Շոգեբաղնիքը պոռնկանոց չէ

    • Հարցազրույց - 12 Ապրիլի 2017, 09:13
Մեր զրուցակիցն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը։ Նա ՀՀԿ ավագանու ցուցակի 13-րդ հորիզոնական է զբաղեցնում

Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ նորից ընդգրկվեցիք ՀՀԿ ավագանու ցուցակում։ Տարոն Մարգարյա՞նն առաջարկեց։

Քաղաքապետի ոճն ինձ դուր է գալիս, աշխատանքները գնահատում եմ դրական, անցած ավագանու որոշումները մեծամասնությամբ անցել են համընդհանուր համաձայնությամբ, բոլոր որոշումները քննարկվել են։ Ես այդ ընթացքում սովորել եմ որոշումներ ընդունել, սովորել եմ կառավարել, կազմակերպչական որոշումներ ընդունել, ավագանու աշխատանքն էլ ինձ դուր է եկել։

Դուք 15 տարի Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն եք ղեկավարել։ Որքանո՞վ եք արդյունավետ համարում այդ ամենից հետո ավագանիում աշխատանքը, թե՞ պարզապես խնդրել են, դուք էլ ներգրավվել եք։

Իմ կազմակերպչական ձիրքերը, իմ աշխատելաձևը մոտ է ավագանու նիստերի աշխատանքներին։ Որոշումներ ընդունելը, որ լինի առողջ մտածելակերպ, որ որոշումը կայացվի ամենաճիշտը, ամենաազնիվն ու օգտակարը։ Ես հպարտ եմ, որ անցած ավագանու 4 տարիների ընթացքում մենք շատ անհատների, զոհվածների ընտանիքների, անտուն մարդկանց, փախստականների ապահովել ենք տներով։ Դա ինձ մեծ բավականություն է պատճառել։

Մեր քաղաքը Ձեզ դո՞ւր է գալիս։ Ասում են Երեւանը պճնված է, բայց դա չի նշանակում, որ հարմարավետ քաղաք է։

Ես կարծում եմ, որ այնքան շատ խնդիրներ կան Երևանում, որ դրանք լուծելու համար ոչ թե մեկ կամ երկու ավագանի, այլ անընդհատ աշխատանք կա կատարելու, որպեսզի դեպի լավը գնա, որովհետև միայն ցանկությունը քիչ է։ Ըստ հնարավորությունների պետք է գործել։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, սա մեր քաղաքն է, և ես հպարտ եմ, որ իմ քաղաքի խնդիրների լուծմանը կարող եմ մասնակցություն ունենալ։

Տեսակետ կա, որ հայտնի մարդկանց, մշակույթի գործիչներին իր ցուցակում ընդգկելով՝ՀՀԿ-ն նրանց գործիք է դարձնում, կարողանում է իր նպատակներին ծառայեցնել։ Նման մտավախություն չունե՞ք։

Ես կարծում եմ, որ Հանրապետականը հենց մտավորական մարդկանց, արվեստի մարդկանց ավագանիում ընդգրկում է, որ այդ աշխատանքները կատարվեն ավելի որակյալ, ավելի մարդկային, ավելի զարգացած մարդկանց միջոցով։ Ընդհակառակը, ես ողջունում եմ, որ նման մարդկանց են ընդգրկում։ Ես կարծում եմ, որ ես ոչ մի անգամ գործիք չեմ կարող դառնալ։

Դուք երկրում առկա խնդիրների, անհուսության, արտագաղթի համար ՀՀԿ-ին մեղադրո՞ւմ եք որպես իշխող կուսակցություն։

Որպես հայ մարդ՝ ինձ համար շատ ցավալի է այդ ամենը։ Այստեղ մեղադրելու հարցը չի, այստեղ շատ բաղադրիչներ կան, որոնց պետք է անդրադառնալ։ Իհարկե, այնպիսի թերություններ կան, որոնք պետք է շտկել, այնպիսի գործողություններ կան, որ պետք է կատարվեն, որ կարողանանք քայլ առ քայլ առաջ գնալ և վերացնելով թերությունները՝ լավացնել իրավիճակը։ Եվ իմ համաձայնության մեծ մասը հենց այդ ցանկությունները կյանքի կոչելու համար է։ Եվ չեմ կարծում, որ ես և իմ նմանները կարող են գործիք դառնալ։

Ի՞նչ եք կարծում, եթե իշխանության կողմից ցանկություն և քաղաքական կամք ցուցաբերվեր, այսքան խնդիրներ առկա կլինեի՞ն, թե դրանց լուծում կտրվեր։

Էնպիսի բան եք ասում... եթե ցանկություն ունենար... Ձեր ասածից դուրս է գալիս, որ ՀՀԿ-են մեր ազգի թշնամին է։ Ուրիշ հարց է, թե ինչ չափով է կարողանում խնդիրներին լուծում տալ։ Խնդիրներ կան, որ դժվար են լուծվում և դժվար են լուծվելու, որի համար ժամանակ և հնարավորություն է պետք։ Ես այդպես եմ կարծում։

Պարոն Հովհաննիսյան, օպերային թատրոնում որոշվել է կառուցել շոգեբաղնիք, ռեստորան։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ որոշման վերաբերյալ։

Սկսեմ ռեստորանից. ռուսները հայտնի ասացվածք ունեն՝ Театр начинается с буфета։ 15 տարիների՝ օպերային թատրոնում աշխատելու ժամանակ շատ երկրներում ենք հյուրախաղերի մեկնել, և կարող եմ ասել, որ չկա այդպիսի թատրոն, որտեղ ռեստորան, սրճարան, ժամանցի, ընդմիջման վայր չլինի։ Եվ սա զարմանալի բան չէ։ Օպերային թատրոնի շրջապատում 20-30 սրճարան և ռեստորան կա, բայց սրճարանում նստածներից ոչ մեկին 15 տարիների ընթացքում չեմ տեսել, իհարկե բացառություններ լինում են։ Հիմա եթե գեղեցիկ բան կառուցվի, և թատրոն եկողը ժամ առաջ գա, նստի ընթրի, հետո նոր մտնի ներկայացում նայի, ավելի կապվի թատրոնի հետ, ինչ վատ է։ Էլի եմ ասում, եթե դա մտածված լինի որպես բիզնեսի, եկամտի աղբյուր, ես կասեմ, որ ժողովուրդը ճիշտ է, որ բողոքում է, ես էլ դեմ կլինեմ։ Բայց պետք է այդ մարդու նպատակի, ծրագրերի հետ ծանոթանալ, հետո նոր եզրակացություն անել։ Ճանաչելով Արմեն Ամիրյանին՝ որպես բազմակողմանի զարգացած, բարձր ինտելեկտի տեր մարդ, ինքը նման բան չէր անի։ Օպերայի տանիքային հատվածում անհնար է նման բան կառուցել։

Ինչ վերաբերում է շոգեբաղնիքին... շոգեբաղնիքը պոռնկանոց չէ։ Երբ 2002-ին մենք շենքը Լինսի հիմնադրամով հիմնանորոգում էինք, վերջին պահին ես կարողացա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համոզել, խնդրել մեկ սաունա կառուցել, քանի որ բալետի աղջիկներն ու տղաները դրա կարիքն ունեն։ Կրթական ցենզի միջինից բարձր մարդը հասկանում է, որ մարզիկին կարելի է հավասարեցնել բալետի պարողներին։ Մեր սարքածը 10-13 տարի ծառայել է միմիայն մեր թատրոնի, նվագախմբի տղաների, երգիչների, արվեստի մարդկանց, միայն մարզիկներին չէ, որ շոգեբաղնիքը պետք է։ Եվ եթե դա քաղաքակիրթ ձևով է արվում և ծառայում է նպատակին, ես դա միայն ողջունում եմ։

Ամենաընթերցվածը