Ռեյտինգայիններն այդքան ձայներ են հավաքել, քանի որ ընդգրկված են եղել ՀՀԿ ցուցակում

    • Հարցազրույց - 07 Ապրիլի 2017, 14:59
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ըստ մամուլի հրապարակումների՝ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված և պարտված ՀՀԿ-ական շատ օդիոզ թեկնածուներ դժգոհ են իշխանությունից։ Նրանց տեղավորելու հարցը իշխանությունը քննարկո՞ւմ է։

Հասկանում եմ, որ մամուլի որոշ ներկայացուցիչների հանգիստ չի տալիս այն, որ ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ են, և սկսել են պղտոր ջրում ձուկ որսալու գործընթացի երկրորդ սերիան։ Դա անհաջող քայլ է, որովհետև Հանրապետականը մեկ միասնական ընտանիք է, և մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հանրապետականում քաղաքական կշիռը, դերակատարումը  չի որոշվում բացառապես մանդատով։ Այնպես չէ, որ ով մանդատ ունի՝ վերին արտի ցորենն է, իսկ ով մանդատ չունի՝ որևէ արժեք չունի։ Այդպես չէ։ ՀՀԿ-ն մեկ ընտանիք է, և անկախ նրանից, մեր գործընկերներից ով է մանդատ ստացել և ով չի ստացել, ով պաշտոն ունի, ով չունի, կարծում եմ, ՀՀԿ-ում այնքան շատ աշխատանք կա անելու` հանրային կյանքում բարեփոխումներ իրականացնելու գործում, որ բոլորին էլ ցանկության դեպքում աշխատանք կտրվի, իսկ արհեստական որևէ մեկին՝ լինի նախկին պատգամավոր թե նախկին նախարար, պաշտոն տալու գործընթաց Հանրապետականում չկա։ Հանրապետականում պաշտոնը շնորհ չէ, պաշտոնը պատասխանատվություն է, և մեկ անգամ չէ, որ կրկնել եմ մեր հիմնադիր Աշոտ Նավասարդյանի խոսքերը. Հանրապետական գալիս են տալու առողջությունը, գիտելիքները, նվիրվածությունը։ Ով գալիս է Հանրապետական պաշտոն կամ մանդատ ստանալու համար, հաստատ սխալ կուսակցություն է ընտրել։

Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա անձերի ընտրություն էր։

Իհարկե չենք կարող։ Սա համամասնական ընտրություն էր, սա կուսակցության ընտրություն էր, և որպեսզի անձերին ընտրեիք, դուք պարտավոր էիք ընտրել այս կամ այն կուսակցությանը։ Ուստի եթե որևէ քաղաքացի չի ցանկանում և համամիտ չէ այս կամ այն ուժի քաղաքականության հետ, բնականաբար, նա լիովին ազատ է իր կամարտահայտությունը բոլորովին այլ կերպ իրականացնելու։ Որևէ սահմանափակում չի եղել։ Իհարկե, անձերը մեծ նշանակություն ունեն, բայց այդ անձերն այդքան ձայներ են հավաքել, քանի որ ընդգրկված են եղել ՀՀԿ ցուցակում։ Ես չեմ կարող ասել՝ եթե այդ անձերն այլ կուսակցության ցուցակում լինեին, այդքան ձայն կհավաքեի՞ն, թե ոչ։ Այնպես որ, պետք չէ անձերին արհեստականորեն բաժանել Հանրապետականից։ Եվ եթե դուք ակնարկում եք Արայիկ Գրիգորյանին, Կարեն Կարապետյանին և Սամվել Ալեքսանյանին, նրանք հանրապետականներ են, և իրենք առկայությունը ՀՀԿ ցուցակում նաև հպարտություն է իրենց համար։

Մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը կփոխհատուցի՝ ԱԺ նախագահ նշանակելով, Ձեզ էլ փոխնախագահի պաշտոնում նշանակելով։

Մամուլը անհանգստություն է գրում։ Կուսակցությունում որևէ հարց՝ ԱԺ նախագահի, փոխնախագահի, խմբակցության ղեկավարի, որևէ հարց չի քննարկվել, և ես սա անկեղծ եմ ասում: Մենք այդ հարցերին հաջորդ շաբաթ ենք անդրադառնալու։ Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, պաշտոնը լավություն անելու տեղ չէ, որ փոխհատուցեն կամ  չփոխհատուցեն։ Ես կոռեկտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել, բայց քանի որ շրջանառեցիք նաև իմ անունը, ինձ համար պաշտոնը բացառապես եղել է պատասխանատվություն, կլինեմ այնտեղ, որտեղ թիմը, թիմի ղեկավարը կտեսնեն իմ օգտակար գործողության գործակցի արդյունավետությունը բարձր է։

Հանրապետականում որևէ պաշտոնաբաժանման գործընթաց չկա։ Կքննարկենք, կտեսնենք, մանավանդ որ հիմա կա ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյան և կոռեկտ ու բարոյական էլ չեմ համարում իր դե ֆակտո և դե յուրե լինելու պարագայում քննարկենք՝ հաջորդը ով կլինի կամ ով չի լինի։ Կորոշե՞ն՝ Շարմազանովը չպետք է լինի փոխնախագահ, պետք է լինի սովորական պատգամավոր, շնորհակալ ենք, կորոշեն, որ պետք է պատգամավոր չլինենք, պետք է ուրիշ գործով զբաղվենք, էլի շնորհակալ ենք։ Կոնկրետ ՀՀԿ-ի համար պաշտոնը պատասխանատվություն է իր բոլոր հետևանքներով, ոչ թե հարստանալու առարկա կամ ավելորդ լիազորություններ ունենալու գործիք։

Հետևո՞ւմ եք Նիկոլ Փաշինյան-Արմեն Մարտիրոսյան հակամարտությանը։ Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ...

Մեկ բառով ասեմ՝ լուրջ չէ։ Մենք մտել ենք լուրջ խորհրդարանական համակարգի փուլ և լուրջ չէ, երբ արդեն մանկապարտեզային մակարդակի մեղադրանքներ են հնչում։ Մանկապարտեզում երբ մեկը մյուսին ասում է՝ հիմարը դու ես, հիմա դա է։ Երկուսին էլ կոչ եմ անում վեր բարձրանալ այդ մակարդակից, և եթե իրենց մեջ կա բանավեճ, ապա այդ բանավեճը լինի բացառապես գաղափարական ու ծրագրային, քանի որ սա չի բխում հանրության, քաղաքական համակարգի և նախևառաջ ընդդիմության շահերից։

Նոր ԱԺ կազմը Ձեզ գոհացնո՞ւմ է։

Ինձ առհասարակ շատ բան չի գոհացնում, բայց դեմոկրատիայի պլյուսները և մինուսները սա է: Սա ժողովրդի ընտրությունն է, և եթե ժողովրդի ընտրությունն արդար է եղել և գաղտնիությունն ապահովված է եղել, ինձ դուր գա կամ չգա՝ ունենք այն, ինչ ունենք: Եվ պետք չէ ապրել իլյուզիաներով, այլ՝ իրականությունից ելնելով։ Եվ նախկին ԱԺ-ում, և նոր ԱԺ-ում կան բազում հայրենասեր և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց հետ, անկախ նրանից՝ իշխանական թե ընդդիմադիր են, աշխատելը հետաքրքիր կլինի։ Միգուցե բանավեճերն էլ շատ լինեն։ Ես երբեք բանավեճերից չեմ խուսափել, մանավանդ խելացի մարդկանց հետ։

Շատերը նշում են, որ սա փափուկ ավտորիտար համակարգ է։ Ընդդիմության այդքան քիչ ներկայացվածությունը խնդիր չէ՞։

Ինչպես ասացի, ժողովրդի ընտրությունն ինձ համար քննարկման առարկա չէ, լավ է, վատ է, դա է: Ժողովուրդն ընտրել է, հավասար պայմաններ, հնարավորություններ եղե՞լ են, իհարկե եղել են, որևէ մեկի իրավունքները ոտնահարվե՞լ են, իհարկե ոչ։ Դրա համար փափուկ ավտորիտար համակարգի բոլոր միֆերը ընդամենը քարոզչական հնարք է, կամ կատարյալ անգրագիտություն։ Սա փափուկ պառլամենտական բազմակուսակցական համակարգ է, որտեղ ընդդիմության լիազորությունները շատ-շատ են: Ավտորիտարիզմի մասին խոսողները ընդամենը կարող են ընթերցել ԱԺ կանոնակարգ օրենքը, թե ինչ իրավունքներով է օժտել ԱԺ կանոնակարգ օրենքը ընդդիմությանը։

Ընտրական օրենսգիրքն ունի հինգ ծնող, այս Ընտրական օրենսգրքի ծնողը հինգ քաղաքական ուժեր են, և ասում էին, որ սա շատ լավ Ընտրական օրենսգիրք է։ Դրա համար ապրիլի 7-ով բոլորին շնորհավորում եմ, և թող Ատվածամոր օրնհնությունը մեր ազգի վրա լինի, բոլորս առաջ գնանք, և կանանց դերակատարությունը մեր պառլամենտում շատ լինի, որ նոր որակ մտցնեն մեր քաղաքական կոռեկտ մշակույթի մեջ։ Շնորհավորում եմ բոլոր իգական սեռի լրագրողներին և մաղթում խաղաղություն, սեր, համերաշխություն, միայն բարի լուրեր գրեք։

Ամենաընթերցվածը