Ընտրակաշառքը չեն պարտադրել: Եթե հանցանք կա, ապա հանցանքը երկկողմանի է

    • Հարցազրույց - 04 Ապրիլի 2017, 20:51
Lragir.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

Պարոն Համբարյան, սպասելի՞ էին  խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները:

Այո, սպասելի էին: Ես նույնիսկ ավելին էի սպասում, որ ՀՀԿ-ն առանց բոնուսային տարբերակի կփորձի բոլորին ցույց տալ, որ ինքը վայելում է հասարակության մեծամասնության քվեն: Բայց իրենք չակերտավոր ավելի համեստ գտնվեցին: Սա սպասելի էր այնքանով, որ ՀՀԿ-ն, նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, օգտագործեց բոլոր լծակները՝ գործընթացին ներգրավելով մարզային և Երևանի քաղաքական ու գործարար ակտիվ զանգվածներին: Դրանով նաև նրանց պարտադրեց լավ աշխատել ու ձայներ բերել ՀՀԿ-ի համար: Դա շատ լավ գործեց, գրեթե բոլոր մարզերում ՀՀԿ-ն հաղթանակ տարավ, միակ մարզը, որտեղ ՀՀԿ-ն թույլ էր, դա Շիրակն էր, որտեղ իշխող ուժն ստացավ ընտրողների ձայների ընդամենը 40.5 տոկոսը: Այնպես որ, մենք ունենք այն խորհրդարանը, որն ընտրել է մեր ժողովուրդը: Ես բացարձակ համաձայն չեմ այն հայտարարություների հետ, թե ընտրախախտումներ են եղել և այլն: Այո, ընտրակաշառք եղել է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ ընտրողի կաշառվելը դա երկուստեք համաձայնությամբ է եղել: Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի վստահված անձինք, ովքեր այդ ընտրակաշառքը բաժանում էին, ոչ մի ընտրողի դա չեն պարտադրել: Եթե այդտեղ հանցանք կա, ապա հանցանքը երկկողմանի է: Այնպես որ, մեր հասարակությունն արժանի է ունենալ այս խորհրդարանը, որովհետև հենց ինքն է ընտրել:

Կաշառքը գործել է ոչ միայն ՀՀԿ-ի դեպքում, կային նաև այլ կուսակցություններ, որոնց ներկայացուցիչները ևս բավական ակտիվ ընտրակաշառք էին բաժանում: Ցավով եմ նշում, բայց իրոք ընտրակաշառքը հիմա «հարց լուծող» հանգամանք է ընտրությունների մեջ:

Այսինքն՝ ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու շանսեր չկա՞ն Հայաստանում: Նախքան ընտրությունները խոսում էին այն մասին,որ նոր Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով պետք է գործընթացն այլ լիներ:

Նոր Ընտրական օրենսգրքով ոչ մի բան էլ չի փոխվում: Նոր օրենսգիրքը հռչակում է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում համամասնական համակարգով, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Սա ավելի գլոբալ մեծամասնական համակարգ է, քան նախկինը: Հայաստանում կուսակցական շինարարությունը դեռ չի ավարտվել, և այդ չավարտված համակարգով թևակոխել դեպի պառլամենտարիզմ և ժողովրդի աչքերին թոզ թփել ու ասել՝ դուք ոչ թե ընտրում եք անձին, այլ քաղաքական ուժին, դա ուղղակի հեքիաթ ու դեմագոգիա է: Ընտրողների 95 տոկոսը ընտրության ժամանակ ընտրում է ոչ թե կուսակցությանը, որ հավանում է նրա ծրագրերը և այլն, այլ գնում է ընտրության և ընտրում քաղաքական լիդերի, քաղաքական դեմքի, որին ինքը ճանաչում է: Ինչ վերաբերում է այս համակարգն ունենալուն, ապա պետք է ասել՝ եթե մեր հասարակությունը հիվանդ է, հասարակության մեջ կան քաղցկեղային մետաստազներ, բայց հասարակությանը հնարավորություն է տրված, որպեսզի ինքնաբուժվի, բայց այդ հասարակությունը չի ցանկանում բուժվել ու լավանալ, ո՞վ է մեղավոր: Հազար անգամ ասվեց՝ եթե ընտրակաշառք են տալիս, գոնե վերցրեք, բայց մի գնացեք ընտրեք այդ քաղաքական ուժին: Ոչ, գնում և ընտրում են նրան, ում կողմից կաշառվել են:

Պե՞տք է սպասել հետընտրական զարգացումներ: Նախքան ընտրություններն այդ մասին որոշ ուժերի կողմից ակնարկ կար:

Հետընտրական զարգացումներ ես չեմ սպասում: Եթե հետընտրական զարգացումներ լինեին, ապա երկաթը տաք-տաք են ծեծում: Այսինքն՝ ընտրությունների նախնական հրապարակումից հետո պետք է այդ քաղաքական ուժերը հայտարարություններով հանդես գային: Հայկական վերածնունդն արդեն պաշտոնապես հայտնել է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները: ՕՐՕ-ն ընդամենը հայտարարել է, որ ընտրություները չեն համապատասխանում ժողովրդավարական նորմերին: ԲՀԿ-ն ու Ելքը գոհ են ընտրությունների արդյունքից ու ընդունում են դրանք: Ինչ վերաբերում է Ազատ դեմոկրատներին, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին և Կոմունիստական կուսակցությանը, ապա այստեղ խոսքերն ավելորդ են, որովհետև նրանց հավաքած ձայները քիչ են:

Ամենաընթերցվածը