Ավազակների իշխանություն լինում է, բայց իմ պետությունն ավազակապետություն չէ

    • Հարցազրույց - 15 Ապրիլի 2017, 12:00
Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը

Վիգեն, այս օրերին Հայաստանում եք։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած ընտրությունները։ Հետընտրական զարգացումներ չեղան, բայց ընտրությունների նկատմամբ վստահությունը վերականգնե՞ց հանրությունը։

Ես իրավիճակը շատ նմանեցնում եմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, և ինչպես անհասկանալի էր սահմանադրական փոփոխությունների իմաստը, այնպես էլ անհասկանալի էր նոր սահմանադրությամբ իրականացված նման ընտրությունը։ Հանրությունը չհասկացավ՝ ում է ընտրում, ընտրում է քաղաքական գործիչների՞, թե կուսակցությունների։ Ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեին, մարդիկ միակ բանը, որ տեսնում էին, փող բաժանելն էր, իսկ թե ինչի համար էին բաժանում, ոչ ոք չգիտեր։ Հետևաբար ոչ սահմանադրական հանրաքվեն էր հանրաքվե, ոչ էլ խորհրդարանական ընտրություններն էին ընտրության նման։ Սա ուղղակի հանրության անիրազեկության վրա հիմնված քաղաքական խմբավորման հերթական սխալն էր։

Որի արդյունքում ՀՀԿ-ն հաղթած դուրս եկավ...

Ոչ թե հաղթող դուրս եկավ, այլ ոչինչ չփոխվեց։ Այսինքն՝ մնաց այնպես, ինչպես կա։ Ի դեպ, հաղթել է ԵԼՔ-ը, իսկ ՀՀԿ-ն չի հաղթել, պարզապես պահպանել է իր դիրքերը։ Սա է նրանց ընտրություն կոչված միջոցառումը։ Սերժ Սարգսյանը պահպանեց իր դիրքերը քաղաքական դաշտում, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ն ունի համակարգ, որով կառավարում է երկիրը, մինչդեռ մյուս քաղաքական ուժերը, որ եկան մասնակցեցին, որևէ մեկը այլընտրաքային համակարգ չէր առաջարկում, թե ինչ կերպ պետք է կառավարի երկիրը։ Հին համակարգը ԿԳԲ-ի, Մոսկվայի սիստեմն է, որով ՀՀԿ-ն շարունակում է ղեկավարել Հայաստանը։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նույն համակարգի մեջ պատկերացնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը, այն, ինչ նախկինում էր առաջարկում։ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր թշնամանքի ծրագիր, արդյունքն էլ եղավ այն, ինչ եղավ։

Ես ուզում եմ ուշադրություն սևեռել նրա՝ ավազակապետություն բառի վրա, որը Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական խաղաքարտն է եղել վերջին տասը տարիներին։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ իրավունքով իմ պետության առաջին նախագահը ավազակապետություն է անվանում մեր պետությունը։ Ավազակների իշխանություն լինում է, բայց իմ պետությունն ավազակապետություն չէ։ Բացի այդ, նրա՝ ավազակապետության հիմնավորումները ծնեցին թշնամանք, և մարդիկ ստիպված եղան տասը տարի ապրել մի պետության մեջ, որը Լևոն Տեր-Պետրոսյանը ավազակապետություն անվանեց, այսինքն՝ վրեժխնդրության և զզվանքի մթնոլորտում հայ ժողովրդին Տեր-Պետրոսյանը ստիպեց ապրել և տասը տարի հետո սկսեց համագորակցել Սերժ Սարգսյանի և ավազակների հետ։ Այսօր ինքն առաջարկում է Արցախի խնդրի կարգավորման դավաճանական տարբերակ և հիմնավորում է իր դավաճանությունը։ Ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշինքը ստացավ այնքան ձայն, ինչքանի արժանի էր։

Հետընտրական գործողությունների  բացակայությունն, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։ Ինչո՞ւ քաղաքական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի և ՕՐՕ-ի, չվիճարկեցին ընտրությունների արդյունքները այն դեպքում, երբ բնորոշում էին խայտառակ ընտրություններ։

Այո, դուրս չեկան Ազատության հրապարակ, չբողոքեցին մի պարզ բացատրությամբ, որ տեղի ունեցածը ընտրություն չէր, այլ իշխանության սահուն փոփոխություն նախագահական համակարգից վարչապետականի։ Ինչպես ասացի, ժողովուրդը չհասակացավ ում և ինչի համար է ձայն տալու, պարզապես սահուն անցում էր Սերժ Սարգսյանի իշխանության նախագահականից վարչապետական, և շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Ընդվզման պատճառ էլ, ըստ էության, չկար։

ԱԺ-ում կունենա՞նք որակական փոփոխություններ այս կազմով։

Որակական փոփոխություններ անպայման լինելու են, և արդեն եղել են։ Մի քանի հանցագործ-օլիգարխներ արդեն դուրս են մղվել, մի մասը։ Նրանք պաշտպանված էին, և նրանք այսօր մնացին առանց պաշտպանության։ ԵԼՔ  դաշինքի պատգամավորների հետ որևէ փոփոխության հույս չեմ կապում, քանի որ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է գործել, ելույթներ, հայտարարություններ, հիմա նույնն էլ նրանց դեպքում է լինելու։ Եթե օրենքի երկիր լիներ Հայաստանը, ապա Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարությունից հետո քրեական գործ պետք է հարուցվեր, որը մեղադրանք էր յուրաքանչյուր պաշտոնյայի դեմ, բայց այդ հայտարարությունները որևէ  շարունակություն չունեցան։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչինչ չարժեն, պարզապես ժողովրդի սրտից է խոսում, ոստիկանությունը, դատախազությունը դրանք չեն ընկալում որպես հայտարարություն հանցագործության մասին։ Ըստ էության, դրանք ժողովրդին հանգստացնելու ելույթներ էին, որն այս դեպքում կշարունակի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը միայնակ, այլ հիմա 9 հոգով նույն գործը կանեն։ Այսինքն՝ ոչ մի նյութական, իրական փոփոխություն չի կարող ներդրվել ՀՀ քաղաքականության մեջ։

Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են։ Քիչ քաղաքական  կուսակցություն և դաշինք է մասնակցում։ Ի՞նչ եք կարծում, քաղաքային ընտրությունները կտարբերվե՞ն համապետականից։

Ես շատ լավ պատրաստվել էի և ինձ հետ բերել էի Երևանի քաղաքի խնդիրների լուծման մի ողջ փաթեթ, իսկ ինձ համար այսօրվա երևանյան խնդիրները պետք է սկսել արտակարգ իրավիճակներից։ Երեսուն տոկոս չքավոր երևանցիները պետք է  քաղաքապետարանի անմիջական աջակցությունը ստանային։ Երևան քաղաքը կարիք չունի ոչ մի տոնակատարության, առնվազն չորս տարով պետք է կանգնեցնել բոլոր տեսակ ավելորդ ծախսերը, ուղղել դեպի Երևանի քաղաքացիների սոցիալական օգնությանը, որը մոդել կլիներ մյուս քաղաքների համար։ Մի խոսքով, լուրջ պատրաստվել էի մասնակցություն ունենալ, որոշել էի կանգնել իմ ընկերոջ՝ Հովհաննես Շահինյանի կողքը, քանի որ նա որոշել էր մասնակցություն ունենալ։ Ցավոք, վերջին պահին որոշվեց, որ նա չի մասնակցելու։ Տարոն Մարգարյանն այսօր ստացել է և Ծառուկյան դաշինքի, և ՀՅԴ-ի օրհնությունը, նրա դեմ կպայքարեն Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը, բայց խոշոր հաշվով, այսօր Տարոն Մարգարյանը չունի լուրջ մրցակից։

Ամենաընթերցվածը