Սպառնալիքը նախընտրական պրոցես է, որը ընտրության արդյունքի վրա չի կարող ազդել

    • Հարցազրույց - 17 Ապրիլի 2017, 11:20
Մեր զրուցակիցն է Գեղարքունիքից ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադված Հակոբ Հակոբյանը, ով հավաքել է 13.247 ձայն

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԱՍ գրուպի աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը, որտեղ սպառնալիքներով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների համար ձայների հավաքագրման գործընթաց էր ընթանում:

Այդ բոլոր ճնշումները, որ եղել են մինչև ընտրողի ընտրախուց մտնելը, ընտրողը շատ լավ գիտի, որ այդ բոլորը սուտ են, և ոչ մեկը չի կարող ընտրախցում ճնշել իրեն: Ընտրողը, ազատ կամքի արտահայտման ճանապարհով, ընտրել է նրան, ում ուզել է։ Ընտրության գործընթացը բաղկացած է տարբեր փուլերից, կան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլեր։ Առաջին փուլում բոլոր գործողությունները, կամա թե ակամա, յուրաքանչյուր թեկնածու իր հայեցողությամբ, իր իմացությամբ կամ իր ճաշակով կարող է անել, բայց ընտրությունը գաղտնի է նրա համար, որ այս բոլոր գործողությունների արդյունքը զրո դառնա, որովհետև ընտրողը, երբ մտավ ընտրախուց, իր կամքի ազատ արտահայտման ձևը պետք է ունենա։ Դրա համար ընտրությունները կազմակերպված էին այնպես, որ այդ արտահայտման ձևը մեզ մոտ իրականանա, և իրականացավ առաջին անգամ։

Չե՞ք դատապարտում այս սպառնալիքները։

Դատապարտելի է նա, որն ունի որոշակի ազդեցություն։ Ձեր նկարագրած գործողությունը երբևէ չէր կարող ունենալ ազդեցություն և վերջ։

Իսկ ճնշումնե՞րը, աշխատակիցներին ճնշելը, ստորացնելը, սպառնալը...

Մեր ընտրողն ունեցել է իր կամքի ազատ արտահայտման ճանապարհն ընտրախուց մտնելու ժամանակ։ Նախընտրական գործընթացում յուրաքանչյուրը քարոզարաշավն իր ճանապարհով է սկսում, մեկը երգ է երգում, մեկը՝ պար պարում, մյուս տաշ-տուշ անում։

Իսկ վարչական ռեսուրսի կիրառումը...

Վարչական ռեսուրսը... օրինակ՝ պետական պաշտոնյան իրավունք ունի զբաղվելու ընտրությամբ և իրավունք ունի ընտրվելու։ Սպառնալիքը նախընտրական պրոցես է, որը ընտրության արդյունքի վրա երբեք ազդել չի կարող։ Մեր ընտրությունը կազմակերպված էր այնպես, որ նախընտրական ոչ մի պրոցես ընտրության արդյունքի վրա չէր կարող ազդել, ապահովված էր մարդու կամքի ազատ արտահայտումը։

Պատի՞վ է բերում նման պատգամավորի առկայությունը ԱԺ-ում, ով ճնշում է, ստորացնում է։

ԱԺ պատգամավոր դառնում են ժողովրդի քվեով։ Մինչև հիմա ես չգիտեմ՝ պատգամավոր եմ, թե ոչ, իսկ նա, ով պատգամավոր է, ուրեմն վաստակել է իր ժողովրդի քվեն։

Ինչո՞ւ հիմա այս ձայնագրությունը տարածվեց, ի՞նչ նպատակ է հետապնդում, ըստ Ձեզ։ Հնարավո՞ր է իշխանությունն այն տարածեց՝ ինչ-ինչ հաշվարկների, ինչ-ինչ բաներ հասկացնելու համար։

Մենք ունեցել ենք 1400 տարածքային թեկնածու, ունեցել ենք հինգ կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք։ Հարց եմ տալիս՝ դուք հետևե՞լ եք բոլոր թեկնածուների ընտրարաշավին, թե ոչ։ Եթե հետևեք բոլոր ընտրարաշավներին, ապա կտեսնեք, որ մարդկանց հետ խոսելը, որը կարող էր գնահատվել որպես ճնշում, պարտադրանք, այս բոլորը եղել են, բայց կրկնում եմ, դրանցից ոչ մեկը ընտրախցում մարդու հետ չի եղել: Մարդն ազատ է եղել իր քվեն այն թեկնածուին տալու, որին ինքն ուզել է։ Շատ մարդիկ Երևանից գնացել են Մարտունի, իմ ընտրատարածք, իմ ընտրատարածքից եկել են Երևան, գնացել Արմավիր, Լոռի, մարդիկ ընտրել են այն թեկնածուին, որին իրենք ուզել են։

Թիմակից ասվածը սուրբ գրքի մարդիկ չեն, ընտրության ժամանակ մարդիկ տառապում են շատ սուտ ասելով մի պայմանով, որ կարողանան ընտրողին ներքաշել իր անձի ընտրության մեջ։ Ընտրության սկզբունքը ընտրությունը չէ, իսկ ընտրությունների ժամանակ սև փիար, խնդրեմ, ինչքան ուզեք։

Իսկ ընտրություններից հետո՞։

Ընտրություններից հետո, եթե պետք է օգտագործել, ապա պետք է։ Սև փիար, խնդրեմ, ինչքան ուզեք ընտրության ժամանակ, առավել ևս, որ մեկ ընտրողի դուռը Գեղարքունիքի մարզում ծեծում էին 82 տարածքային թեկնածու, հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Յուրաքանչյուրն ուզում է ինքն ընտրվի, և կրկնում եմ, ընտրողի դուռը ծեծում էին ութ տասնյակ թեկնածուներ, և այս սկզբունքը թույլ էր տալիս ընտրողին հանգիստ լինել և ազատ արտահայտել իր կամքը։

Իշխանությունը չպե՞տք է գնահատական տա հայտնի ձայնագրությանը։

ՀՀԿ-ն եթե գտնի ինչ-որ մի բան ճիշտ չէ, իր գնահատականը կտա, իսկ իրավական գնահատական, բնականաբար, կտան իրավապահ մարմինները։

Ինչպե՞ս եք գնահատում, որ տարբեր ռեյտինգային թեկնածուներ, որոնք չեն անցել ԱԺ, ինչ արել են տվյալ մարզի, համայնքի համար, հետ են վերցնում, մանկապարտեզ են փակում, փողոցի լույսերն անջատում։ Եթե Դուք էլ չգաք ԱԺ, եթե ինչ-որ բան արել եք, հե՞տ եք վերցնելու։

Ես նման դեպք չգիտեմ, և իմ անձի հետ կապված որևէ նման երևույթ պայմանավորված չէ։

Այդ ձայնագրության մեջ առկա բառամթերքը դուք օգտագործե՞լ եք Ձեր քարոզարաշավի ժամանակ։

Ձայնագրությունը չեմ լսել, իսկ որպեսզի իմ քարոզարշավի մասին պատկերացում կազմեք, հարցրեք իմ ընտրողներին, որոնք հետ ես կարողացել եմ աշխատել։ Թե չէ ես էլ սուրբ չեմ, ինչի՞ պիտի իմ խոսքերին հավատաք։

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Կարեն Բոթոյանի՝ այդքան ձայն հավաքելը ձեր մարզում։

Գիտնականները փորձ են արել, վերցրել են 5 աղջկա նկար, ցույց են տվել հինգ տղայի, և այդ հինգ տղաների նկարները ցույց են տվել այդ հինգ աղջիկներին, նրանց կարծիքները իմացել են նախապես, հետո աղջիկները հանդիպել են տղաներին և այն գնահատականը, որ եղել է նկարով, կարողացել են իրական կյանքում ցույց տալ։ Երեքը հավանել են իրար, սա կոչվում է սիրո փորձ։ Հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, և Կարեն Բոթոյանը ներկայացնում է այն շերտին, որն ընտրել է Կարեն Բոթոյանին։

Տիգրան Արզաքանցյանն ասում է, որ մարզի բնակիչներն իրենց վատ պահեցին, ցիգանի պես պահեցին, որ համատարած կաշառք է բաժանվել...

Կարծում եմ, հասարակությունը մեղավոր չէ, որ Արզաքանցյանը քիչ ձայն է ստացել: Այն, որ ես երրորդ տեղն եմ զբաղեցրել, հասարակությունը մեղավոր չէ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր մեջ պետք է փնտրի գնահատականը՝ ուրիշին չմեղադրելու համար։ Յուրաքանչյուրը պետք է իր կապած պայմանագրի տերը լինի։