Հանրաքվեի արդյունքն Էրդողանի համար անսպասելի էր. Թուրքիան մեծագույն խնդիրների առաջ

    • Հարցազրույց - 18 Ապրիլի 2017, 11:14
Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի շուրջ զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ

Պարոն Մելքոնյան, ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում։ Թուրքիան ավելի՞ է ամրապնդում իր տոտալիտար կեցվածքը և արդյոք սպասելի՞ էին հանրաքվեի նման արդյունքներ՝ հաշվի առնելով, որ «ոչ»-ի կողմնակիցները ևս շատ մեծ տոկոս են կազմել։

Իհարկե, հաշվի առնելով վերջին զարգացումները, նաև վերջին ամիսներին բռնությունների աճը, սպասվում էր, որ կլինի «այո»-ի ավելի բարձր ցուցանիշ, քանի որ երկրում հաստատվել է տոտալ վախի մթնոլորտ, ձերբակալված են հազարավոր քաղաքացիներ, զինվորականներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Ըստ էության՝ ընդդիմադիր լրատվամիջոցների մեծ մասը փակ է կամ գտնվում է վերահսկողության ներքո: Վերջին շաբաթների ընթացքում Էրդողանն էլ ավելի է խստացրել իր բռնապետական մղումները և կասկածի մթնոլորտը, ինչպիսին ձևավորվել էր Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ, եւ այն ներկայում մի փոքր այլափոխված տարածված է Թուրքիայում։ Այս ամենը միտված էր ապահովելու «այո»-ի ավելի բարձր քվեներ։ Նաև պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ սահմանադրական փոփոխություններին աջակցություն էր հայտնել ահաբեկչական «Գորշ գայլերի» քաղաքական թևը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը խորհրդարանում թվով երրորդ ուժն է։

Փաստորեն ստացվում է, որ իշխող ուժը, որը խորհրդարանական ընտրություններում ստացել էր 50 տոկոսից ավելի, և «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը վերջին ընտրություններին ստացել էր մոտ 16 տոկոս ձայն, իրենց աջակցությունն էին հայտնել այդ փոփոխություններին։ Այսինքն, տեսականորեն, նրանք ունեին 65 տոկոսի ակնկալիք՝ հենվելով իրենց ընտրազանգվածի վրա, բայց արդյունքները նաև իրենց տեսանկյունից մի փոքր անսպասելի էին, քանի որ թուրք քաղաքական վերլուծաբանների հետ իմ բոլոր զրույցների ժամանակ մոտավորապես խոսվում էր 60 տոկոսի շեմին հասնելու ակնկալիքի մասին, բայց տեղի ունեցավ այլ զարգացում։

Այնուամենայնիվ, այդ փոփոխություններն անցան։

Իհարկե, մեկ այլ խոսակցության թեմա է, թե ինչպես տեղի ունեցավ հանրաքվեն, քանի որ արձանագրվեցին բացահայտ և ոչ այդքան խախտումներ։ Մասնավորապես, բաց քվեարկությունները, վարչական ռեսուրսի կիրառումը, հենց հանրաքվեի ժամանակ բացահայտ քարոզները, ուղղորդումները կրում էին տոտալ բնույթ։ Այստեղ կար նաև մի հետաքրքիր հանգամանք. Ընտրական հանձնաժողովը համարեց, որ չկնքված քվեաթերթիկները նույնպես պետք է հաշվել։ Եվ չնայած այդ ամբողջ ռեսուրսների կիրառմանը, վախին ու կասկածի մթնոլորտին, արդյունքները նվազագույնն էին։

Կարող ենք նաև արձանագրել, որ այն ընտրազանգվածը, որ ձայն է տալիս Էրդողանին և ազգայնականներին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս փոփոխությունների ժամանակ ոչ բոլորը համախմբվեցին այդ գաղափարի շուրջ, դրա համար քվեների նվազում տեղի ունեցավ։ Երկրորդ հանգամանքը, որը, կարծում եմ՝ թելադրելու է քաղաքական հետագա զարգացումները, այն է, որ թուրքական հասարակությունը ծայրաստիճան բևեռացվեց, անջրպետները շատ խորքային դարձան, և հասարակությունը գտնվում է պառակտված վիճակում, ըստ որում գրեթե կես-կես՝ 51/49 հրաբերակցությամբ։ Այդ տարաձայնությունները և խնդիրները վերաբերում են մի քանի ոլորտների, որոնց մեջ ամենակարևորը գաղափարականն է և հետագա Թուրքիայի տեսլականը։ Բայց կարող ենք փաստել, որ մենք այսօրվանից ունենք մի հարևան, որը սահմանադրորեն, այսինքն իրավական օրենքներով էլ ավելի բռնապետական դարձավ, էլ ավելի անձի իշխանությունը շեշտվեց, և Էրդողանն օժտվեց միապետի, սուլթանի իրավունքներով։ Կարող ենք համեմատություն անցկացնել, որ վերջին անգամ Թուրքիայի ղեկավարը նման լայն լիազորություններ ունեցել է  միայն սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ։ Դրանից հետո ոչ մի թուրք ղեկավար օրենքով նման լայն լիազորություններ չի ունեցել։

Սա կհնգեցնի՞ բախումների ու ներքին լարվածության Թուրքիայում։

Հիմա Թուրքիայում վախի մթնոլորտն էլ ավելի է խորանում, և ամենակարևոր՝ տեսանելի քաղաքական մեսիջն այն էր, որ Էրդողանը հանրաքվեից անմիջապես հետո իր առաջին ելույթում ասաց, որ պատրաստ է վերականգնել մահապատիժը։ Այսինքն, սա մի սահմանադրական փոփոխություն է, որի ամենակարևոր ձեռքբերումն, ըստ Էրդողանի, այն է, որ հնարաորություն է տալիս վերականգնել մահապատիժը։ Սրանով շատ բան է ասվում։ Սա նաև որոշակի պառնալիք էր այն քաղաքական ուժերին ու շրջանակներին, որոնք կցանկանան հետընտրական գործընթացներ իրականացնել։ Բայց այն, որ հասարակության մեջ լարվածությունը, փոխադարձ թշնամանքը խորանում է և ըստ էության հասնում գագաթնակետին, ակնհայտ է։

Դժվար է ասել՝ դրանք կհանգեցնե՞ն լայնածավալ բախումների, թե ոչ, բայց այն, որ լարվածության էսկալացիա միանշանակ կլինի, դա փաստ է։ Ուղղակի պետք է նաև նկատել, որ Էրդողանը երևի թե հաշվարկել է բոլոր հնարավոր քայլերը և տարիների ընթացքում, հետևողականորեն ստեղծել է այն հարմար միջավայրը, որը նրան թույլ կտար իրականացնել այս փոփոխությունները։ Նրա ամենակարևոր թիրախն այն է, որ նա, ըստ էության, լիկվիդացրեց բանակը որպես քաղաքական գործոն։ Եթե նախկինում թուրքական բանակը նման իրավիճակներում կլիներ դրության միակ տերը և միակ թելադրողը, ապա հիմա, ըստ էության, մեկուսացված վիճակում է և որևէ քայլ չի կարող անել։ Հետևաբար, Էրդողանն էլ ավելի ազատ է իր քաղաքական նպատակներն առաջ տանելու հարցում։

Բայց նաև չեմ կարծում, որ ամեն գնով այս փոփոխություններն անցկացնելը միայն դրականը կարող է բերել Թուրքիային։ Սա, ի վերջո, երկիրը տեղափոխում է լիովին այլ հարթություն. միջազգային հարթակում քիչ թե շատ իր տեղը զբաղեցրած Թուրքիան գնում է դեպի բռնապետական երկրների շարք, մերձավորարևելյան միապետությունների շարքն է տեղափոխվում, որը տարբեր հետևանքներ է ունենալու։ Նաև անսահմանափակ լիազորություններ տալով երկրի նախագահին, վերջիվերջո ծագելու է նաև ժառանգորդի հարցը, թե ով է լինելու այն քաղաքական գործիչը, որը կկարողանա ստանձնել այս լայն լիազորություններն Էրդողանից հետո։ Սա մեծագույն խնդիր է լինելու, քանի որ քաղաքական դաշտը մեկուսացված է, և Էրդողանը բոլոր նրանց, որոնք կարող էին քաղաքական հավակնություններ ունենալ կամ աճ արձանագրել, դուրս թողեց քաղաքականությունից։ Դրա ցայտուն օրինակը Դավութօղլուն էր, որը կամավոր-պարտադիր սկզբունքով հեռացավ քաղաքական դաշտից։

Այս փոփոխություններն ի՞նչ ազդեցություն կունենան Թուրքիայի հայերի, նրանց իրավունքների վրա։

Նախորդ բոլոր ընտրություններում հայ համայնքը և փոքրամասնությունները մեծ մասամբ իրենց քվեն տալիս էին Էրողանին, նրա գլխավորած ուժին։ Այս անգամ հայ համայնքի մոտ 50 տոկոսը «ոչ» է քվեարկել բացահայտ։ Մեր 3 հայ պատգամավորներից երկուսը՝ Կարո Փայլանն ու Սելինե Դողանը, ակտիվորեն «ոչ» էին քարոզում։ Հայ մտավորականության մեծ մասը ևս «ոչ»-ի կողմնակից էր, և միայն երևի թե աթեշյանատիպ անձինք էին, որ պաշտպանում էին «այո»-ն կամ չէին արտահայտվում, բայց հասկանալի էր, որ այդ շրջանակները, այսինքն՝ համայնքային օլիգարխիան, նրանք, ովքեր իշխանությունների հետ ունեն տարատեսակ շահեր, քվեարկելու են «այո»-ի օգտին։

Հայ-թուրքական ինչպիսի՞ հարաբերություններ սպասել այս փուլում։

Կարող ենք կանխատեսել, որ միայն մեծանալու է լարվածությունը, ավելի կոպիտ է դառնալու հռետորաբանությունը՝ խարսխված լինելով կրոնական և ազգային թշնամանքի վրա։ Դրա օրինակները Հունաստանի պարագայում տեսնում ենք, երբ մեկ շաբաթ առաջ Էրդողանը Հունաստանն անվանեց անհավատների երկիր՝ առաջնորդվելով կրոնական մոլեռանդության դիրքերից։ Սրանք իրողություններ են, որոնք արդեն իսկ կիրառվում են Հայաստանի նկատմամբ, բայց միապետ Էրդողանի պարագայում էլ ավելի ակնհայտ և էլ ավելի կոպիտ ի ցույց են դրվելու։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա առանց այն էլ դրանք գտնվում էին շատ անհույս վիճակում, հիմա կարող ենք ասել, որ քաղաքական քննարկումներն այս թեմայով զարմանալի կլինեն և տարակուսանք կառաջացնեն, քանի որ քաղաքական օրակարգը լիովին այլ հարցերով է լցված, քաղաքական տրամադրվածությունները բոլորովին այլ հունով են գնում, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ փոքրամասնությունների իրավունքների բարելավման մասին խոսելն ուղղակի ավելորդ է։

Ամենաընթերցվածը