Սերժ Սարգսյանին այլևս ձեռնտու չէ Կարեն Կարապետյանի բարձր ռեյտինգը

    • Հարցազրույց - 06 Ապրիլի 2017, 19:50
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Միքայել, ինչպե՞ս եք ամփոփում ընտրությունների արդյունքները։ Ի՞նչ տեսակ ԱԺ կունենանք ։ Նախորդ խորհրդարանը աչքի ընկավ ԵՏՄ փաստաթղթի ստորագրմամբ։ Արտաքին կողմնորոշումների առումով արդյոք պատկերն այլ կլինի՞։

Ընտրությունների արդյունքները հիմնականում կանխատեսելի էին։ Հայաստանում ձևավորվեց փափուկ ավտորիտար համակարգ։ Այսինքն՝ սա մի համակարգ է, որտեղ կա համեմատաբար ազատ մամուլ և ասենք սոցցանցերում կարելի է հայհոյել իշխանությանը, բայց քաղաքական մրցակցություն գոյություն չունի։ Արդյունքում ընտրություններում չկա իրական մրցակցություն, դրանք ընդամենը իշխանության լեգիտիմացման գործիք են։ Հետևաբար, նաև արտաքին կողմնորոշումները ձևավորվում են ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ իշխանական էլիտայի շահերից ելնելով։ Եթե վաղը պետք լինի՝ ՀՀԿ պատգամավորները նույնքան հանգիստ կքվեարկեն ասենք ԵՄ հետ ասոցացման պայմանագրի վավերացման համար, ինչպես քվեարկել էին ԵՏՄ մտնելու օգտին։

Տեսակետ կա, որ տեղի ունեցավ ընդդիմափոխություն՝ նկատի ունենալով ԵԼՔ-ի մուտքը ԱԺ։ Ի՞նչ կտա սա ԱԺ-ին։

ԵԼՔ-ի հետ կապված կան որոշակի հույսեր, բայց նաև որոշակի անհանգստություն։ Մի կողմից, անձամբ ինձ համար շատ հաճելի է ԵԼՔ-ի որոշ պատգամավորների ներկայությունը խորհրդարանում։ Նրանք ներկայացնում են երիտասարդ միջին խավը, ազատական արժեքներ կրող հատվածը։ Ցավոք, Հայաստանում այդ խավը բավական փոքրաթիվ է, իսկ այդ խավի շրջանակներից ԵԼՔ-ը չկարողացավ դուրս գալ և դառնալ ընդդիմության առաջնորդ, բայց այս արդյունքն էլ նոր քաղաքական ուժի համար վատ չէ։ Մյուս կողմից, իշխանության համար ԵԼՔ-ի ներկայությունը ևս կարող է ձեռնտու լինել՝ խորհրդարանում պետք է լինի որևէ ընդդիմադիր ուժ, իսկ ԵԼՔ-ն ընկալվում է որպես ավելի «կառուցողական» ընդդիմություն, քան, ասենք, ՕՐՕ-ն։ Այս առումով ամեն ինչ կախված է ԵԼՔ-ի պատգամավորներից։ 1989 թ.-ին Հայաստանի Գերագույն Խորհրդում ընդամենը երեք ընդդիմադիր պատգամավոր կար, բայց ձայնը ամենաբարձրն էր լսվում, քանի որ նրանց հետևում կանգնած էր համաժողովրդական շարժումը։ Եթե ԵԼՔ-ը պատրաստ լինի անզիջում պայքարի, ապա ԵԼՔ-ի պատգամավորներն էլ նման դեր կարող են ստանձնել։ Բայց դա հենց իրենք՝ ԵԼՔ-ի պատգամավորները պետք է որոշեն՝ նրանք կբավարարվեն կառուցողական ընդդիմության դերո՞վ, թե կձգտեն ավելիին։

Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի։ Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ պահպանել վերահսկողություն, թե ինչ-որ պահից իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա։

Առայժմ, կարծում եմ, ամեն ինչ ընթանում է Սարգսյանին ձեռնտու ուղով։ Այսպես ասենք, առաջին խաղակեսում նա հաղթանակ է տարել։ Եթե էական փոփոխություն տեղի չունենա, նա կարող է պահպանել ՀՀԿ ղեկավարի դերը, վարչապետի պաշտոնում նշանակել իր դաշնակիցներից որևէ մեկին և պահպանել իրական իշխանությունը, բայց չկրել որևէ իրական պատասխանատվություն որոշումների համար։ Սակայն այստեղ կա երկու վտանգ։ Նախ, կարող են տեղի ունենալ ինչ-որ անկանխատեսելի զարգացումներ։ Երկրորդ, Սարգսյանի անգամ ամենավստահելի զինակիցները կարող են նրան «քցել» այն բանից հետո, երբ Սարգսյանը զրկվի ֆորմալ իշխանությունից։ Այնպես որ, դեռևս շատ բան կարող է փոխվել։

Վարչապետը, ամփոփելով ընտրության արդյունքները, ասել է,որ կարևոր է որ ոչ միայն իրեն բարեփոխիչ անվանի Սերժ Սարգսյանը, այլ նաև հասարակությունը։ Դա հնարավո՞ր է պատկերացնել։

Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը կփորձի որոշ բարեփոխումներ անցկացնել, որպեսզի արդարացնի այն հույսերը, որոնք, ինչպես պարզվեց ՀՀԿ քարոզարշավի ընթացքում, նրա հետ կապում են։ Սակայն, կարծում եմ, այդ բարեփոխումները հաջողության չեն բերի, և դա կնպաստի նրան, որ Կարապետյանին կփոխարինեն Սերժ Սարգսյանին ավելի մտերիմ որևէ անձով։ Կարապետյանի վրա կբարդվեն տնտեսական բոլոր խնդիրները, ինքն էլ կկարողանա ասել, որ իրեն թույլ չտվեցին աշխատել և կվերադառնա բիզնես։ Իհարկե, բացառված չէ, որ տեղի ունենան այլ զարգացումներ։ Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանին այլևս ձեռնտու չէ Կարապետյանի բարձր ռեյտինգը, հետևաբար նաև ձեռնտու չէ, որ Կարապետյանն արձանագրի ինչ-որ զգալի հաջողություններ տնտեսական ոլորտում։

Ամենաընթերցվածը