Իրանի ակնարկն ուղղված էր Թուրքիային և Ռուսաստանին, որոնց դրդմամբ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել

    • Հարցազրույց - 18 Ապրիլի 2017, 13:38
Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

Թեհրանում, ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին, Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը հայտարարել է. «Հուսով եմ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն եւ երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա»: Ինչ է ակնարկում Իրանը այս հայտարարությամբ և ո՞րն է նպատակը:

Հայտարարության նպատակը շատ պարզ է. Իրանը այս տարածաշրջանում, ի տարբերություն տարածաշրջանային այլ երկրների, կայունացնող գործոն է և իսկապես չի ուզում պատերազմ իր հյուսիսային սահմանների մոտ: Դա պարզորոշ երևաց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Իրանի նախագահ Ռոուհանին անձամբ զանգահարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և հորդորեց կանգնեցնել պատերազմը ու խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Իրանում շատ լավ են հասկանում, որ Ադրբեջանը այլ երկրների դրդմամբ կարող է նոր պատերազմ հրահրել, որը չի բխում Թեհրանի շահերից: Հավանաբար այդ ակնարկն ուղղված էր Թուրքիային և Ռուսաստանին, որոնց ուղղակի կամ անուղղակի դրդմամբ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել Հայաստանի դեմ:

Իրանը փորձում է դերակատարում ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: Որքանո՞վ կհաջողի:

Չեմ կարծում, թե դա Իրանի համար գերնպատակ է: Այո, մեր հարավային հարևանը մի քանի անգամ ցանկություն է հայտնել լինել միջնորդ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն, իմ խորին համոզմամբ, դա ընդամենը քաղաքական ժեստ է, և դրանով Թեհրանը ցույց է տալիս, որ Հայաստանը և Ադրբեջանը իր համար բարեկամ երկրներ են, և ինքը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Մյուս կողմից, Իրանում շատ լավ են հասկանում, որ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ լեգիտիմ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ այդ ձևաչափի փոփոխություն նախատեսված չէ: Իրանն ինքը կասկածի տակ չի  դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լեգիտիմությունը և պատահական չէ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այդ երկրի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆը հակամարտող կողմերին կոչ արեց խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Մայիսի 19-ին Իրանում նախագահական ընտրություններ են: Մասնակցության հայտ է ներկայացրել այժմ գյուղատնտեսությամբ զբաղվող նախկին նախագահ Ահմադինեժադը: Հայաստանի շահերից ո՞ր թեկնածուի ընտրվելն է շահեկան՝ Ռոուհանիի, թե՞...

Հայաստանի շահերից միանշանակ բխում է, որ նախագահ վերընտրվի Ռոուհանին, որի կառավարման ժամանակ Վիեննայում կնքվեց դարի համաձայնագիր անունը ստացած միջուկային պայմանագիրը և տարածաշրջանում թուլացավ լարվածությունը: Հայաստանին ձեռնտու է տեսնել կայուն և կանխատեսելի Իրան, իսկ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին Իրանի և Արևմուտքի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին և նույնիսկ իրական վտանգ ստեղծվեց, որ ԱՄՆ-ը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Հենց Ահմադինեժադի օրոք Արևմուտքը բավական խիստ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որի հետևանքով այդ երկրի տնտեսությունը կաթվածահար էր եղել, ինֆիլյացիան ռեկորդային չափերի հասավ և այլն: Ճիշտ է, Ահմադինեժադի օրոք բավական բարձր մակարդակի վրա էին հայ-իրանական հարաբերությունները և մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին (օրինակ, Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը), խիստ սրված էին իրանա-ադրբեջանական հարաբերությունները, այնուամենայնիվ մեզ պետք է կայուն և Արևմուտքի հետ քիչ հակասություններ ունեցող Իրան: Շատ հավանական է նաև, որ Սահմանադրության Պահապանների խորհուրդը ընդհանրապես չհաստատի Ահմադինեժադի թեկնածությունը, և նա չմասնակցի նախագահական ընտրություններին:

Եթե Ռոուհանին չընտրվի, հնարավո՞ր է ԱՄՆ -Իրան հարաբերությունները սրվեն, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:

Ռոուհանին Իրանի նախագահի ընտրությանը մասնակցող հայտնի թեկնածուներից միակ չափավոր բարեփոխիչ թեկնածուն է: Եթե նա չընտրվի Իրանի նախագահ, այլ ընտրվի պահպանողական թեկնածուներից մեկը, ապա շատ մեծ հավանականությամբ կրկին մեծ լարվածություն կառաջանա Իրանի և Արևմուտքի միջև հարաբերություններում: Իրանի նախագահի պաշտոնում Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակցի ընտրվելը կրկին կբերի Իրանի միջազգային մեկուսացմանն ու նրա նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն:

Ամենաընթերցվածը