Մի պահ քաղաքապետն էլ հասկացավ, եւ շների թիվը 1500-ից իջավ 150-ի

    • Հարցազրույց - 11 Ապրիլի 2017, 18:48
Lragir.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը

Տիկին Բախշյան, Երևանում ավագանու նոր ընտրություններ են սպասվում, եթե ամփոփենք ավագանու նախորդ տարիների աշխատանքը, ի՞նչ գնահատական կտաք:

Ես կարող եմ ասել, թե նախորդ տարիներին ինչ եմ արել ես՝ որպես ավագանու անդամ: Անցած 4 տարիներին ես երևանցիներից ստացել եմ 783 նամակ, 815 նամակ եմ գրել տարբեր պաշտոնյաների՝ բարձրացնելով 243 հարց: Այդ բարձրացված հարցերի մոտ 30 տոկոսը լուծվել են կամ մասամբ են լուծվել: Ես չեմ ասում՝ գոհ եմ արդյունքներից, բայց մի քանի առանցքային հարցեր լուծվել են: Մեր խմբակցության հետևողական պահանջը՝ ուղիղ եթերով ավագանու նիստերի հեռարձակումը, կատարվել է: Լուծում ենք տվել Երևանի կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի վերաբացման հարցին, որը փակ էր 2009 թվականից: Հաջորդ կարևոր խնդիրը` լուծվել է Երևանի ենթակայությամբ գործող բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսական փաստաթղթերի հրապարակայնացման ու թափանցիկության հարցը: Այսօր Երևանի քաղաքապետարանի կայքում կարող եք այդ տեղեկությունը ստանալ: Եվ այլ մի շարք խնդիրներ են լուծվել:

Շփվելով երևանցիների հետ՝ ի՞նչ եք արձանագրում, ի՞նչ խնդիրներ են նրանք հիմնականում բարձրացնում:

Երևանցիների դժգոհությունը բազմաոլորտ է: Հենց այսօր նամակ եմ ստացել Թումանյան 35 շենքի բնակիչներից այն մասին, որ իրենց շենքի տակ գործում է կարաոկե ակումբ, և գիշերվա 12:00-ից մինչև լուսաբաց երաժշտության աղմուկը մարդկանց մեծ անհանգստություն է պատճառում: Նմանօրինակ դիմումներ բնակիչներից շատ եմ ստացել, որոշ դեպքերում լուծումներ տրվել են: Երևանիցները բողոքում են հասարակական տրանսպորտից, վերելակներից, բողոքում են բազմաբնակարան շենքերի համատիրությունների գործունեությունից, բողոքում են կոյուղու ցանցի անսարքությունից: Հիմնական բողոքներից մեկը Երևանի մանկապարտեզների հերթերի վերաբերյալ է: Մանկապարտեզների հերթագրման գործընթացը ոչ թափանցիկ է, որի վերաբերյալ նույնպես առաջարկություն եմ արել, որպեսզի կայքում հրապարակվի էլեկտրոնային ցուցակագրման կարգը, որպեսզի ծնողներն առցանց հետևեն, թե իրենց երեխայի հերթն ուր հասավ: Դեռ կայքում դա չեն հրապարակում:

Ի՞նչ եք նկատել՝ Երևանի իշխանություններն ի զորո՞ւ են այս համակարգի պայմաններում լուծել մայրաքաղաքի խնդիրները:

Ցանկացած իշխանություն ոչ թե ի զորու է, այլ պարտավոր է իր լիազորությունների ու իրեն տրված բյուջեի շրջանակներում արդյունավետ աշխատել և ամեն լուման նպատակային ծախսել: Երևանի իշխանությունների մասին չեմ կարող ասել, որ այդ բյուջեն ու յուրաքանչյուր լուման արդյունավետ է ծախսվում: Անցած 4 տարիները դա ցույց տվեցին: 2013 թվականին, երբ մենք ավագանու անդամ դարձանք, ըստ բյուջեի, Երևանում դրոշների համար տարեկան ծախսվում էր 97 մլն դրամ: Ամեն տարի մենք այդ հարցը բարձրացրեցինք, աստիճանաբար իջավ 45 մլն-ի: Բայց էլի կարելի է իջեցնել: Թափառող շների հետ կապված հսկայական գումարներ են գնում, և որևէ թիվ չես կարող ճշտել: Մի պահ քաղաքապետն ինքն էլ հասկացավ, որ թվեր են ասում, թե 1500 շուն են վերացնում, բայց դա խելքին մոտ բան չէր, որովհետև պետք է օրենքով շուն չմնար Երևանում: Այդ թիվը հետո կտրուկ իջավ 150-ի, հիմա նորից ամեն երկուշաբթի զեկուցում են, այդ թիվը կամաց-կամաց բարձրացել է, հասել 300-ի: Վերահսկողության պակաս կա, անպատժելիության մթնոլորտ կա, որևէ մեկի ձեռքը չեն բռնում ասեն՝ դու էս ի՞նչ ես անում: Հատ ու կենտ դեպքեր կան ցուցադրական, բայց դրանք համակարգը չեն մաքրում: Սրտանց չկա քաղաքական կամք՝ ծառայելու ժողովրդին, պետական բյուջեի յուրաքանչյուր լուման արդյունավետ օգտագործելու համար:

Իշխանափոխության կարիք կա՞ Երևանում:

Ամբողջ Հայաստանում կա իշխանափոխության խնդիր, մասնավորապես, այդ խնդիրը կա Երևանում: Բայց Ազգային ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունների միջոցով կարծես չի հաջողվում իշխանափոխություն անել: Հույս ունեմ, որ Երևանում դա այս անգամ կհաջողվի: Իսկ եթե չի հաջողվում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել, մեզ մնում է իշխանության գլուխ կանգնած մարդկանց ամեն րոպե կտցել, կտցահարել, ցույց տալ, պահանջել, որ հրապարակային, թափանցիկ գործունեություն ծավալեն, հաշվետու լինեն: Այդ պահանջն ի վերջո պետք է արդյունք տա, մարդ են վերջապես, չէ՞:

Ամենաընթերցվածը