Չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ կարող ասել... Երեւանի տրանսպորտի վարչության պետը տրանսպորտի ցանցի բարեփոխման մասին

    • Հարցազրույց - 18 Ապրիլի 2017, 13:51
Երևանում հասարարական տրանսպորտի վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը մի քանի հարց է ուղղել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:

Պարոն Նավասարդյան, ե՞րբ ի վերջո կտեսնենք տրանսպորտի համակարգի բարեփոխումը, ինչի մասին մի քանի ամիս է՝ խոսում են քաղաքապետարանի պաշտոնյաները:

Առայժմ քննարկման փուլում է, կան փորձագետներ, որոնք ուսումնասիրում են իրավիճակը, դրա ավարտը կլինի հունիս ամսվա ընթացքում: Այսինքն՝ հիմա աշխատանքներ են տարվում, երբ որ դրանք կավարտվեն, մինչև հունիսի վերջը քննարկումներն ավարտված կլինեն, հետո հարցը կդրվի հանրային քննարկման:

Իսկ կոնկրետ գործողություններ ե՞րբ ակնկալենք:

Ես չեմ կարող ասել, որովհետև դրանով փորձագետներն են զբաղված, ես տեղյակ չեմ:

Այսինքն՝ հստակություն չկա՞, թե կոնկրետ երբվանից հնարավոր կլինի տեսնել գործնական աշխատանքներ:

Հստակությունն այն է, որ հիմա աշխատանքներ են տարվում:

Կմանրամասնե՞ք, թե ինչ է ենթադրում բարեփոխումը:

Դա ենթադրում է նոր երթուղային ցանցի ստեղծում, որտեղ հիմնականում նախատեսվում են ավտոբուսային երթուղիներ, լինելու է ավտոբուսների ներկրում: Իսկ հետագայում՝ երթուղային ցանցը հաստատվելուց ու հավանություն ստանալուց հետո նաև տոմսային համակարգի և աշխատանքների վերահսկման ու կազմակերպման հարցերը կքննարկվեն:

Միկրոավտոբուսներ ընդհանրապես չե՞ն լինելու Երևանում:

Ըստ նախատեսվածի՝ չպետք է լինեն: Մնացածն ուսումնասիրության արդյունքում պարզ կլինի: Կարող է հատվածներ լինեն, որ ավտոբուսները չկարողանան սպասարկել: Բայց ծրագրով նախատեսված է, որ հիմնականում պետք է լինեն ավտոբուսային երթուղիներ:

Ասում են՝ մեծ գումարների հետ է կապված այդ ծրագրի կյանքի կոչումը: Որքա՞ն կարժենա ընդհանուր բարեփոխումը:

Ես չեմ կարող այսօրվա վիճակով ասել այդ գումարների չափերը, որովհետև ինքս չեմ զբաղվում ու չեմ տիրապետում:

Իսկ աշխատանքների ավարտի համար վերջնաժամկետ կա՞: Ե՞րբ կարող են երևանիցներն ականտես լինել ձեր բարեփոխմանը:

Ասացի՝ հունիս ամսի վերջին երթուղային ցանցը պետք է արդեն ավարտված լինի:

Իսկ ե՞րբ արդեն կտեսնենք բարեփոխված երթուղային ցանցով Երևան, որտեղ միկրոավտոբուս չի լինի, գերբեռնված տրանսպորտ չի լինի:

Հարցը նախ պետք է քննարկվի, տեսնենք հավանություն կստանա, թե չէ, որից հետո հաջորդ քայլի մասին կխոսենք:

Դուք և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ մի քանի օր երթևեկեցիք հասարարական տրանսպորտով, ի՞նչ զգացողություն ունեցաք:

Մենք միշտ էլ ասել ենք, մինչև շրջելն էլ ասել ենք, որ մենք խնդիրներ ունենք, չլուծված հարցեր ունենք, եղածով աշխատում ենք փորձել բարելավել սպասարկման վիճակը, մինչև կտեսնենք, թե վերջնական ինչ լուծում կստանա:

Նախորդ հինգ տարիներին ինչո՞ւ քաղաքային այս իշխանությունը չլուծեց այդ հարցը:

Ես հիմա ոչինչ չեմ կարող ձեզ ասել:

Ամենաընթերցվածը