Եթե դու Կոմիտաս ու Նարեկացի ես ունեցել, դա չի արդարացնում քո այսօրվա խոզ վիճակը

    • Հարցազրույց - 09 Ապրիլի 2017, 12:13
Lragir.am-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարոն Բաբայան, խորհրդարանական ընտրություններով ինչ-որ բան փոխվե՞ց Հայաստանում:

Կարծում եմ՝ ոչ: Ես մեծ սպասելիքներ չունեի, որ ինչ-որ բան պետք է փոխվեր, որովհետև քվեարկության արդյունքում ընդհանրապես շատ քիչ բան է փոխվում: Ընտրություն արդյունքում է փոփոխություն լինում, իսկ ընտրությունը դա քվեարկություն չէ: Ես նկատի ունեմ՝ դա մեկ օրվա գործ չէ: Քվեարկությունը դա եզրափակիչ փուլն է այն ընտրության, որը մենք յուրաքանչյուրս մեզ համար անում ենք, թե մենք ինչ քաղաքակրթական դաշտում ենք ուզում ապրել, ինչ արժեքային համակարգում, ինչ սկզբունքներ ենք դավանում, ինչ երկիր ենք ուզում տեսնել և այլն: Եվ այդ ամենից ելնելով՝ մենք կատարում ենք մեր ընտրությունը: Հետո այդ ընտրության հիման վրա կատարում ենք քվեարկություն: Մենք, ցավոք սրտի, ամբողջ ընտրական գործընթացը բերել ու սահմանափակել ենք միայն քվեարկությամբ: Նեղացրել ենք ընտրության բուն գաղափարը: Եվ եթե մենք այս կարևոր ու մեծ գործընթացը բերել ենք ու փոքր բանի հասցրել, պարզ է, որ այդ փոքր գործառույթը չի կարող փոխել մեր կյանքը:

Մեր կյանքը պետք է փոխվի մեր միջից, մեր ներսից, յուրաքանչյուրիս կայացրած ընտրությունից: Կարելի է նույնիսկ շատ տարբեր գաղափարախոսություն կրող կուսակցությունների ձայն տալ, բայց եթե դու ներքուստ չես կողմնորոշվել քո ընտրության մեջ, թե դու ինչ ես ուզում, որտեղ ես քեզ տեսնում, այլ քո ճակատագիրը կապում ես պարզապես արտաքին ուժերի հետ (նկատի չունեմ միայն դրսի ուժեր, նաև իշխանության, ընդդիմության հետ, ոչ թե անձամբ քո ընտրության հետ), դա սխալ է: Եթե անձամբ դու ընտրությունդ կատարում ես, քեզ դժվար է շեղել, բայց եթե պարզապես քվեարկություն ես կատարում, կարող են և շեղել, և գնել, և վախեցնել:

Այսինքն՝ մեր հասարակությունը դեռ իր ընտրությունը չի՞ կատարել:

Մեզանից յուրաքանյուրի մեջ կան և դրական, և բացասական կողմեր: Ամենակարևորը, թե ինչպես ենք մենք կառուցում մեր կյանքը: Մենք փորձում ենք ներքին ներաշխարհով կատարելագործվե՞լ, թե պարզապես հասնում ենք մի վիճակի ու սկսում բոլոր խնդիրները փնտրել մեզնից դուրս: Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ ամենատարածված խաբկանքն այն է, որ մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս է: Դա մի քիչ տիրոջ մոտեցում չէ: Մենք փորձում ենք տեր փնտրել դրսից, մեզ թվում է, թե կգա ինչ-որ մեկը, մեզ կազատագրի, կդարձնի տեր մեր երկրում: Այդպես չի լինում, սկզբում ներքուստ են ազատագրվում, ներքուստ են դառնում սեփական ճակատագրի, սեփական գործի, սեփական երջանկության, սեփական մարդկային հարաբերությունների տերը, հետո նոր այդ ամենն իրականացնում են կյանքում: Հակառակը չի լինում, հակառակը սուտ է ու ոչ կայուն:

Երբ ես հաճախ հուսահատ արտահայտություններ եմ լսում, ասում եմ՝ պետք չէ հուսահատվել, որովհետև ճիշտ հայելու պատկերը տեսնելը էլի լավ բան է: Այդ ժամանակ դու հասկանում ես, թե իրական պատկերը որն է, պետք է բուժվես: Կարծում եմ՝ մեր բուժման ամենահստակ ճանապարհը մեր կրթվածությունն է: Մենք չենք կարող քաղաքակիրթ երկիր ունենալ՝ անձնապես անկիրթ լինելով: Եվ մենք չենք կարող պահանջել որևէ մեկից, որ նա լինի կիրթ, եթե մենք ինքներս այդպիսին չենք: Սա երկար գործընթաց է, բայց այս ճանապարհով պետք է գնալ: Պետք չէ ամբողջը տեղափոխել անցյալի մեջ, որ մենք անցյալում այսպիսին ենք եղել, և դա լրիվ բավական է, որ մենք համարվենք քաղաքակիրթ և զարգացած: Այդպես չէ, քաղաքակիրթ լինելը դա մշտական պրոցես է: Եթե դու Կոմիտաս ու Նարեկացի ես ունեցել, դա չի արդարացնում քո այսօրվա խոզ վիճակը: Դա պարտավորեցնում է, որ դու ամեն օր աշխատես քեզ վրա, ոչ թե պարզապես ծուլությամբ ասես՝ մենք նման բան ենք ունեցել: Բա այսօր, բա վաղը:

Ընտրություններից հետո որոշ ուժեր սկսեցին մեղադրել հասարակությանը, որ ընտրակաշառք են վերցրել ու ըստ այդմ քվեարկել: Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակությանը մեղադրող ուժերին:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցությունների կողմից ժողովրդին մեղադրանքներ ներկայացնելը շատ անիմաստ գործընթաց է, դեպի փակուղի տանող: Դե լավ, մեղադրեցիք, բայց արձանագրեք փաստը: Այո, եղել է և վարչական ճնշում, և փողի բաժանում, այդ ամենը եղել է: Բայց եկեք նայենք՝ մենք ի՞նչ ենք դրան հակադրում, շատ կարևոր է դա: Բոլոր դեպքերում մարդն էլի ընտրություն է անում, և եթե նա քաղաքական ուժերի մեջ մեծ տարբերություն չի տեսնում, այն ժամանակ նա, իհարկե, ձեռքը գցում է փողին: Ուրեմն քո ներկայացրած գաղափարները, ճանապարհն այնքան համոզիչ պետք է լինեն, որպեսզի մարդը հրաժարվի դրանից: Էլ չեմ ասում, որ բացահայտորեն հիմնականում բոլոր քաղաքական ուժերի կողմից պրոպագանդվում էր անբարոյականություն՝ գնացեք փողը վերցրեք, բայց հետո ուրիշին ընտրեք: Ուրեմն քիչ է, որ փողը վերցնելն է անբարոյականություն, երկրորդ քայլն էլ խաբե՞լը պետք է լինի: Նման անբորայական կոչերով հանդես գալը և այդ դաշտում բարոյականություն պահանջելն ու ժողովրդից նեղանալը կարծում եմ լրիվ հիմարություն է:

Իսկ ինչո՞ւ մարդիկ կաշառք վերցրեցին, այլընտրա՞նք չկար, թե այլ պատճառ էլ կա:

Շատ տարբեր են պատճառները: Մի մասը վերցրել է, որովհետև կարծես թքած ունի այդ ընտրությունների վրա, անտարբեր է, համարում է, որ որևէ բան չի փոխվի: Այդ տեսակետից ես մի քիչ նմանեցնում եմ նրանց, ովքեր բոյկոտ էին անում, և ովքեր փող էին վերցնում, որովհետև երկուսի հիմանվորումն էլ նույնն է՝ ոչինչ չի փոխվի: Ընդհանարապես ճիշտն այն է, որ այն զանգվածը, որը չի հավատում ընտրություններին կամ պարզապես անտարբեր է երկրի ճակատագրի հանդեպ, շատ ճիշտ է, որ չմասնակցի ընտրություններին: Մշտապես կոչ անել՝ եկեք, բոլորդ մասնակցեք, դա ճիշտ չէ: Ասում են՝ եկեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, բայց մարդ իրեն քաղաքացի չի զգում, ի՞նչ պարտք պետք է կատարի:

Ամենաընթերցվածը