխությունները, կլինեն ձևական փոփոխություններ, ինչպես անցած 25 տարիների ընթացքում է  եղել մի քանի անգամ, և մենք դրա ականատեսն ենք։ Այսինքն՝ եթե քաղաքական ուժերի կամ երիտասարդ ուժերի հակասությունների արդյունքում լինեն այդ փոփոխությունները, դրանք էական բան չեն փոխի, և միակ իսկական փոփոխությունը անհրաժեշտ է, որ ներքևից լինի, իհարկե քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությամբ։

Ամենաընթերցվածը