Սա հենց հետընտրական զարգացում է։ Նյութեր են կուտակվում ապագա դատավարության համար

    • Հարցազրույց - 17 Ապրիլի 2017, 18:00
Մեր զրուցակիցն է «Միասնություն Հայաստան» նախաձեռնության անդամ, ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում։

Հանրապետականներն առանց բռնության, առանց սպառնալիքի՝ ձայն չէին կարող ստանալ, իրենք իրենց ձայն չէին տա, քանի որ իրենք բազմիցս բոլոր հարմար առիթներով հայտարարել են, որ դեմ են արտագաղթին, կոռուպցիային, որ վերջապես հարկավոր է պայքարել կոռուպցիայի, արտագաղթի, տնտեսական ճգնաժամի դեմ, վերջին հաշվով այդ միջազգային անարգանքի դեմ, երբ որ մեզ ինչ-որ եվրասիական ստրուկներ հանդիմանում են, դիտողություն են անում, մեր կողմնակիցներին բանտ են ուղարկում, այս ինքնիշխանության պակասը հանրապետականները նույնպես գիտեն։ Իրենք իրենց ձայն չէին տա, նշանակում է նրանք ձայնը չեն ստացել, նրանք ձայնը գողացել են։ Սպառնալիքը ավազակային միջոցառում է, բայց գողացել են, որովհետև ձայնը նույնպես սեփականություն է։ Նրանք գողանում են պաշտոնը, գողանում են ռեսուրսները, գողանում են կարգավիճակը, գողանում են ՀՀ քաղաքացիներին։ Այդ իմաստով, կարծում եմ, որ ՀՀԿ-ի ստացած 700 հազարից ավելի ձայներն ապօրինի են։ Ժողովրդավարական երկրում Հանրապետական կուսակցությունը պետք է ձայն չունենար։ Եթե ունի, նշանակում է՝ դա ուրիշների ձայնն է, իրենցը չէ։ Ուրեմն գողացել են, այսինքն՝ գողության կանոններով բռնվածը գող է։ Իսկ ամբողջ համակարգը գողության վրա բռնվել է։

Կան որակյալ գողություններ, օրինակ գրպանահատությունը որակյալ գողություն է համարվում, մասնագիտական գողություն է։ Բայց եթե 100 դրամի գողության վրա էլ բռնվեն, գրպանահատներին պատժում են օրենքի խստությամբ։

Այսինքն՝ ընտրությունները պետք է չեղյալ համարվեին ուսուցիչների ձայնագրություններով, Ջրառատի միջադեպերով։ Բայց քանի որ մեր երկիրը ժողովրդավարական չէ, մեր երկիրն անկախ չէ, նշանակում է՝ ցարը հրամայել է։ Բոլորովին վերջերս ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա որևէ տեղաշարժ, որևէ փոփոխություն, որևէ հեղափոխություն իմպերիայի տարածքում՝ լինի գունավոր, թե անգույն։ Դա նշանակում է, որ  Հանրապետականը գրեր, չգրեր, գողանար, չգողանար, ընտրվեր, չընտրվեր, իշխանափոխությունն արգելված է։

Ինչո՞ւ հենց հիմա հանրայնացվեց «ՍԱՍ» ընկերությունում տեղի ունեցած նախընտրական ձայնագրությունը։ Հնարավո՞ր է այս ձայնագրությունը իշխանության ներսից է և որ իշխանությունը երկու բևեռի է բաժանվել։

Իշխանությունը հիմա շատ բևեռների է բաժանված։ Երբ ես խոսում եմ իշխանության գողության մասին, չի նշանակում, որ բոլորն են գող ու ավազակ։ Այնտեղ հայրենասեր մարդիկ էլ կան, բայց այլ տարբերակ չկա, իշխանության մեջ լինելու համար դու պետք է ծպտվես, ազատ մարդ չլինես, պետք է նվաստացած պոզա ընդունես։ Ինչպես մեկն ԱՄՆ-ից եկավ ու նվաստացավ, խոնարհվեց իշխանության առջև։ Այդ պոզան չափանիշ է, արդեն ցույց են տվել, որ այդպիսին պետք է լինի իմպերիայի հլու-հնազանդ հպատակը։

Իշխանության համակարգը միատարր չէ, այնտեղ կան կարգին, պարկեշտ մարդիկ, և կան ամենացածր «պրոբի» մարդիկ։ Իհարկե, նրանք միջև կոնֆլիկտ կլինի, նաև շահերի բախում կլինի, չէ՞ որ կարկանդակը փոքրացել է։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հիմա հրապարակայնացվեց այդ ձայնագրությունը, ապա հիշեք, որ միշտ լինելու է, միշտ բացահայտվելու են, նախորդ անգամ դատավարություն չեղավ։ ՀՀՇ-ն, ղարաբաղյան շարժումը մեծահոգի գտնվեցին, չպատժեցին հայ ժողովրդին նվաստացնողներին։ Նրանք կամ նրանց զավակներն այսօր բարձր պաշտոնների են։ Այս միջադեպերը, բոլոր բողոքները, դիմումները, քաղաքացիական հասարակության ակտիվությունը, ազատ մամուլի հրապարակումները, բոլորը պետք է կուտակվեն սովետական կամ ռուսական Նյուրնբերգի համար։ Հետագայում դատավարության ժամանակ այդ փաստերը հիմք են լինելու՝ դատապարտելու համար հանցագործներին, իշխանությունը գողացողներին, հայրենիքը 30 արծաթով վաճառողներին։ Դրանք անհրաժեշտ են, հանցագործության մասին վյակություններ են ու այս վիճակը երկար չի տևելու։ Այդ ամենը հայտարարություններ են իշխանության հանցագործության մասին։ Գողերի ու գրպանահատների օրենքը, լինի 100 դրամ, թե 100 մլն դրամ, միևնույն է 5 տարի է ստանալու։ Գումարի չափը նշանակություն չունի։

Ընտրախախտումների դեպքում նույնպես նշանակություն չունի, թե քանի ընտրական տեղամասում է, քանի հիմնարկում է, քանի ուսուցիչ է դրան խառնված։ Ես նաև ուզում եմ պաշտպանել ուսուցիչներին, պետք է հանգիստ թողնել ուսուցիչներին, բժիշկներին, պետք չի նրանց ներքաշել այս գզվռտոցի մեջ։ Շատ ցավում եմ, որ նրանք իշխանության զոհն են, իշխանությունը նրանց զոհաբերում է։ Շատ ցավում եմ, որ իշխանությունը նրանց քաշում է կեղտոտ գործերի, գողության մեջ։ Ուսուցիչներն ու բժիշկները պետք է շատ հարգարժան լինեն, ստերիլ լինեն։

Կարելի՞ է համարել, որ այս դեպքը նաև ազդակ է տարածքային ցուցակներով մյուս ընտրվածներին, թե՝ տեսեք, ցանկացածի դեմ կլինի նման կոմպրոմատ։

Իհարկե, սա հնազանդություն ապահովելու համար է։ Ընդհանրապես բռնապետությունում ոչ ոք ապահովագրված չէ, այդ թվում՝ բռնակալները։ Բռնապետությունը համակարգ է ստեղծում, որը ոչնչացնում է բոլորին։ Դա ինքնակեր, ինքնաոչնչացնող համակարգ է։ Իհարկե, ոչ ոք պաշտպանված չէ Հայաստանում և ընդհանրապես իմպերիայում։ 14 գուբերնատոր արդեն բանտում է։ Քանի գեներալ և քանի գնդապետ արդեն բանտում է, վարչապետը հակակոռուպցիոն թիրախ է, որովհետև այդպիսի ինֆորմացիա միայն դրսից կարող էր դուրս գալ։

Համակարգը աշխատում է, ինքնաոչնչացման մեխանիզմը միացած է, և նրանք իրենց պետք է ոչնչացնեն և դատական պրոցեսի համար լավ նյութեր են պատրաստում։

Այս իրավիճակը, երբ հետընտրական զարգացումներ չկան, հարաբերական անդորր է, արդյոք երկա՞ր կպահպանվի։

Սա հենց հետընտրական զարգացում է։ Նյութեր են կուտակվում ապագա դատավարության համար։ Իշխանափոխությունը սկսվել է, իշխանափոխություն է այն, որ ոչ մի անկախական չհայտնվեց ԱԺ-ում, բոլոր նրանք, ովքեր դեմ էին քվեարկել ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը, նրանք դուրս են մնացել ԱԺ-ից։ Այսինքն՝ սա մաքուր իմպերիական ապազգային ժողով է, և նույնիսկ այդ 5-7 հոգին չհայտնվեց։ Այսինքն՝ իշխանությունն ամբողջությամբ ապազգային է, և մի քանի հոգին էլ, որ ձայն էին հանում, նրանք էլ այլևս չկան։ Եվ ազդեցիկ համարվող քաղաքական գործիչը, որ խոսում էր անկախության մասին, հիմա ասում է, որ դա ժամանակավրեպ է։ Միակը, որ կարծես թե անցել էր այդ զտիչով, պարզվեց, որ նա էլ անկախական չէ և պատահական չէ, որ անցել է։ Եվ բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում հայ ժողովրդի պետություն ունենալու իրավունքը։ Նույնիսկ անկախության հռչակագիրը կարդացողը չկա, առաջին նախագահի թիմը չկա, նրանց էլ են մերժել, ուրեմն մեզնից գողացել են իշխանությունը, մենք չենք այդ իշխանությունը ձևավորել։