«Հարցրեք մարդկանց, և ձեզ համար պարզ կդառնա՝ դրանք իմ ձայներն են, թե ոչ». Մարզպետ

    • Հարցազրույց - 08 Ապրիլի 2017, 13:50
Մեր զրուցակիցն է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Խորհրդարանական ընտրություններին նա ստացել է 14430 ձայն՝ զիջելով Կարեն Բոթոյանին

Պարոն Գրիգորյան, 3912 ձայն ստացած Տիգրան Արզաքանցյանը հայտարարում է, որ մարզում համատարած ընտրակաշառք է բաժանվել։ Տեղյա՞կ եք։

Նախ՝ ես այդ հայտարարություններին ծանոթ չեմ, երկրորդ՝ դա Տիգրան Արզաքանցյանի կարծիքն է, կարող եք իրեն հարցնել։ Մեր ընտրական տարածքում ոչ մի նման բան չի արձանագրվել, ես ծանոթ եմ համապատասխան մարմինների հայտարարություններին, որոնք փաստում են, որ ընտրակաշառք չի արձանագրվել։ Թե Արզաքանցյանն ինչի մասին է խոսել, ում նկատի ունի, չեմ կարող ասել, բայց որքանով տեղյակ եմ, ինքն ուրիշ բան է ուզեցել ասել, բայց այդպես է հասկացվել։ Ես չեմ կարող այդ մասին կարծիք հայտնել, դա անլուրջ կլինի։

Դուք ոչ մի ընտրակաշառքի դեպքի ծանո՞թ չեք, չեք լսել, որ մարզում ընտրակաշառք են բաժանել։

Գիտեք՝ խոսակցություններն ուրիշ են, բայց ոչ մի փաստ չի արձանագրվել, իսկ ես չեմ կարող առաջնորդվել տարբեր տեսակի խոսակցություններով կամ բամբասանքներով։ Եթե փաստ ունեք, ասեք, բայց նման փաստ չի արձանագրվել։

Ասվում է, որ մարզպետարաններում, գյուղապետարաններում են իրականացրել այդ գործողությունները։

Եթե ուշադրությամբ վերլուծել եք մեր մարզի թեկնածուների ձայները, կարծում եմ՝ կհասկանաք, որ նման բան չի արվել։ Այնպիսի բան եք ասում, որ ինձ համար անհասկանալի է, թեկնածուները իրենց հասանելիք ձայներն են տարել, չկա, որ մեկը բարձր է, մյուսը ցածր։ Ավելին, ես չգիտեմ, թե իմ օգտին ով է քվեարկել, բայց կարծում եմ այն մարդիկ են, ովքեր գոնե մեկ անգամ հանդիպել են, շփվել են հետս։ 20 տարի մեր բնակչության հետ շփվել եմ, բայց թե ով է իմ օգտին քվեարկել, որևէ մեկը չի եկել ասել, որ իմ օգտին է քվեարկել։

Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները։

Ընտրություններների արդյունքներն ու քարոզարշավը հրաշալի եմ գնահատում։ Մեր արդյունքները խոսում են այն մասին, որ բոլոր թեկնածուները ստացել են իրենց համապատասխան քվեները։ Նրանք հավասար մասնակցություն են ունեցել քարոզարշավին։ Մեզ մոտ չկա մեկը, որ բավական առաջ է ընկել, մյուսը հետ է ընկել։ Իսկ թե ինչու է մեկը մի փոքր շատ ձայն ստացել, քան մյուսը, դա թողնում եմ վերլուծաբաններին։

Իսկ Դուք վերցնելո՞ւ եք մանդատը, թե շարունակելու եք մնալ մարզպետի պաշտոնում։ Ձեր աշխատանքը որտե՞ղ եք տեսնում։

Ես երբեք չեմ մտածել և չեմ ընկել պաշտոնի հետևից։ Ես թիմի անդամ եմ, ինձ համար կարևորը եղել է ընտրությունները նորմալ կազմակերպելն ու անցկացնելը, որը մեզ հաջողվեց։ Ամբողջ պատասխանատվության խնդիրն ինձ վրա էր դրված, և արդյունքը, իմ գնահատմամբ, շատ նորմալ ստացվեց։ Իսկ թե ինչպիսին կլինի իմ հետագա գործունեությունը, դա առաջիկայում կքննարկվի կուսակցությունում, որոշում կկայացվի, ու որպես կուսակցական ինձ համար ընդունելի կլինի այդ որոշումը։

Իսկ հոգնե՞լ եք արդեն մարզպետի պաշտոնից, թե ոչ։ Դուք ինքներդ որը կնախընտրեք՝ ԱԺ ամբիոնը, թե մարզպետի պաշտոնը։

Ինձ ոչ մի բան չի զարմացնում, ես եղել եմ և ԱԺ պատգամավոր, և փոխմարզպետ, և մարզպետ։ Ինձ համար հաճելի է մարզպետի պաշտոնը, որովհետև բավական խնդիրներ են լուծվել և կան հեռանկարային ծրագրեր։ Բայց կրկնում եմ, ինչպես կորոշի կուսակցությունը, ես պարտավոր եմ ենթարկվել կուսակցության որոշմանը։ Ցանկացած տեղ ինձ համար հաճելի կլինի, ես ոչ մի տեղ աշխատանքից չեմ հոգնի, դեռ անելիքներ շատ ունեմ։

Պարոն Գրիգորյան, Ձեր ստացած ձայները դո՞ւք հավաքեցիք, թե՞ կուսակցությունը նպաստեց, որ ստանաք այդքան ձայն։

Այդ հարցը դուք կարող եք տալ մեր բնակչությանը, և ձեզ համար պարզ կդառնա, թե դրանք իմ ձայներն են, թե ոչ։ Բացի այդ, դուք կարող եք հարցնել, թե այս տարիների ընթացքում ես ինչպես եմ աշխատել ու կհասկանաք՝ ում ձայներն էին։ Իհարկե իմ ձայներն էին, որը, եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ինչ-որ տեղերում ինձ համար անհասկանալի էր, քանի որ իմ ձայները հիմնականում հավասարակշռված ձայներ են, չկա մի տեղ, որ շատ բարձր է, մյուս տեղում շատ ցածր։ 

Ամենաընթերցվածը