Երբ ավազակներն ասում են, որ իրենց հետ է երկրի մտավորականությունը… Զավեշտ է

    • Հարցազրույց - 12 Ապրիլի 2017, 20:19
Մեր զրուցակիցն է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը (ԱՄՆ)

Պարոն Ադամյան, հետևում էիք Հայաստանում խորհրդարանական ընտրություններին։ Ինը քաղաքական կուսակցությունից և դաշինքներից չորսը անցան խորհրդարան։ Արդյոք որակի առումով այլ խորհրդարան կունենա՞նք։

Ոչ միայն որակի, այլև բոլոր մյուս առումներով մենք ՆՈՐ խորհրդարան չենք ունենա։ Տեղի է ունեցել մի սարսափելի ետսահք դեպի բոլշևիզմ՝ ամենահարմար անվանումն է։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք և ընդունենք, որ երկրորդ անգամ կորցնում ենք անկախ ժողովրդավար պետություն կառուցելու հնարավորությունը։

Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են։ ՀՀԿ ավագանու ցանկը հրապարակվել է։ Դարձյալ մտավորականության մի ստված հատված ներկայացված է ցանկում՝ Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան և այլք։ Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, նրանց ներկայությունը այդ ցանկում պետք ՀՀԿ-ին։

Ցավով պետք է արձանագրենք, որ մեր երկրում մտավորական անհատներ կան, սակայն չկա ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ։ Այսօր մարդիկ արտասանում են այդ բառը, սակայն, եթե ամբողջ երկրի բնակչությանը խնդրեք, որ մեկ մտավորականի անուն ասեն, բոլորը տարբեր անուններ կտան… ասել է՝ կորցրել ենք մենք այդ կարգի հավաքական  «խավ» ունենալու պատիվը։ Բայց իներցիան ստիպում է հարգանքով վերաբերել ՄՏԱՎՈՐԱԿԱՆ բառին։ Դե լավ է, երբ ավազակներն ասում են, որ նրանց հետ է երկրի մտավորականությունը… Զավեշտ է։

ՀՀԿ-ն ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդքան ձայն հավաքեց համատարած հուսալքության, արտագաղթի, անվստահության ֆոնին։

2013 ին մի գրառում էի արել… ոչինչ չի փոխվել. Կարծում եմ՝ բոլորս այնքան խոհեմ պետք է գտնվենք, որ ոչ մի մեղադրական բառ անգամ չհնչեցնենք այս անմարդավայել պայմաններում ապրել ջանացող ժողովրդի հասցեին: Հե՞շտ է ուսյալ լինել, երբ ուսումնական համակարգդ քարուքանդ է արված... Հե՞շտ է ինքնակրթվելով գիտելիք հավաքել և հասկանալ, որ այն քո երկրում պահանջված չէ... Հե՞շտ է առողջ լինել, երբ վախենում ես մոտենալ բուժհիմնարկներին... Հե՞շտ է արդարամիտ լինել, երբ երկրիդ արդարադատների աչքերում փայլատակում է ծառայամտության և փողի փայլը... Հե՞շտ է զարգացող տնտեսություն ունենալ, երբ գործարարներիդ բիզնեսում հայտնվելու և այն չկորցնելու հիմնական պայմանը փայ մտնելն է... Հե՞շտ է ապրել մի երկրում, որը ոչ մի կերպ չես հասկանում հասարակական ինչպիսի մոդելի վրա է հիմնված և ուր է գնում...

Պարոն Ադամյան,  օպերային թատրոնի շենքում հնարավոր ռեստորանի և սաունայի կառուցման հետ կապված ի՞նչ մոտեցում ունեք։ Արդյոք նախարարի հիմնավորումները այս առումով համոզի՞չ են։

Արվեստը հարգել ու հասկանալ է պետք, ոչ թե փրկել… Ինչը հարգում ու հասկանում ես, այն էլ ծաղկում է:

Ամենաընթերցվածը