Երևանում մենք տեսնում ենք գլխավորապես անկաշկանդ և անկաշառ ընտրողների

  • Հարցազրույց - 08 Ապրիլի 2017, 14:47
Մեր զրուցակիցն է Երևանի Ավագանու ընտրություններին ԵԼՔ դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը

Դավիթ, «Ելք» դաշինքը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Կարո՞ղ ենք ասել, որ սա նոր թեսթ է լինելու ընդդիմության համար:

Կայանալիք ընտրությունները մենք դիտարկում ենք ոչ թե որպես թեսթ, այլ մարտահրավեր, որը պետք է հաղթահարենք: Երևանում մենք տեսնում ենք գլխավորապես ընտրության հարցում անկաշկանդ և անկաշառ ընտրողների, ովքեր ընտրություն ունեն կատարելու իշխանության և ընդդիմության միջև: Այս ընտրություններում միավորված ընդդիմությունը ԵԼՔ դաշինքն է, որը փոփոխությունների իր օրակարգը բերում է ՏԻՄ մակարդակում:

Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն առաջադրել է Տարոն Մարգարյանին, մտավախություն չունե՞ք, որ դարձյալ մի փոքր ֆրակցիա կտրվի ԵԼՔ-ին:

Հաշվի առնելով, որ ԵԼՔ դաշինքը առաջադրել է Նիկոլ Փաշինյանին, մեր նպատակը ոչ թե պարզապես խմբակցություն ձևավորելն է, այլ սեփական քաղաքապետի թեկնածուին ընտրելը: Մեր այդ նպատակից զատ, մենք կարծում ենք, որ մեր երիտասարդ և մասնագիտացված ավագանու թիմը տարբերվում է բոլոր նախորդներից, ավագանու գործունեությունը նոր որակի է բերելու և մարդիկ խոսելու են ոչ միայն գործող պատգամավորների և նրանց գործունեության, այլև գործող ավագանիների և նրանց գործունեության մասին:

Ի՞նչ հաջողություններ կարելի է գրանցել ԱԺ-ում փոքր թիմով և կամ ավագանիում: Բացի ընդդիմադիր ելույթներից՝ որևէ լուրջ ազդեցություն կարո՞ղ եք ունենալ որոշումների կայացման, օրինագծերի անցկացման համար:

Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է քանակական խնդրին, որը մենք ընդունել ենք ի գիտություն և աշխատելու ենք այդ ուղղությամբ և համարում ենք, որ դա ժամանակի հարց է: Մեր գործունեությունն ուղղված է որակական փոփոխություններին, և մեր ազդեցությունը գործընթացների վրա պայմանավորված է լինելու ոչ թե քանակական հատկանիշներով, այլ որակական: Ընդդիմադիր ելույթները կարեւոր են մարդկանց կողմնորոշվելու իմաստով, սակայն մեր գործունեությունն ուղղված է լինելու շոշափելի փոփոխություններին, որոնք մարդիկ պետք է զգան որպես մեր աշխատանքի հետևանք:

Դավիթ, քաղաքի զարգացման ինչպիսի՞ տեսլական դուք ունեք:

Մեր նպատակն է Երևանը դարձնել զարգացած ենթակառուցվածքներով և համաչափ զարգացող քաղաք: Յուրաքանչյուր դրույթ, որ մենք գրում ենք Երևանի զարգացման մեր ծրագրում, պահանջում է քաղաքի արդյունավետ կառավարում: Մենք օրակարգ ենք բերելու այդ հարցը` արդյունավետ կառավարվող, համաչափ զարգացող քաղաք, որտեղ ամեն ինչ արված է մարդու հարմարավետության համար:

Ամենաընթերցվածը