Դա պառլամենտ չէ, դա պարզապես խեղկատակություն է

    • Հարցազրույց - 12 Ապրիլի 2017, 16:11
Lragir.am-ի զրուցակիցն է ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը

Պարոն Թադևոսյան, ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ինչ-որ բան փոխվե՞ց:

Ընտրությունները ոչինչ չեն փոխել, որովհետև ընտրությունները՝ որպես քաղաքական իշխանություն ձևավորելու և փոխելու մեխանիզմ, գործում են այն հասարակական պետական միջավայրերում, որտեղ դրանք ձևավորվել են ըստ էության: Այդ իմաստով Հայաստանում ընտրությունները չեն աշխատում: Հայաստանում ընտրությունը՝ որպես քաղաքական իշխանություն ձևավորելու մեխանիզմ ու մշակույթ, ներմուծված երևույթ է: Եվ ես կարծում եմ, որ այն դեռ չի ադապտացվել մեր հասարակությանը, որովհետև մեր հասարակության շատ քիչ մասն է ունակ փաստացի անհատական ընտրություն կատարելու, մնացած մասը գերադասում է իր փոխարեն ընտրության իրավունքը տալ ուրիշի՝ դիմացը ստանալով որոշակի ապահովության երաշխիքներ: Որոշ մարդիկ դրա դիմաց պատրաստ են տարբեր փոխհատուցումներ ստանալ, իրավիճակը սա է: Որքան էլ մենք փորձենք ավելի դրական հայացք նետել հասարակության վրա, որքան էլ փորձենք մարդկանց ընտրությունների այս խայտառակ թատրոնի մեջ չմեղադրել, միևնույն է, մարդիկ իրենք բացասական դերակատարությունն ունեն: Ես չեմ ուզում զուտ մեղադրանքի պես դա հնչեցնել, բայց պարտավոր ենք դա արձանագրել, որպեսզի հետո հասկանանք, թե այդ փաստերն ինչպես է պետք ախտորոշել և ինչպես կարելի է դա որպես պրոբլեմ հաղթահարել: Ես կարծում եմ, որ առաջիկա տարիների ամենագլխավոր խնդիրը հասարակության գիտակից ուժերի,- որոնք կարող են կազմակերպված լինել ինչ-որ քաղաքացիական կամ այլ տիպի ձևաչափերում,- այդ ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի հասկանալ, թե ինչ լուծումներ կարելի է առաջարկել՝ հասարարակության այս զգալի հատվածին այդ վիճակից դուրս բերելու համար: Հակառակ դեպքում, եթե մենք նման խնդիր չենք դնում, անիմաստ է դառնում ընդհանրապես ընտրական մեխանիզմը՝ որպես իշխանություն ձևավորելու մեխանիզմ, Հայաստանի համար լեգիտիմ համարելը: Այսինքն՝ ընտրական մեխանիզմն ինքն արդեն իսկ կորցնում է իր լեգիտիմության կարգավիճակը, և այդ մեխանիզմի միջոցով ցանկացած գործողություն՝ ուղղված իշխանության ձևավորմանը, արդեն իսկ կարող է դառնալ ոչ լեգիտիմ:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս իրավիճակն է ստեղծվել: Գուցե քաղաքական ուժերն էլ իրենց մեղքի բաժի՞նն ունեն, որ հասարակությունն այլընտրանք չի տեսնում:

Այս վիճակը նոր չի ձևավորվել: Ցավոք սրտի, 1990-ականների սկզբից կարծես թե գնաց քաղաքական ուժերի ձևավորման հնարավորության սիստեմատիկ վերացում: Տարբեր իշխող համակարգերի օրոք դրանք մի փոքր տարբեր կերպ են ընթացել: Օրինակ՝ ՀՀՇ-ի իշխանության շրջանում նույնպես կային ճնշումներ այլընտրանքային ուժերի հանդեպ: Մենք բոլորս հիշում ենք, թե 1993 թվականին ինչպես ՀՀՇ-ն մեկ գիշերում պարզապես հարձակում գործեց ՀՅԴ գրասենյակի վրա: Դա անթույլատրելի քաղաքական ճնշում էր: Հետագա տարիներին նույն ՀՀՇ-ն արդեն խախտեց նաև քաղաքական օրենքներով ու նորմերով քաղաքական համագործակցություն ձևավորելու այդ սկզբունքը: 1995 թվականին իրեն լիբերալ կուսակցություն հռչակող ՀՀՇ-ն դաշինք կնքեց ՀՀԿ-ի հետ, որը ծայրահեղ նացիոնալիստական կուսակցություն էր: Դա արդեն իսկ աբսուրդ էր, և նման աբսուրդներ քաղաքական դաշտում հետագա տարիներին նույնպես շարունակվեցին՝ հակառակորդ ուժի նկատմամբ բիրտ ուժ, վարչական ռեսուրս կիրառելը մի կողմից, նման անհասկանալի, ոչ գաղափարական հենքի վրա ձևավորվող դաշինքներն ու համագործակցությունները՝ մյուս կողմից: Ռոբերտ Քոչարյանի օրոք դա ստացավ շատ ավելի պրովոկացիոն բնույթ, Քոչարյանն սկսեց ընդհանրապես քայքայել քաղաքական դաշտը: Դա հետագայում շարունակվեց նաև Սերժ Սարգսյանի օրոք, և մենք այսօր կանգնած ենք այն փաստի առջև, որ ըստ էության քաղաքական դաշտում ոչ միայն չունենք ծանրակշիռ ընդդիմություն, այլ նաև չունենք դրա հույսն առաջիկա տարիներին, եթե հրաշք տեղի չունենա:

Այս ֆոնին, հետընտրական զարգացումներ էին կանխատեսվում, բայց տեսնում ենք, որ կուսակցությունները կարծես լուռ են: Ի՞նչ ակնկալել:

Իսկ ո՞վ պետք է այդ հետընտրական զարգացումը կազմակերպեր կամ զարգացներ, չկա այդպիսի ուժ, որը կարող է իր վրա վերցնել նման գործողությունը: Երկրորդ, ինքն  արդեն չունի այն բողոքավոր զանգվածը, որի վրա կարող էր հենվել: Իշխանությունը շատ հմուտ կերպով ձևավորեց մեկ այլ մեխանիզմ, որտեղ այդ բողոքավոր զանգվածին լցրեցին: Դա Ծառուկյան դաշինքն է, որն ըստ էության այս ընտրություններում պարզապես չեզոքացրեց այդ բողոքավոր զանգվածին: Դա շատ օրինաչափ էր, որ այդպես տեղի ունեցավ, որովհետև նախորդ տարիներին էլ այդ բողոքող զանգվածն ըստ էության իր բողոքը գիտակցորեն ու ռացիոնալության հիմքի վրա կառուցող զանգված չէր, այլ իռացիոնալ բողոքող զանգված, որի իռացիոնալիզմն այս ընտրություների շրջանում մարդկանց պարզապես ուղղորդեց ինչ-որ փրկչի, լավություն անող անձնավորության մոտ: Դա իմ կարծիքը չէ, հանրության կարծքին եմ ասում՝ կապված Ծառուկյան դաշինքի հետ: Եվ իշխանությունը շատ ավելի կազմակերպված է, շատ ավելի հմուտ է մնացած ուժերի հետ, խմբերի համեմատ:

Ընտրապայքարին մասնակցող որոշ ուժեր անգամ չէին հասկանում, թե ինչու պետք է որպես ընդդիմություն ձևակերպվեն: Այսինքն՝ դաշտում թարմության կարիք կա, նոր ուժերի խնդիր կա, բայց ամբողջ պրոբլեմն այն է, որ այդ նոր ուժերի հնարավորությունը կարծես թե այդքան էլ նկատելի չէ մեր հասարակությունում: Հիասթափությունը մարդկանց մոտ շատ մեծ է, նույնիսկ այն մարդկանց, ովքեր այդ գիտակից բևեռը կարող են լինել: Շատ բզկտված է նաև ընդդիմադիր դաշտը, իրենք իրենց մեջ շատ չկողմնորոշված են, մեկը մյուսին շատ սուր քննադատում են, բայց ոչ ռացիոնալ, ոչ կառուցողական, պարզապես հայհոյանքների մակարդակի է իջնում այդ քննադատությունը: Ատելություն կա, ագրեսիա կա շատ մեծ: Ամեն դեպքում, շատ անհուսադրող հետընտրական շրջան է: Միակ հուսադրող բանն ու լուրջ փոփոխությունն այն է, որ մի քանի անհատ լինելու են խորհրդարանում: Ես չեմ ուզում Ելք դաշինքի անունը տալ, որովհետև այն ինձ չի ոգևորում, բայց մի քանի անհատ, ովքեր այդ դաշինքի մեջ են, որոնց մտածողությունը տարբերվում է, նրանց առկայությունը գուցե միակ լուսավոր կետն է այս ընտրություններում: Խոսքը երկու-երեք անհատի մասին է, ոչ ավելի: Իսկ ընդհանուր առմամբ, դա պառլամենտ չէ, դա պարզապես խեղկատակություն է:

Նախքան ընտրություններն իշխանությունները և որոշ ուժեր պնդում էին, որ ընտրակարգի փոփոխությունն էապես բարելավելու է ընտրական գործընթացը: Բայց դա կարծես տեղի չունեցավ, ինչո՞ւ:

Ընտրակարգի հիմնական փոփոխությունն ուղղված էր իբր խորհրդարանը քաղաքականացնելուն: Բոլորիս համար դա պատճառաբանվում էր համամասնական ընտրակարգին անցնելու խնդրով: Բայց ռեյտինգային ցուցակների առկայությունը ցույց տվեց, որ այս ընտրություններն ավելի շատ մեծամասնական էին, քան համամասնական, որովհետև բոլոր տեղամասերում, թաղային ու բակային միջավայրերում մարդկանց կողմնորոշում էին տեղային ազդեցիկ անձինք, ովքեր հարց լուծողների դեր կարող էին կատարել կամ էլ այդ տարածքում շատ ամուր անձնական ճանաչողությունից բխող կապեր ունեին: Մյուս կողմից էլ կարողանում էին մարդկանց շահագրգռել ու պարզապես գնել ընտրակաշառքի միջոցով: Այս ռեյտինգային ցուցակները ցույց տվեցին, որ ընտրությունները խայտառակություն էին, ծուղակ: Այդ ռեյտինգային ցուցակներով միշտ էլ մեր նման հասարակություններում հաղթելու են մարդիկ, ովքեր ունեն ստվերային ազդեցության լծակներ: Եվ այս ընտրությունները երևի թե ամենամեծ ստվերայնություն ունեցող ընտրություններին էին, ստվերային իշխանության, ոչ օրինական իշխանության իմաստով: Տեղական հեղինակությունների ազդեցությունը նկատի ունեմ, որով իրենք ըստ էության արգելափակում էին նաև մարդու քաղաքական համակրանքները:

Այս ընտրություններում տեղական այդ անձնական ճանաչողությունը ՀՀԿ-ն շատ հմտորեն ընտրակարագի փոփոխություններով կապեց քաղաքական կուսակցության հետ: Այսինքն՝ ՀՀԿ-ն ստեղծել էր մեկ հարվածով երկու նապաստակ խփելու մեխանիզմը: Եվ դա լուրջ ծուղակ էր բոլորի համար: Նրանք ունեն վարչական ռեսուրս, բայց դրա հետ միասին իրոք աշխատում են, իհարկե ոչ ՀՀ պետականության զարգացման տեսնակյունից: Դա ուղղված է պետականության հիմքերի թուլացմանը, դա շարունակելու է թուլացնել ՀՀ ինքնիշխանությունը: Որևէ հուսադրող բան չի կարող լինել, եթե նույն ՀՀԿ-ի մեջ հանկարծ գիտակցության փայլլատակում չլինի, ինչը խիստ կասկածում եմ, որ կլինի: Այսինքն՝ պետք է բարոյականության փոփոխություն, քաղաքական կամքի փոփոխություն, պատասխանատվության և արժանապատվության զգացումի արթնացում, որն այդ ուժի մեջ բացարձակապես զրոյի է հավասար: Նման խայտառակ ընտրությունների պայմաններում չենք կարող առողջ ակնկալիքներ ունենալ:

Ամենաընթերցվածը