Ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան դուք սպասում եք

    • Հարցազրույց - 11 Ապրիլի 2017, 09:19
Մեր զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը

Դանիել, ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 16 քրեական գործ, Փարպի գյուղում անվավեր ճանաչվեցին ընտրությունների արդյունքները։ Որքանո՞վ են, ըստ Ձեզ, այս քայլերը իսկապես միտված խախտումները բացահայտելուն։

Հարուցված քրեական գործերն ընդհանուր պատկերի շատ փոքր մասն են։ Իրավապահները քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի իրապես բացահայտեն ամբողջ կեղծիքների պատկերը։ Ինչ էլ բացահայտել ենք, հիմնականում մենք ենք բացահայտել։ Ինչ վերաբերում է Փարպի գյուղին, մենք այնտեղ դիտորդ ունեինք, ում ամեն կերպ փորձում էին ճնշել, մենք այնտեղ ուղարկեցինք դիտորդների շրջիկ խումբ, որոնց նույնպես փորձեցին ճնշել, խոչընդոտել, և մենք ի վերջո այնտեղ ուղարկեցինք մեր ծանր հրետանուն՝ Արթուր Սաքունցին, ով քիչ թե շատ կարողացավ այնտեղ հասարակական կարգը վերականգնել։ Ընդհանրապես «բարի» ավանդույթ է դառնում, որ իրավապահների գործառույթները սկսում ենք մենք կատարել։ Ինձ նաև ասացին, որ Փարպի գյուղի բնակիչներն են բողոքում, թե ինչու է իրենց քվեն անվավեր ճանաչվում։

Գյուղապետն էլ հայտարարել է, որ սա իրենց իրավունքի կոպտագույն խախտում է։

Իրենց իրավունքի կոպտագույն խախտումներն այն բաց քվերակություններ են, այն խախտումները, որոնք տեղի էին ունենում այդ տեղամասում։ Եվ եթե Փարպի գյուղի բնակիչներն այդքան բարձր քաղաքացիական գիտակցություն ունեն, շատ լավ է, թող ամոթանք տանք իրենց այն համագյուղացիներին, ովքեր կեղծում էին, ընտրատեղամասում խախտում են ԸՕ-ի դրույթները, ովքեր ստիպում էին բաց քվեարկություն անել։ Թող այդ մարդկանց դեմ բողոքեն, ոչ թե ԿԸՀ-ի որոշման դեմ։ Հազիվ մեկ անգամ ԿԸՀ-ն գոնե մեկ ընտրատեղամասի մասով ադեկվատ ռեակցիա է տվել, դեռ շատ ընտրատեղամասերում պետք է անվավեր ճանաչվեին։ Կարծում եմ՝ Փարպի գյուղի բնակիչները այդ որոշմամբ պետք է ուրախ լինեն, որովհետև այդպիսի խախտումներով այն արդյունքները, որոնք արձանագրվել էին այդ տեղամասում և որոնք Փարպի գյուղի կարծիքը պետք է արտացոլեին, չէին արտացոլում Փարպի գյուղի իրական կարծիքը։

114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գործով թեև առաջընթաց չկա, անարձագանք մնացին ձեր բացահայտումները, փոխարենը Ձեզ են դատի տվել և 60 միլիոն են պահանջում։ Ինչի՞ մասին է սա խոսում։

Այո, 30 տնօրեններ դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով ինձնից և Իրազեկ քաղաքացիների միավորումից հրապարակավ հերքել մեր հրապարակումը և յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամի փոխհատուցում վճարել։ Այնպես որ, ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան դուք սպասում եք։ Քիչ է, որ անպատիժ են մնացել, մի բան էլ մեզ են ուզում պատժել։ Սա է իրականությունը։

Դանիել, Դուք, քաղաքացի դիտորդները, անկախ դիտորդները մի շարք խախտումներ արձանագրեցին, սակայն քաղաքական ուժերը բողոքարկելու խնդիր չտեսան՝ բացառությամբ ՀԱԿ-ի, որ դիմել է ԿԸՀ՝ չեղյալ հայտարարելու ընտրության արդյունքները։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, չբողոքարկեցին։

Ես չեմ կարող մեկնաբանել քաղաքական ուժերի փոխարեն։ Որ քաղաքական ուժը մեզնից խնդրել է տրամադրել մեր ձեռքի տակ եղած փաստերը, մենք տրամադրել ենք, մնացածն իրենց գործն է, ուզում են բողոքարկեն, ուզում են ընդունեն արդյունքները, դա իրենց գործն է։ Քաղաքական ուժերը երբեմն ունենում են իրենց շահերը, գուցե մի ուժ համարում է, որ կեղծվել են ընտրությունները, բայց չի ուզում բողոքարկել, որպեսզի ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը մեծանա։ Ենթադրենք ինչ-որ տեղամասում տեղի է ունենում լցոնում, բոլորի համար պարզ է չէ՞, որ կեղծիք է, արձանագրության մեջ թվեր են նկարում, կեղծում, բոլորի համար պարզ է, որ այնտեղ կեղծիք կա, բայց կան կեղծիքներ, որոնց համար պետք է ավելի խորքային ուսումնասիրություն։ Մեր մասնագիտությունը հենց դա է՝ հասկանալ ընտրական պրոցեսները ու ավելի խորքային գնահատական տալ, երբ լցոնում չկա, թվանկարչություն չկա, այդուհանդերձ, ընտրախախտումներ կան, հասկանալ այդ ընտրախախտումներն ի՞նչ ծավալի են եղել, ի՞նչ բնույթ են ունեցել, կարո՞ղ էին ազդել արդյոք քվեարկության արդյունքների վրա։

Այս ընտրությունները ԸՕ-ի հետ կապված ի՞նչ բացեր արձանագրեցին։ Ի վերջո 4+4+4 ձևաչափով քննարկումներին Դուք էլ էիք մասնակցում։ Շատերը նույնիսկ այն պատմական համաձայնագիր էին համարում։

Ընտրակաշառք, վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների վերահսկում, թե ով ինչպես քվերակեց։ Այս երեք խախտումների համադրությունը ստիպում է մեզ ասել, որ ընտրությունները չեն արտացոլում հանրության ցանկությունները։

Ինչ վերաբերում է 4+4+4 ձևաչափով քննարկումներին, մեր մասնակցությունը միգուցե սխալ էր։ Եվ ես չեմ բացառում, որ մենք, այդ բանակցություններին գնալով, սխալ գործեցինք, քանի որ իշխանությունների կողմից դա օգտագործվեց։ Հայաստանում բոլորը հիշում են, որ մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրել, ավելին՝ ստորագրմանը ներկա էլ չենք եղել, բայց ես վստահեցնում եմ, Բրյուսելում ում հանդիպել եմ, ում բողոքել եմ ԸՕ-ից, ասել են՝ բա համաձայնագիրը ստորագրել եք, ինչո՞ւ եք հիմա բողոքում։ Մենք ստիպված բացատրում ենք, որ մենք համաձայնություն չենք ստորագրել, որ իրականությունն այլ է, որ այս ամենը իշխանությունն է տարածում։

Հիշեցնեմ, որ ոչ իշխանական երեք ուժերից, որոնք մասնակցել էին այդ քննարկումներին, այդ չորսից երկուսը պառլամենտ ընդհանրապես չանցան, մեկն էլ անցավ, բայց ավելի քիչ մանդատ ստացավ, քան նախորդ ընտրություններին։ Այնպես որ իրականում այդ 4+4+4-ից հաղթող դուրս եկավ իշխանությունը։

Ամենաընթերցվածը