Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ տվյալներ չունենք. Հրաչյա Պետրոսյան

    • Հարցազրույց - 18 Ապրիլի 2017, 17:55
Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ

Պարոն Պետրոսյան, հերթական երկրաշարժն է գրանցվել Հայաստանում: Ընդհանրապես վերջին շրջանում պարբերաբար թույլ ցնցումների մասին տեղեկություններ ենք ստանում, ինչպիսի՞ն է սեյսմիկ իրավիճակը:

Սեյսմիկ թույլ ցնցումներ են գրանցվել վերջին շրջանում՝ էպիկենտրոնում մինչև 3 բալ ուժգնությամբ: Սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը նվազել է, ընդամենը 2-3 թույլ ցնցում է եղել վերջին շրջանում, էպիկենտրոնի հարևան գյուղերում մի քանի հոգի զգացել են: Այնպես որ, ավելի շուտ կարելի է խոսել սեյսմիկ ակտվիվության նվազման մասին:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված թույլ ցնցումների կրկնությունը, եղանակի փոփոխությա՞մբ, թե այլ գործոնով:

Եղանակով պայմանավորված չէ, ուղղակի սեյսմիկ ակտիվությունը պարբերաբար մեծանում ու նվազում է: Դրանց մի մասը բնակչությունն ընդհանրապես չի զգում, միայն մեր կայաններն են ֆիքսում, մի մասը առանձին գյուղերում ու քաղաքներում առանձին մարդիկ զգում են: Սեյսմիկ ռեժիմի փոփոխությունը նորմալ երևույթ է: Իրականում ավելի շատ երկրաշարժեր են լինում, քան զգում է մեր ժողովուրդը, դրանք բոլորը մեր կայանները գրանցում են:

Ամսական քանի՞ նման ցնցում է գրանցվում, որոնք մարդիկ չեն զգում, բայց ձեր կայանները գրանցում են:

Ամսական երևի 3-4 ցնցում լինում է:

Իսկ կա՞ շրջան, որտեղ հաճախակի են կրկնվում այդ ցնցումները:

Հայաստանում կան մի շարք վայրեր, որտեղ կան երկրաշարժի հայտնի օջախներ: Այդ օջախներում համեմատաբար ավելի շատ են լինում ցնցումները: Մենք այդ օջախները գիտենք: Օրինակ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում կա Ջավախքի ընդարձակման գոտի, որը բնորոշ է նրանով, որ այդտեղ լինում են շատ երկրաշարժեր՝ թույլ կամ միջին ուժգնության: Եթե սեյսմիկ իրադարձությունների տարեկան քարտեզը նայենք, միանգամից աչքի է ընկնում, որ այնտեղ շատ են ցնցումները ու խիտ: Դա բնորոշ է այդ տեղանքին, բայց լինում են թույլ ու միջին ուժգնության, ուժեղ երկրաշարժեր չեն գրանցվում: Մեր տարածքը երկրաբանական կառուցվածքի առումով հեռու է համասեռ լինելուց, ինչպես և մեր հարևան սեյսմաակտիվ տարածքներ ունեցող երկրները:

Հասարակությանը պարբերաբար հուզող հարցը հետևյալն է՝ ուժգին երկրաշարժի ռիսկ կա՞, թե ոչ:

Այսօր մենք չունենք տվյալներ, որոնք վկայում են ուժեղ երկրաշարժի նախապատրաստման մասին: Ձեր հարցին պատասխանելու համար մենք պետք է հիմնվենք մեր սեյսմիկ կայանների և ազգային սեյսմիկ մոնիթորինգի բազմապարամետրային դիտացանցի տվյալների վրա: Եթե որևէ մեկը օդի մեջ հանպատրաստից ասում է՝ այո կամ ոչ, նրան պետք է հարցնել՝ իսկ ի՞նչ հիմք ունես ասելու՝ այո կամ ոչ: Մենք հիմնվում ենք ազգային դիտացանցի տվյալների վրա, ունենք 153 միավոր սարք, որոնք տեղակայված են Հայաստանի և Արցախի տարածքում: Մենք չափում ենք երկրակեղևի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունները և դրա հիման վրա փորձում ենք ստանալ այդ հարցի պատասխանը:

Եկեք խոսենք վտանգի մասին, որովհետև երկրաշարժի ռիսկը մի քիչ ուրիշ հարց է: Այսօր մենք չունենք հիմք ասելու, որ մեր տարածքում նախապատրաստվում է ուժեղ երկրաշարժ: Սրանից բացի ինչ էլ ասեն, կլինի օդի մեջ արված հայտարարություն:

Ամենաընթերցվածը