Դրա համար էլ չեմ տխրում

    • Հարցազրույց - 07 Ապրիլի 2017, 11:46
Մեր զրուցակիցն է Գեղարքունիքից ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադված Հակոբ Հակոբյանը, ով հավաքել է 13.247 ձայն, իսկ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաքել է 14424 ձայն։ Եթե Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մնա իր պաշտոնին, ապա Հակոբ Հակոբյանը նորից պատգամավոր կդառնա

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները։ Շատ ռեյտինգային թեկնածուներ դուրս մնացին պայքարից։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր պատճառը։

Անկախ անձի ով լինելուց՝ ընտրողը միշտ տալիս է իր գնահատականը, որը ճիշտ է։ Սա ընտրողի ընտրությունն է և վերջ։ Երկրորդ՝ ես շատ եմ գնահատում նոր Ընտրական օրենսգրքի առավելությունը։ Բնականաբար կան թերություններ, որոնք հետագայում պետք է վերացնել։ Ո՞րն է այս ընտրական օրենսգրքի առավելությունը. ընտրողը հասկացավ, որ իր ձայնը շատ կարևոր է, որովհետև բոլորը՝ և կուսակցությունները, և ռեյտինգային պատգամավորները թակում էին ընտրողի դուռը և խնդրում նրա ձայնը։ Եվ ընտրողը հասկացավ, որ իր ձայնը շատ կարևոր է, իսկ մինչև հիմա այդպես չէր։ Եվ պատգամավորության թեկնածուները, և իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի ընտրվող քիչ մարդ մնա, և հասարակությունը ուզեր թե չուզեր, ընտրելու էր նրան, ում անունը կար քվեաթերթիկում։ Հիմա բնական է, որ դա չէր կարող լիներ և որևէ մեկը չէր կարող պայմանավորվել ռեյտինգային թեկնածուի հրաժարականի կամ որևէ այլ ճանապարհով նրան դուրս մղելու շուրջ, քանի որ դա անիմաստ է և աննպատակ։ Եվ ընտրության արդյունքում ընտրողը կարողացավ իր քվեի արդյունքը զգալ։ Եվ սա շատ կարևոր է։ Իհարկե, կային մանր-մունր թերություններ, այդ թերությունները քիչ են և ժամանակի ընթացքում կվերանան։ Ամենակարևորն այն է, որ ընտրողը հասկացավ, թե ինքը ինչի համար և ում պետք է քվե տա։ Սա ընտրական օրենսգրքի ամենամեծ հաջողությունն է։

Սա անձերի քվեարկություն էր և ոչ թե գաղափարական, կուսակցական, մարդիկ ի վերջո անձերի ընտրեցին։

Իհարկե ճիշտ եք, անձերի ընտրություն էր, բայց մենք միշտ էլ անձերի ենք ընտրել և միշտ էլ անձերին ենք ընտրելու։

Այդ դեպքում ինչո՞ւ էր պետք փոխել ընտրակարգը, երբ փաստորեն սա քողարկված մեծամասնականն էր։

Հանրությունը հնարավորություն տեսավ ընտրելու այն անձին, ում ինքն ուզում է, Երևանից գնաց Գորիս, Երևանից եկավ Մարտունի, Մարտունուց եկավ Երևան և ընտրեց այն թեկնածուին, ում ինքն ուզում էր։ Բացի այդ, հանրությունը պարտադրված չէր ընտրական օրենսգրքի գործողություններով ընտրել մեկ կամ երկու թեկնածու, հանրությունն ընտրեց թեկնածուներից նրան, ում ինքն ուզում է։

Այս առումով գո՞հ եք Ձեր ստացած ձայներից։

Ոչ կարող եմ գոհ լինել և ոչ էլ կարող եմ դժգոհ լինել։ Ես ավելի շատ գոհ եմ, որովհետև 13 հազարից ավելի ձայն եմ ստացել և կարծում եմ այս ընտրապայքարի համար արժեքավոր ձայներ են։

Այսուհետ ինչո՞վ եք զբաղվելու։

Դեռ չգիտեմ, նախ կհանգստանամ, հետո կսպասեմ տեսնեմ ինչ կլինի։ Բացի այդ, երկու պատգամավորի տեղ ունենք, որից մեկը մարզպետն է։ Հիմա կտեսնենք, ով կգնա մարզպետ, ով՝ պատգամավոր։ Միևնույն է, առաջիկայում պետք է հանգստանամ։

Ինչո՞ւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունն այդպես էլ չբարձրացավ։ Թեև քիչ խախտումներ արձանագրվեցին, բայց հանրությունը դարձյալ որևէ վստահություն չունի։

Ոչ, այդպես չէ։ Եվ եթե նախկինում մարդիկ չէին գալիս քվեարկության, հիմա մարդիկ շատ վստահ և շատ լավ գնում են ընտրության։ Եվ սոցիալական մտածողություն ծնվեց հասարակության մեջ, և յուրաքանչյուրը հիմա նոր իր քվեի արժեքը ճիշտ հասկացավ։

Դուք ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էիք ղեկավարում։ Ի՞նչ եք կարծում, այս ոլորտում առկա խնդիրներին ինչպիսի՞ լուծումներ կտրվեն։

Մարդկանց հետ իմ շփումները ցույց տվեցին, որ պարտադիր է առաջիկայում բեկումնային փոփոխություններ իրականացնելը։ Երկրորդ՝ կլինի՞, թե ոչ, կախված է նոր կառավարության ծրագրից և գործողություններից, ԱԺ նոր կազմից։

Կարեն Կարապետյանը երկարաժամկետ վարչապե՞տ կլինի։ Շատերը նշում են, որ 2018-ն այս առումով բեկումնային է լինելու։

Կարեն Կարապետյանի՝ երկար կամ կարճ վարչապետ մնալը կախված է ԱԺ և կառավարություն աշխատանքից, Կարեն Կարապետյանի աշխատաոճից, և եթե արդյունք լինի, բնականաբար, երկար կմնա։

Իսկ այս 7 ամիսների ընթացքում որևէ փոփոխություն նկատե՞լ եք։

Կարեն Կարապետյանը եկավ սեպտեմբերին, երբ գտնվում էինք քաղաքական վերաձևումների և փոփոխությունների մեջ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս հարցի պատասխանը մինչև տարեվերջ տալ, քանի որ օբյեկտիվ պայմաններ կան այդ նպատակներին չհասնելու։

Ընտրակաշառքն ի՞նչ ազդեցություն ունեցավ այս ընտրությունների արդյունքների վրա։

Ընտրակաշառքն այս ընտրություններում ունեցել է շատ քիչ դերակատարություն։ Արդյունքում, ընտրողն ընտրել է նախընտրած թեկնածուին, նա չի նայել ինչ-որ մեկի ձեռքին կամ գրպանին։

Կտխրե՞ք, որ ԱԺ-ում չլինեք։

Հստակ, չեմ տխրի։

Ինչո՞ւ:

Դուք գիտեք, որ ես եղել եմ ակտիվ պատգամավոր, ես չեմ նայել, թե ինչպես կվերաբերվեն հարցի պատասխանին լրագրողը, իշխանության կամ ընդդիմադիր որեւէ ներկայացուցիչ։ Միշտ ունեցել եմ իմ ուրույն մոտեցումը։ Եվ ես այդպես էլ կմնամ։ Դրա համար էլ չեմ տխրում։ 

Ամենաընթերցվածը