Սերժ Սարգսյա՞նը... Եթե ինձ նշանակեն մինչև վերջ, ես բնական է պետք է լավ տրամադրվեմ

    • Հարցազրույց - 13 Ապրիլի 2017, 17:41
Մեր զրուցակիցն է Ջիվան Գասպարյանը

Պարոն Գասպարյան, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակում այս անգամ ևս Ձեզ չառաջարկեցին։ Չե՞ք ուզում մասնակից լինել Երևանի կառավարմանը։

Իհարկե, մեծ սիրով կմասնակցեմ։

Այս անգամ ՀՀԿ-ի ցուցակում դարձյալ կան Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը։ Ձեզ չե՞ն առաջարկել։

Ինձ չեն առաջարկել, բայց եթե առաջարկեին, երևի կհամաձայնեի։ Չնայած ես ցանկություն չունեմ, թող ջահելները գնան։ Էդ իրենց պետք է հարցնեք, թե ինչու չեն առաջարկել։ Ես բարձրագույն կրթություն ունեմ, միայն դուդուկ չեմ նվագում, խելոք մարդ եմ։

Իսկ ընդհանրապես հետևո՞ւմ եք ընտրական գործընթացներին։

Ես ընտրությունների ժամանակ Ամերիկայում էի, ընդամենը 7-8 օր առաջ եմ եկել։

Իսկ Հայաստանը փոխվո՞ւմ է, թե ամեն ինչ նույնն է։

Ես միշտ Հայաստանը սիրում եմ, ինձ համար միշտ լավ է եղել։ Ես սիրում եմ մեր երկիրը, հողը, ջուրը։ Սա իմ կյանքն է, իմ պատմությունն է։ Ես չեմ կարող ուրիշ ձևի մտածեմ։ Եթե անգամ մի քիչ էլ վատ լինի, ես պիտի լավը մտածեմ։

Իսկ հավատո՞ւմ եք, որ այս իշխանության օրոք դրական փոփոխություններ կլինեն։

Ես չգիտեմ՝ ինչ կլինի, ոնց կլինի, ինձ համար լավ կլինի, եթե փոփոխություններ լինեն։ Բայց կան մարդիկ, որ շատ երկար են մնացել իրենց տեղում, և եթե մնան, բան էլ չի փոխվի։ Այդպիսի մարդիկ կան, եթե դրանք փոխվեն, լավ կլինի։

Ո՞ւմ նկատի ունեք։

Ես ոչ մեկին նկատի չունեմ, ինձնից խոսք մի քաշի։ Բայց կան մարդիկ, որ նստած են Ազգային ժողովում, մի անգամ ձեններն էլ չենք լսել։ Ով ակտիվ է, խոսում է, նա պիտի մնա։ Ոչ թե պետությունը քանդելու, այլ լավացնելու իմաստով։ Կարծիքը լավ բան է, մարդը եթե խելոք է, կարծիքները լսում է, իր մտածելակերպը փոխում է։ Կարող է՝ մի խեղճուկրակ մարդ մի այնպիսի քաղցր, լավ խոսք ասի, որ երբեք դու չես մտածել, 5 ակադեմիկոս չասեն էդ խոսքը։ Մարդիկ պետք է լսեն, հետո եզրակացություն անեն երկիրը բարելավելու համար։

Քաղաքականությամբ, ըստ Ձեզ, ովքե՞ր պետք է զբաղվեն։

Քաղաքականությամբ զբաղվում են ավելի խելոք, ավելի ճիշտ մարդիկ, ովքեր գիտեն երկիր ինչ բան է, օտար երկրներ ինչ բան են։ Քաղաքականությունը բարդ թեմա է և շատ վտանգավոր, որովհետև կարող է սխալվես։

Ինչպես մեր այս 25 տարիների իշխանությո՞ւնն է սխալվել։

Չեմ կարող այդ խոսքը ասել, ես իրավունք չունեմ այդ խոսքն ասելու: Իհարկե, սխալներ կան, բայց իհարկե զարգացման հնարավորություն ունի երկիրը։ Էստեղ միայն նախագահի հարցը չէ, այլ յուրաքանչյուր պաշտոնյա բարեխիղճ պետք է լինի։ Մի ծաղկով գարուն չի գա, ինչքան էլ երկրում լավ նախագահ լինի երկնքից իջած, եթե կողքերը ճիշտ չաշխատեն, նախագահը չի կարող ճիշտ շարժվել, որովհետև նախագահը չի կարող իմանալ՝ ով ինչով է զբաղվում, անհնար է։ Շատ շուտ՝ Սովետական Միության տարիներին, ես տուն պետք է ստանայի, անընդհատ իմ հերթը հասնում էր, բայց ուրիշին էին տալիս։ Հրավիրված էի Անտոն Քոչինյանի ծննդյան արարողությանը, նվագեցի, բոլորն ուրախացան։ Ընկերներս ասացին՝ Ջիվան, լավ ժամանակն է, ասա, թող Անտոն Երվանդիչն իմանա, որ քեզ մինչև հիմա տուն չեն տվել։ Մի քանի բաժակ կոնյակ խմեցի, որ չամաչեմ, երես բռնի, կենացս խմեցին մի տասը անգամ։ Վերջում ասացի՝ Անտոն Երվանդիչ, առաջ թագավորական պալատի համար երբ երաժիշտները գնում նվագում էին, վերջում թագավորը հարցնում էր՝ տղերք ջան, ինչի՞ կարիք ունեք, բայց դու մեկ անգամ չես ասում՝ Ջիվան տուն ունե՞ս, թե չունես։ Ասաց՝ ոնց, դու մինչև հիմա բնակարան չունե՞ս։ Հասրաթյանին պտտվեց ասաց՝ բա այդքան տուն եմ տվել, Ջիվանը տուն չունի՞, էդ տներն ի՞նչ ես արել։ Առավոտյան ինձ կանչեցին քաղսովետ, մեկ օրում իմ հարցերը լուծեցին։ Մի խոսքով, նույն պրինցիպն է, մարդիկ կան, որ պատասխանատվություն չունեն, չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը, մարդիկ կան, որ ճիշտ չեն աշխատում։ Դրա համար որ ճիշտ ընտրվեն դեպուտատ, պաշտոնյաներ, խելացի մարդիկ, ժողովրդի վիճակը շատ կփոխվի, իսկ եթե ոչ, ապա ժողովրդի վիճակը նույնը կմնա, դեռ կարող է ավելի վատանալ։

Ինչո՞ւ են մեր դերասանները, երաժիշտները, բացառությամբ մի քանիսի, իշխանության կողքը կանգնում։

Չգիտեմ, աշխարհում միշտ այդպես է եղել։ Չգիտեմ՝ինչ է նշանակում իշխանության կողքը։ Կա մի հատ ճշմարտություն, եթե ճշմարտության կողքն են... ամեն մարդ իր կարծիքն ունի, դու բոլորի փոխարեն իրավունք չունես խոսելու, դու քո տեղը պիտի խոսես, որովհետև ամեն մարդ մի ձև է մտածում։ Ես միշտ մտածում եմ՝ մի նոր ղեկավար եկավ, ինչո՞վ եմ համոզված, որ այդ նորը ավելի լավն է լինելու։ Համակարգը կապիտալիստական է, որտեղ մարդն ազատ է, վերցնում է, կուզի կտա քեզ, կուզի չի տա քեզ։ Հիմա ասում են գազը թանկացավ, բա իր սեփականությունն է, ինչ ուզում է անում է։ Կապիտալիստական համակարգն է այսպես։

Կա արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։ Ո՞վ է պատասխանատուն։

Երկրից ուրիշ պատճառների համար են գնում։ Գնում են ավելի լավ տեղ, Ռուսաստան են գնում, Ռուսաստանը փող է տալիս, տուն է տալիս, իսկ իսկական աշխատող մարդը միշտ կուզենա իր երկրում աշխատել։ Թող չնեղանան, բայց աշխատանք ճարվում է, երբ ասում են աշխատանք չկա, ես մի քիչ ուրիշ ձև եմ նայում. գնում ես մի բանվորի ասում ես արի աշխատի, ասում է՝ չեմ կարող, զբաղված եմ։ Աշխատող մարդը կաշխատի։ Տղամարդ կա, որ չի մտածում ինչ գործ կանի, կարևորը իր տունը պահի։ 14 ժամ կաշխատի, որ բերի իր երեխաներին պահի, մարդ էլ կա՝ մտածում է 14 ժամ ինչպես աշխատեմ, 5-6 ժամ աշխատեմ, շատ փող ստանամ։ Տարբեր մարդիկ կան, տարբեր հասկացողություններ։ Ամեն մարդ մտածում է՝ ինքն է ճիշտ։

Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ այսօր պատերազմ չկա, խաղաղություն կա։ Ճիշտ է, ղարաբաղյան շարժումը միշտ կա, կմնա, մինչև հարցը չլուծվի։ Միշտ էլ գմգմփոցները պիտի անեն, բայց ընդհանրապես նայեք տեսեք՝ ինչ են անում մեծ երկրները։ Բոլորն ավերվում են, ամբողջ արաբական աշխարհը քարուքանդ է եղել։ Համեմատեք մեզ աշխարհի հետ, հետո մտածեք՝ մեր վիճակը լա՞վ է իրենցից, թե վատ։ Քանի ամիս է, Ամերիկայում էի, այնտեղ էլ կան խեղճ ու կրակ մարդիկ, բոմժեր կան, որ փողոցներում են քնում, կանգնած փող են հավաքում։ Ամեն տեղ կա այս բանը։ Ոչ մեկին ոչ ուզում եմ արդարացնել, ոչ էլ փնովել, ուզում եմ ճիշտն ասել։ Իհարկե, արտագաղթը  վատ բան է, լավ չի, որ գնում են, ես ցավում եմ դրա համար։ Բայց ամեն մարդ ինքն է մտածում՝ գնա, թե ոչ։ Ես, օրինակ, գնացել եմ երեխաներիս հետ, հիմա հետ ենք եկել Երևան։ Բացի մի աղջկանիցս՝ բոլորը եկել են Երևան։ Երևանն ինձ համար սրբություն է, շատ եմ սիրում, նեղություն կքաշենք, ես 41 թվականի պատերազմ, սով եմ տեսել, շատ վատ բաներ եմ տեսել և գիտեմ, որ ամեն ինչ անցողիկ է, կգա ժամանակ, կդզվենք։ Ես որ գնացել եմ, բոլորովին ուրիշ բաների համար եմ գնացել, քանի որ այն թվերը ինձ համար շատ ծանր էին։

Ի՞նչ կարծիք ունեք խորհրդարանական համակարգի վերաբերյալ։

Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ մարդն իմանա՝ ինքն է երկրի տերը, ժողովրդի համար հարցեր կլուծի, եթե մարդը լավ ղեկավար է ունենում, ղեկավարին փոխելը սխալ է, քանի որ չգիտես՝ ովքեր են գալու, ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի։ Սրանք շատ կարևոր բաներ են։

Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը լա՞վ ղեկավար է։

Ինչու ես ինձ նման հարց տալիս։ Մտածում եմ այսպես՝ եթե ինձ նշանակեն մինչև վերջ, ես բնական է, պետք է լավ տրամադրվեմ, չեմ մտածի, որ երկու տարի հետո պետք է հանեն։

Ամենաընթերցվածը