Ինչ կասկածներ ունի ԱՎԾ ղեկավարը

    • Հարցազրույց - 06 Ապրիլի 2017, 18:38
Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը

Պարոն Մնացականյան, այս տարվա առաջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը դարձյալ մեծ թվեր է արձանագրում: Ձեր հաշվարկի մեթոդաբանությո՞ւնն է փոխվել, թե՞ տնտեսությունն իրոք աճում է:

Ոչ, խնդիրը ռեսպոնդենտների ներկայացրած ցուցանիշների մեջ է: Ինչպես և ողջ աշխարհում, վիճակագրական ցուցանիշները հավաքվում են ռեսպոնդենտներից, այսինքն՝ սկզբնական տեղեկություն ներկայացնողներից: Նրանց ներկայացրած հաշվետվությունների հիման վրա ստացվել են այդպիսի ցուցանիշներ:

Հնարավո՞ր է այս տարի էլ կրկնվի նախորդ տարվա սցենարը, երբ տարվա առաջին կեսին տնտեսությունը մեծ աճ արձանագրեց, բայց առաջին կիսամյակից հետո անկում գրանցվեց, իսկ տարին գրեթե զրոյական ցուցանիշով փակվեց:

Վիճակագրական ծառայությունները, օբյեկտիվության կանխավարկածով պայմանավորված, կանխատեսումներ չեն իրականացնում:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, որ տնտեսության այդ աճը չի ազդում մարդկանց կեսնամակարդակի բարելավման վրա:

Մենք Համաշխարհային բանկի հետ միասին տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտության հիման վրա յուրաքանչյուր տարի ընտրանքային եղանակով հետազոտում ենք տնային տնտեսությունները և ամփոփ ցուցանիշները հրապարակում ենք: Գլխավոր ցուցանիշը, որը հայտնի է հանրությանը, դա աղքատության ցուցանիշն է: Ըստ էության դա բևեռացվածության խնդիրն է: Մեր երկիրը, այո, անցումային երկիր է: Բայց միևնույն է, կոնկրետ պատճառների հետազոտություն չի կատարվում այն համատեքստում, որի մասին դուք հարց տվեցիք: Այլ ուղղակի փաստագրվում է, թե ինչպիսին է իրավիճակը՝ եկամուտների բաշխումը, ծախսերը և հատկապես սպառումը:

Նաև սպառման ցուցանիշն է այս տարի մոտ 9 տոկոսով աճել, խոսքը ներքին առևտրաշրջանառության աճի մասին է, ինչը բնակչության գնողունակության ցուցանիշն է: Ի՞նչ է տեղի ունեցել:

Ես նորից եմ կրկնում՝ մենք միայն փաստագրել ենք կոնկրետ տվյալները, բայց պատճառները պարզելու համար կարիք կա ընդհանրապես, որ հանրության այլ հատվածները հատուկ հետազոտություններ իրականացնեն պատճառների վերաբերյալ ու փորձեն հասկանալ խնդիրները:

Նախորդ տարեվերջին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը մեծամասամբ պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների կտրուկ նվազմամբ: Տարբեր մասնագետներ մեղադրեցին ձեր ղեկավարած կառույցին, որ նախքան այդ, թվեր եք նկարել ու ուռճացված վիճակագրություն ցույց տվել: Ինչպե՞ս եք պատասխանում այս մեղադրանքներին:

Այդ ցուցանիշների աղբյուրները ռեսպոնդենտներն են՝ համայնքները և մարզպետարանները: Իրենց ներկայացրած ցուցանիշների հիման վրա են այդ ցուցանիշները ստացվել: Այդ ռեսպոնդենտներից որևէ մեկը, որոնց հետ մենք փորձեցինք կապ հաստատել՝ բոլոր այդ մեղադրանքները պարզելու համար, թե ինչու են նրանք նման ցուցանիշներ ներկայացրել, ոչ մեկը չի խոստովանել, որ իրենք մինչ այդ ուռճացված ցուցանիշներ են ներկայացրել: Չնայած, մենք միշտ էլ գիտենք, որ վարչական լիազորություններին տիրապետող մարմինները, եթե կատարյալ վարչական ռեգիստրներ չեն վարում, միշտ էլ հնարավորություն գոյություն ունի, որ իրենք իրենց վարչական շահերից ելնելով՝ որոշակի ոչ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնեն:

Դուք զարմացե՞լ էիք այդ թվերի վրա:

Հենց դրա համար էլ Ազգային վիճակագրական ծառայությունը երկար տարիներ փորձում էր, որ պրակտիկայում կիրառելի դարձներ գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը մարդահամարից հետո երկրորդ խոշոր վիճակագրական միջոցառումն է: Սկսած 2006 թվականից մենք փորձում էինք դա անել, 2008-ին վերջապես ընդունվեց օրենքը, բայց 2014-ի համար նոր մենք կարողացանք գումար հայթհայթել: 2016 թվականի դեկտեմբերին այդ արդյունքները հրապարակվել են: Եվ այդ արդյունքներով, օրինակ, այն ցանքատարածությունները կամ գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք կան ստացված տվյալներում, էապես տարբերվում էին այդ վարչական ռեգիստրների ներկայացրած ցուցանիշների համեմատ: Եվ մենք նախապատրաստվում ենք տնտեսապես զարգացած երկրների նման առաջիկա տարիներին անցում կատարել գյուղատնտեսության վիճակագրության մեջ ընտրանքային դիտարկման եղանակին:

Այսինքն՝ այնուամենայնիվ դուք կասկածնե՞ր ունեք այդ տվյալների մասով:

Ողջ աշխարհում էլ, երբ վիճակագրությունը ցուցանիշ է հրապարակում, հատկապես ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված ազատական տնտեսակարգով երկրներում, այդ ցուցանիշները մեկ սպառողի համար լավ լուր են, մյուսի համար՝ վատ, երրորդի համար ոչ մի նշանակություն չունեն: Եթե հրապարակված ցուցանիշները քննադատության չեն ենթարկվում, ուրեմն դուք արթնացել եք կամ Խորհրդային միությունում՝ 37 թվականին, կամ էլ ներկայիս Հյուսիսային Կորեայում: Այսինքն՝ դա նորմալ վարույթ է: Եթե դա չլինի, ձեր կողմից եկած տեղեկատվությունն ու կասկածներն էլ եթե չլինեն, հնարավոր չի լինի, որ վիճակագրության լիազոր մարմինը փորձի ավելի խորանալ և հասկանալ, թե ռեսպոնդենտներն ինչ շահեր են հետապնդում, ինչից ելնելով կարող են նրանք իրականությունից շեղվող ցուցանիշներ ներկայացնել: Վիճակագրական ծառայությունները բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են, այդ պատճառով էլ որակի շրջանակն ապահովում են:

Այսինքն՝ դուք փաստում եք, որ ԱՎԾ-ն թվերի նկարչությամբ չի՞ զբաղվում:

Նման բան գոյություն չունի:

Բայց հասարակությունը ո՞նց հավատա, եթե մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվում:

Ազատությունն այն է, երբ որևիցե մեկն իրավունք չունի մյուսին ստիպել հավատալ կամ չհավատալ ինչ-որ բանի: Դա պետք է աշխատանքով, փորձառությամբ ձեռք բերել: Ես ցավում եմ, որ ձեր հարցին այլ պատասխան չունեմ:

Ամենաընթերցվածը