Ռուսաստանի հետ ռազմական հնարավոր բախումը կարող է տեղափոխվել Հայաստանի սահման

    • Հարցազրույց - 10 Ապրիլի 2017, 18:08
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի կողմից Սիրիային հարվածներ հասցնելը: Ինչո՞վ էր դա պայմանավորված և ինչին էր ուղղված:

Ուղղված էր նրան, որ Պուտինը իսկապես հետ քաշվի դեպի Ռուսաստան, այսինքն չմտնի այլ տարածքներ, վարի ավելի կոնսերվատիվ արտաքին քաղաքականություն։ Մի կողմից սա կարող է նշանակել, որ Ռուսաստանը կթուլացնի ճնշումները Ղարաբաղի հարցում, բայց չի բացառվում, որ զրկված լինելով այլ տեղերում իրեն դրսևորելու հնարավորությունից, փորձի Ղարաբաղում ավելի ակտիվ դերակատարություն ունենալ, իսկ դա տվյալ դեպքում նշանակում է Ղարաբաղում հարաբերությունների սրում, որովհետև այդ դեպքում Ռուսաստանի կարիքն ավելի շատ կզգացվի։

Այսինքն ավելի բարդ իրավիճա՞կ է ստեղծվում։

Այո, բավական բարդ իրավիճակ է, ավելին, դեռ պարզ չէ ռուս-թուրքական հարաբերությունների ճակատագիրը, որովհետև մի կողմից այդ հարաբերությունները հիմա համարվում են բավականին ջերմ, մյուս կողմից Թուրքիան տեսնում է, որ ակնհայտորեն ամերիկյան մոտեցումն իրեն ավելի ձեռնտու է, այսինքն Ասադի ռեժիմը տապալելու մոտեցումը, որ Թուրքիան էր միշտ հանդես բերում, արձագանք է գտնում Թրամփի մոտ։

Շատերի համար անակնկալ էր ԱՄՆ-ի հարվածը Սիրիայում։ Ձեր կարծիքով, Պուտինը սպասո՞ւմ էր այդ հարվածին, և ԱՄՆ-ի կտրուկ գործողությունները կարո՞ղ են հանգեցնել իրավիճակի ավելի սրման։

Պուտինը հերթական անգամ փորձում էր տեսնել, թե որտեղ է Արևմուտքի համբերության սահմանը, այսինքն անընդհատ ավելի ու ավելի ագրեսիվ պահվածք էր դրսևորում։ Հիշում եք, ժամանակին Ռուսաստանը փորձում էր տեսնել, թե որտեղ է ՆԱՏՕ-ի համբերության սահմանը, ինչն ավարտվեց թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավի կործանումով։ Սա էլ նման մի դեպք է։ Ես կարծում եմ, որ Պուտինի համար սա անսպասելի չէր, նա այնուամենայնիվ տեսնում էր, որ ինչ-որ տեղ սահման կա։ Քիմիական զենքի օգտագործումը ռազմական առումով ոչինչ չի տալիս ոչ Ասադին, ոչ Պուտինին, դա պարզապես սահմանը ստուգելու գործողություն էր, տեսնելու, թե ինքն ինչքան ազատություն ունի, որտեղ Ամերիկան կպատասխանի իր սադրանքներին։ Մյուս կողմից էլ Թրամփը, որին շատերը մեղադրում էին պուտինամոլ լինելու մեջ, ստիպված էր գործողություններ կատարել՝ ապացուցելու համար, որ այդ մեղադրանքները սին են։ Ամենևին զարմանալի չէ, որ հենց հաջորդ օրը նա կարողացավ գլխավոր դատախազի պաշտոնում անցկացնել իր կողմից առաջարկվող թեկնածուին։ Փաստորեն սա լուրջ քայլ էր, որով նա ամերիկյան ժողովրդին և օրենսդիրներին համոզեց, որ ինքը պուտինամոլ չէ, Ռուսաստանի կողմից կառավարվող չէ։

Այսինքն այն կարծրատիպը, որ Թրամփը այլ քաղաքական կուրս է որդեգրել, ինչ-որ առումով նույնպես վերանո՞ւմ է և ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր զարգացման փո՞ւլ են մտնում։

Հաստատ ռուս-ամերիկյան հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում, մյուս կողմից էլ Թրամփի հիմնական քաղաքական օրակարգը հիմա Օբամային քննադատելն է։ Նա Օբամային քննադատում է նաև Սիրիայի հարցում թուլամորթության համար։ Հիմա Թրամփը հանդես եկավ որպես «մաչո նախագահ» և կոնկրետ կոշտ գործողություններ ձեռնարկեց:

Ստացվում է Վաշինգտոն-Մոսկվա նոր հակամարտությո՞ւն և հնարավո՞ր է, որ կողմերը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

Դեռ ոչ, բայց որոշ ժամանակ հետո, կարծում եմ՝ կլինեն այդ պայմանավորվածությունները։ Դեռևս անհրաժեշտ է, որ Ռուսաստանին ցույց տան իր աշխարհքաղաքական դիրքը։ Հիմա դեռ այդ գործընթացն է գնալու, որից հետո նոր կլինեն պայմանավորվածություններ։

Ըստ էության, ԱՄՆ-ը վերադառնում է Մերձավոր Արևելքի մեծ քաղաքականությո՞ւն։

Դժվար է ասել՝ սա կլինի շարունակական քաղաքականություն Մերձավոր Արևելքում, թե ոչ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ Սիրիայում Միացյալ Նահանգները ցանկանում է հենց այսպիսի քաղաքականություն վարել։ Բոլոր դեպքերում, սիրիական հարցը ԱՄՆ-ի օրակարգ է վերադարձել։ Արդյոք դա ավելի լայն քաղաքականություն է նշանակում, թե ոչ, այս պահին դժվար է ասել, որովհետև Թրամփի որդեգրած քաղաքականությունը նշանակում է նոր իզոլացիոնիզմ։ Թե մինչև որտեղ կլինի այդ իզոլացիոնիզմը, այս պահին դեռևս դժվար է ասել, նույնիսկ Թրամփը չգիտի։ Դա, կարծում եմ՝ կախված է զարգացումներից։

Շատերը նշում են, որ Ռուսաստանի համար Ասադն ինչ-որ առումով նաև գլխացավանք է դարձել։

Ոչ, Ռուսաստանի համար Ասադը կարևոր է թե Մերձավոր Արևելքում, թե Միջերկրական ծովում իր ռազմական ներկայության, ինչպես նաև բավական լուրջ նավթագազային նախագծերի համար։

Իսկ Արցախի հարցում ի՞նչ զարգացումներ են հնարավոր, Մոսկվան կարո՞ղ է լարել իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես ԼՂ խնդիրը խաղաքարտ օգտագործելով։

Ռուսաստանն ունի այդ հնարավորությունը։ Այո, զարգացումներից մեկը Ռուսաստանի կողմից հրահրվող նոր պատերազմն է, որը կրկին Մոսկվայի արտաքին քաղաքական նշանակությունն աշխարհի համար կկարևորի որպես այդ հակամարտության մենեջեր, որպես մի պետություն, որը կարողանում է այնտեղ հակամարտություն հրահրել, հասցնել պատերազմի, հետո բերել զինադադարի, հետո նորից հրահրել և այդպես շարունակ։

Սահմանին վիճակը կլարվի այն դեպքում, երբ կսրվեն ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես ռուսական պոլիգոն, և հայ-թուրքական սահմանն ընկալում է որպես ռուս-թուրքական ռազմաքաղաքական սահման։ Այնպես որ, Ռուսաստանի հետ գործողությունները, եթե լինեն այդպիսիք, չի բացառվում, որ տեղափոխվեն Հայաստանի սահման։ Ամեն ինչ կախված է ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկայից։

Այս պահին ռուս-թուրքական պայմանավորվածությունները չեղյալ չեն համարվել, այս պահին դեռևս Ռուսաստանն ու Թուրքիան քույր ու եղբայր են հանդես գալիս, բայց Թուրքիայի դիրքորոշումը Ասադի հարցում բոլորին հայտնի է։ Հայտնի է նաև Ռուսաստանի մոտեցումը, որը փորձում է ամեն գնով Ասադին պահել իշխանության։ Այս հարցը, կարծես թե, երկուսի համար էլ կոմպրոմիսային չէ։

Ամենաընթերցվածը