Երկիրը հետ գնալու տեղ էլ չունի

    • Հարցազրույց - 05 Ապրիլի 2017, 09:47
Մեր զրուցակիցն է հանրապետական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, ով առաջադրվել էր Տավուշի մարզում ռեյտինգային ընտրակարգով և 8090 ձայն ստացել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները։ Արդյոք անակնկա՞լ էր Ձեզ համար Ձեր ստացած ձայների թիվը։

Բնականաբար անակնկալ էր, գնահատական դեռևս չեմ ուզում տալ։ Ժամանակը կգա, գնահատական կտամ։

Հանրապետական պատգամավորների ցանկը Ձեզ գոհացնո՞ւմ է։ Երբ տեսնում եք, թե ովքեր են այս անգամ պատգամավոր լինելու, ի՞նչ տպավորություն ունեք։

Ճիշտն ասած չեմ նայել կազմին, բացի այդ, ի՞նչ կապ ունի կազմը։ Կաշխատեն, աշխատանքի ժամանակ կերևա՝ ով ինչպես է աշխատում։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ձախողվեցիք, վերլուծե՞լ եք պատճառները։

Նախ ես չեմ ձախողվել, երկրորդ՝ մեր տարածքն ամենաքիչ ընտրողներ ունեցող տարածքն է։ Նաև դա էր հիմնական պատճառը, որ երկու հոգի չանցան, եթե երկու հոգի անցնեին, բնականաբար ես էլ կանցնեի։

Այս անգամ օդիոզ դեմքերից շատերը դուրս մնացին։ Ի՞նչ եք կարծում, սա  մտածված քա՞յլ էր, թե դրված էր մրցապայքարի խնդիր։

Կարծում եմ՝ արդար մրցապայքար էր։

Այն ժամանակ ասում էիք, որ Ձեզ համար պատգամավոր լինելը կյանքի և մահվան խնդիր չէ։

Հիմա էլ նույն մտքին եմ։ Ես ՀՀԿ անդամ եմ և մնալու եմ ՀՀԿ անդամ՝ անկախ նրանից՝ որտեղ կլինեմ։

ՀՀԿ-ից նեղացածները սովորաբար դուրս են գալիս կուսակցությունից։

Իսկ ով ասաց, որ ես նեղացել եմ ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն ինչ կապ ունի այստեղ։ Եթե մեր ընտրատարածքում լիներ 200.000 ընտրող, որևէ մտածելու բան չկար, բայց քանի որ ընդամենը 100.000 ընտրող կար, բնականաբար մեկ թեկնածու պետք է անցներ։

Պարոն Հակոբյան, ՀՀԿ-ից կա համատարած դժգոհություն, ՀՀԿ-ն, սակայն, այսքան նյութական և վարչական ռեսուրս կիրառելով, 700.000 ձայն հավաքեց։

Դա այդպես չէ, արդյունքները դա չեն ասում։ Եթե բոլորը դժգոհ լինեին, 55 տոկոս արդյունք չէր լինի։ Սա նշանակում է, որ ընտրողների թվի 50 տոկոսից ավելի, նրանց կեսն էլ կողմ է քվեարկել ՀՀԿ-ին։ Եվ դրա համար էլ ՀՀԿ-ն պետք է մնա իշխանություն։ Եվ այնպես չէ, որ կա համատարած դժգոհություն։ Այո, մի մասը դժգոհ են, իսկ կարո՞ղ եք ասել, թե որ երկրում իշխանություններից դժգոհ չեն։

Եթե ռեյտինգային ընտրակարգը չներմուծվեր, կարծում եք, ՀՀԿ-ն այդքան ձայն կհավաքե՞ր՝ հաշվի առնելով, թե նրանցից յուրաքանչյուրը որքան ձայն է բերել ՀՀԿ-ին։

Եթե նախկին ընտրակարգը լիներ և 41 տարածքից պատագավոր լիներ, բնականաբար 41-ից 90 տոկոսը հանրապետական թեկնածուներն էին անցնելու, ի՞նչ տարբերություն ռեյտինգային, թե մեծամասնական։ Այսինքն՝ անձին էին ձայն տալիս։

Հիմա կզբաղվեք բացառապես ձեր բիզնեսո՞վ։

Դեռևս չեմ որոշել, բիզնեսը կա ու կա։

Գործադիրում եթե ինչ-որ աշխատանք առաջարկեն, կընդունե՞ք։

Բնականաբար կընդունեմ, բայց նայած ինչ աշխատանք։

Ընտրություններից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույցում ասել է, որ ձգտում է այնպես կազմակերպել աշխատանքը, որ իրեն բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը, այլ նաև հասարակությունը։ Դուք մեր տնտեսության խնդիրները լավ գիտեք, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է հաջողել Կարեն Կարապետյանը։

Ինչքան շփվել եմ ժողովրդի հետ, իսկ ես բավական շատ եմ շփվել, իրոք, ժողովուրդն այսօր բարեփոխիչ է համարում Կարեն Կարապետյանին։

Դուք ինքներդ բախվել եք համակարգի խնդիրներին, ՏՄՊՊ-ի հետ կապված։

Գիտեք, խնդիրներ միշտ եղել են և մնալու են՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում երկիրը։ Մարդկային հարաբերությունների խնդիր է լինում, որը ընդհանրապես կապ չունի ամենավերևների հետ։ Ամեն երկրում էլ խնդիրներ կան, գուցե մեզ մոտ ավելի շատ են, բայց ինքս բավական դրական քայլեր եմ տեսնում և համոզված եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում որքան դրական առաջընթաց է ապահովելու մեր երկիրը, քանի որ հետ գնալու տեղ էլ չունի։

Հետ գնալու տեղ չունի ասելով՝ նկատի ունեք, որ այդքան վա՞տ է մեր երկրի վիճակը։

Ոչ թե շատ վատ վիճակում է և հետ գնալու տեղ չկա, բնականաբար խնդիրներ շատ կան, բայց և նախագահն է ասում, և բոլորս ենք ուզում, որ երկիրն առաջ գնա։ Եվ որպեսզի երկիրն առաջ գնա, պետք է եղած խնդիրները վեր հանենք և լուծում տանք՝ անկախ նրանից՝ դրանք շատ են, թե քիչ են։

Ի՞նչ է փոխվում Ձեր կյանքում, երբ այլևս պատգամավոր չեք։

Իմ կյանքում ոչինչ չի փոխվի, ինչպես ապրել եմ, շարունակելու եմ նույն կերպ ապրել և քանի անգամ ես ասել եմ, որ մանդատը ես երբեք չեմ օգտագործել և որևէ տեղ չեմ էլ ասել, որ ես պատգամավոր եմ։ Ով ինձ ճանաչել է, իմացել է, ով չի ճանաչել, չի իմացել, ես երբեք դա ինձ համար դրոշակ չեմ դարձրել։ Շատ շատերը երկրում ինձ մինչև պատգամավոր լինելը ճանաչել են և հիմա էլ են ճանաչում, աշխատանքի մեջ, իմ գործունեության մեջ, իմ վերաբերմունքի մեջ, կարծում եմ, որևէ փոփոխություն չի եղել, երբ դարձել եմ պատգամավոր, ինչպես եղել եմ հասարակ մարդ, այդպես էլ շարունակել եմ։ 

Ամենաընթերցվածը