Ինչ կատարվեց ապրիլի 2-ին եւ ինչ է սպասվում առաջիկա 4-5 տարիներին

    • Հարցազրույց - 04 Ապրիլի 2017, 18:26
Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

Տիկին Խառատյան, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած ընտրությունները և արդյոք անակնկալ տեղի ունեցավ՝ հաշվի առնելով, որ շատերը նշում են, որ թեև իշխանափոխություն տեղի չունեցավ, սակայն ընդդիմության փոփոխություն տեղի ունեցավ։

Չեմ կարծում, որ անակնկալը մեծ էր կամ անակնկալ էր։ Կարծում եմ՝ սպասելիի շրջանակներում էր, այդ թվում՝ ընտրակաշառքի ծավալներն էին սպասելի։ Հայտնի էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրակաշառքը դարձրել են ընտրություններում փաստացի լեգիտիմացված միջոց։ Ի վերջո, ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասում էր՝ ի՞նչ է եղել որ, դա կարելի է դիտել որպես բարեգործություն։ Կարծում եմ, դեռ որոշ ժամանակ ընտրակաշառք երևույթն մեր կյանքում տեղ է ունենալու։ Նաև կարծում եմ, որ ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելիս դա պետք է նկատի ունենալ։ Ես զարմացած նկատեցի, որ ԲՀԿ-ին ընտրելու է Հայաստանի ամենալյումպենացված մասը։ Այսինքն՝ երկրի ամենալյումպենացված մասն ընտրելու է օլիգարխիայի շահերին ծառայող մի խմբի, որի անունը կուսակցություն է։ Բայց մեծ հաշվով ՀՀԿ-ն նույնպես այդ լյումպենացված մասի վրա աշխատել է և այդ մասից սպասելիք ուներ։ Այն, որ ես ՀՀԿ-ի իշխանությունը դիտարկում եմ որպես Հայաստանի ներքին խնդիրները ոչ միայն չլուծող, այլև խորացնող կուսակցություն և բնակչության լյումպենացման մեջ դեր ունեցող, այնուամենայնիվ, այդ լյումպենացված մասի մի զգալի հատվածը ընտրակաշառքով, կամ իր ծանոթի- ընկերոջ- հարազատի վարչարարությանը նպաստելու նպատակով ընտրում է ՀՀԿ-ին՝ իրողություն է։ Դա պետք է դիտարկել մեր ընտրական մշակույթի փաստացի մաս։

Կոնկրետ «Ելքի»ի դեպքում, որին դիտարկում են որպես ընդդիմության փոփոխություն, ես կարծում եմ, որ կարելի է այդպես համարել, իշխանությունից դժգոհ զանգվածի մի մասի համար դա գիտակցված «բողոքավոր» ընտրություն է, բայց ընտրողների մի մասի համար էլ՝ ԵՏՄ-ին միանալու վերապահության ցուցադրություն: Միաժամանակ այստեղ նույնպես անձերի գործոնը կա՝ ընտրել անձերի, ովքեր 5-6, նույնիսկ 10 տարիների ընթացքում հետևողական են եղել իրենց սկզբունքներում։ Չէի ասի, թե նրանց նկատմամբ մեծ հանրային վստահություն կա, բայց որոշ հույս ու հավատ կա։ Կարծում եմ՝ նրանց ընտրությունն իսկապես  որպես ընդդիմության ընտրություն է։ Ես չգիտեմ, թե որքան պատվով նրանք այդ ընդդիմության դերը կկատարեն, բայց նրանք փաստացի ուրիշ հիմք չունեն, ընտրողը նրանց օգտին քվեարկել է իբրև ընդդիմություն։ Կարծում եմ՝ առաջիկայում ընդդիմությանը բնորոշ բազմաթիվ խնդիրներում, թե օրենքներ ընդունելիս, թե երկրի ներքին քաղաքական ծրագրերը կազմելիս նրանք պետք է գերլարված աշխատեն, ծրագրեր ներկայացնեն։ Կարծում եմ՝ նրանք դա գիտակցում են և հասկանում են իրենցից իրենց ընտրողի սպասելիքը: Եթե նրանք ընդհանրապես քաղաքական հայտ ունեն առաջիկայում, ապա պետք է այդ դերը հստակեցվի, երևա գործողություններում ու ծրագրերում, Ազգային ժողովում իրենց կողմից ներկայացվող փաստաթղթերում և, իհարկե, այլոց ներկայացրած ծրագրերի ու կառավարության կողմից ներկայացվող բյուջեի քվեարկությունում։ Կարծում եմ՝ «Ելքը» հիմա պետք է շատ լուրջ խորհրդատվական բազայի հետ աշխատի։ Այսինքն՝ դժվար թե դեռ չձևավորված այդ կուսակցությունը տիրապետում է ներքին չլուծված խնդիրների ողջ ծավալին, և եթե լուրջ խորհրդատվական բազա չունենա, ինքը դա չի կարողանա նվաճել։ Այդ իմաստով դա ոչ միայն ընդդիմության փոփոխություն է, այլեւ նոր, ռեալ ընդդիմության հայտ։

Իսկ մնացած ուժերը, որոնք չանցան Ազգային ժողով, կարո՞ղ են անցնել փողոցային պայքարի, և դա որքանո՞վ կարող է հաջողություն ունենալ։ Մասնավորապես ԱԺ-ից դուրս են մնացել ՕՐՕ-ն, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ը, թեև հարցումները ցույց էին տալիս, որ ՀՎԿ-ն կարող է անցնել խորհրդարան։

Ճիշտն ասած, այդ հարցումների արդյունքներում ինձ համար ամենատարօրինակը Արթուր Բաղդասարյանի խմբի վերաբերյալ տոկոսներն էին, որովհետև իմ նախնական դիտարկումներով և իմ մասնավոր վերլուծություններով ակնհայտ էր, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը։ Ես շատ ռեալ տեղեկություններ չունեմ, թե Արթուր Բաղդասարյանի խումբն ինչ չափով է մասնակցել ընտրակաշառք կոչվող երևույթին, բայց ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանը, որքան էլ ինքն իրեն ընդդիմություն հայտարարի, հասարակության աչքին իշխանության ներկայացուցիչ է։ Շատ հավանական է, որ ընտրակաշառք բաժանելու մեջ նրանք ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի հետ չեն մրցակցել, թերևս նաև այն պատճառով, որ ՀՀԿ-ից հավանաբար օժանդակության խոստում չեն ստացել և չեն ուզեցել ֆինանսական ռեսուրս ծախսել,  իսկ պոտենցիալ  ընտրակաշառքային ձայների մի մասը բաշխվել է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև։ Քանի որ Արթուր Բաղդասարյանի խումբը գաղափարական հետևորդ չի ունեցել և չունի, նրա հետևորդները կողմնորոշվել են իշխանության խոստումներով և օժանդակությամբ,  առկա արդյունքը սպասելի էր:

ՀԱԿ-ը իր նոսրացած ընտրառեսուրսը փոշիացրել է, իմ կարծիքով, Արցախի հակամարտության լուծման խաղաղության իր կոնցեպտով: ՕՐՕ-ն նոր կազմավորում է, չնայած հիմնական կազմը նոր մարդիկ չեն, բայց նրանցից ոմանք հիասթափեցրել են ընտրողներին իրենց երբեմնի հարմարվողականությամբ և անվճռականությամբ: Նրանց դեմ է աշխատում նաև իշխանության պահոցներից դուրս բերվող անձային վարկաբեկման որոշ նյութեր: Քաղաքական պայքարում սրանք միշտ կիրառվող հայտնի մեթոդներ են: Բոլոր դեպքերում միշտ կա հասարակության մաս, որը իշխանության անձի ընդդիմադիրացումը ընկալում է որպես անձնական վիրավորանքի դրսևորում, ոչ թե հայացքների ու սկզբունքների արտահայտություն:

Իսկ հետընտրական զարգացումներ չե՞ն լինի։

Ես կարծում եմ՝ Արթուր Բաղդասարյանը երկրորդ անգամ չի ցանկանա ցուցադրել իր խմբի սնանկությունը և սկսել հետընտրական բողոքի ակցիաներ, քանի որ, կարծում եմ, նրա սկսած բողոքի ակցիային գիտակից բողոքավորների միացում չի լինի, իսկ խումբն էլ բողոքավորի վերածվող ընտրողներ չունի: Նա, կարծում եմ, ձեռնպահ կմնա այդպիսի գործողություններից, այլապես երկորդ անգամ իր խմբի և իր քաղաքական հեռանկարների սնանկությունը կբացահայտի։

ՕՐՕ դաշինքը, կարծում եմ, շատ լավ հասկանում է, որ ունի մոտավորապես այն թիվը, որը ընտրություններում գրանցվեց։ Նա գիտի նաև, որ դաշինքը գլխավորող անձինք, մասնավորապես Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, պատասխանելիք ունեն իրենց իշխանության շրջանի անցյալի հետ կապված հանրային վերաբերմունքի խնդիրներում։ Դա հետընտրական ցանկացած գործընթացում կարող է ավելի բաց արտահայտվել։ Եթե նույնիսկ ոչ թե ընտրողները, այլ իշխանության վարկաբեկման պահոցները աշխատեն: Ես կարծում եմ, որ այս դաշինքը ևս չի գնա այդպիսի առճակատման, այլապես դա կաշխատի իր դեմ։

ՀԱԿ-ը նույնպես այդպիսի քայլեր չի նախաձեռնի։ Ներկայիս ՀԱԿ-ը ձևավորվեց 2008-ի աղմկոտ դեպքերից հետո, բայց 2008-ի բողոքավոր ալիքը ոչ թե ապագա ՀԱԿ-ի գաղափարական  հետևորդներ էին, այլ ընդհանրապես իշխանությունից դժգոհողներ էին: ՀԱԿ-ին չհաջողվեց 2008-ի իշխանությունից դժգոհողներին իր համակիրները դարձնել: Ամեն ինչից բացի, ՀԱԿ-ի դեմ այս կոնկրետ դեպքում շատ ինտենսիվ կաշխատի Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթների խաղաղության կոնցեպտը։ Ոչ թե խաղաղության գաղափարը, այլ խաղաղության հասնելու իր կոնցեպտը։ Դա կլինի մեխը, որով նրա բողոքային հետընտրական քայլերը չեն կարողանա նոր հրապարակային զանգված բերել։ Վերջիվերջո, մարտի 1-ը նաև ՀԱԿ-ի դեմ է աշխատում։ Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնամեկուսացումը չափազանց շատ է հասարակության կողմից դատապարտվել և համարյա որևէ փաստարկ չի բերվել դրա օգտին, դա արհամարհված թեմա է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի հնարավոր պոտենցիալ ընտրազանգվածի կողմից։ Բոլորին հասկանալի է, որ 2008 թվականի բողոքավոր ընտրազանգվածը Տեր-Պետրոսյանի համակիրների ընտրազանգվածը չէր, այլ ՀՀԿ-ին դեմ ընտրազանգվածն էր, որի մի զգալի մասը վաղուց փոշիացել է քաղաքական տարբեր ուղղություներում և քաղաքական հիասթափություններում։ Ես համարյա վստահ եմ, որ նրանք չեն ուզենա առավելագույնը 500 հոգիանոց հրապարակ հավաքելու ճառեր ասել, ուստի  ՀԱԿ-ը չի գնա այդ քայլին, թեկուզ դա չցուցադրելու համար։

Մյուս կողմից էլ, կարծեք թե, իրավական ճանապարհներով բողոքարկելու խնդիրների հավանականությունը քիչ է։ Այդպես խիստ փաստերով ապացուցելի ընտրակեղծարարություն, բացի հայտնի ընտրակաշառքը, կարծեք թե, ինչ-որ ծավալ չի զբաղեցնում և ծանրակշիռ հիմք չեն կարողանա ներկայացնել։ Իրավական գործընթացում կարող են ինչ-որ վարչական պատիժներ լինել, բայց պարզ է, որ դրանք ընտրությունների արդյունքների վրա ազդելու հեռանկար չեն ունենա։ Կարծում եմ՝ նրանք կգերադասեն լուռ վերլուծական պատասխանները, թե ինչպես իրենցից խլվեց իրենց համակիրների ընտրությունը։ Բայց չեմ կարծում, որ դրանք կվերածվեն քայլերի, գործողությունների։

Իսկ ի՞նչ կարծիքի եք «Ազատ դեմոկրատների» մասին, որոնք նույնպես չանցան խորհրդարան։

Ես կարծում եմ, որ «Ազատ դեմոկրատների» գաղափարակիրների ցանկը ավելի մեծ է, քան ընտրության արդյունքներով մենք տեսնում ենք։ Բայց ես կարծում եմ, որ «Ազատ դեմոկրատների» տնտեսական գաղափարների զգալի մասը ՀՀԿ-ի ծրագրերի մեջ է ներառված, իսկ եվրոպական կողմնորոշումը շատ վատ է ներկայացված։ Այսինքն՝ ընտրողների մեծ մասը շատ վատ է պատկերացնում «Ազատ դեմոկրատների» արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Սա նրանց դեմ է աշխատում, և եթե «Ազատ դեմոկրատներն» ուզում են քաղաքական կյանքում կշիռ ունենալ, պետք է փորձեն շատ հստակ և շատ հետևողական ներկայացնել իրենց այդ կողմնորոշումները։ Օրինակ՝ այն, ինչ արել են «Ելք»-ի առանձին անձինք իրենց թե հասարակական-քաղաքացիական, թե քաղաքական գործողություններում։

Վարչապետ Կարեն Կարապետյանն է արդեն արձագանքել ընտրությունների արդյունքներին ու նշել, որ ուզում է, որ իրեն «բարեփոխիչ» ասի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև հանրությունը։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ամենը խոսքից նաև գործի վերածվի։

Նախևառաջ փոխվել է կառավարման սկզբունքը, և առաջիկայում կառավարման նոր համակարգի կանցնենք։ Ես չգիտեմ՝ ով կլինի վարչապետը, բայց վարչապետի ֆունկցիայի մեծացում կա, և վարչապետի աշխատանքի շատ ավելի մեծ կարևորություն կա դրված։ Երկրորդ՝ մեծ հաշվով մենք հիմա ստիպված ենք ՀՀԿ-ի իշխանությունն ընդունել, և դա ռեալ իշխանություն է։ Սա նշանակում է, որ մենք արդեն լրջորեն պետք է ՀՀԿ-ի հետ հաշվի նստենք, որ նրանց գործունեությունը մեր հասարակության և մեր երկրի ճակատագրի համար կարող է ունենալ չափազանց անդառնալի հետևանքներ, այդ թվում, եթե կուզեք, Արցախի խնդրի կարգավորման հետ կապված։

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա ՀՀԿ-ն կարծեք թե իր ողջ անցյալ գործունեությամբ իրական բարեփոխումների հույսեր չի տալիս: Չեմ տեսնում, որ առաջիկայում ԱԺ-ում ՀՀԿ-ի դեմ աշխատող այնպիսի ռեալ ուժ կա, բացի «Ելք»-ը, որը պոտենցիալ բարեփոխումների լուրջ ծրագրեր ունի: ԲՀԿ-ն այդ հույսը չի ներշնչում, ՀՅԴ-ն էլ հավանաբար կգնա ՀՀԿ-ի հետ կոալիցիայի, և վճռական հարցերում չի կարողանա ազդել ՀՀԿ-ի որոշումների վրա: Վստահ չեմ, որ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում «Ելք»-ին դիտարկում է որպես բարեփոխումների գործընկեր: Եթե Կարեն Կարապետյանը տեսնում է, որ վարչապետի պաշտոնն ինքնին բավական է «բարեփոխիչ» լինելու համար, մերժում է նոր Սահմանադրությամբ ԱԺ-ի մեծացած լիազորությունները: Կարծում եմ՝ որպես ԱԺ-ում փաստացի միակ ընդդիմադիր ուժ, «Ելք»-ի վրա ավելի ծանր աշխատանք է դրվելու, և հիմա, իմ կարծիքով, հանրությունը պետք է մի քիչ մոբիլիզացվի և հստակ ծրագրերով փորձի ազդել թե ՀՀԿ-ի գործողությունների վրա, որի ներկայացուցիչն է լինելու վարչապետը, թե «Ելք»-ի վրա՝ միաժամանակ վերափոխիչ ծրագրերի սնուցմամբ, և թե «Ելք»-ի նկատմամբ վերահսկողությամբ։

Բարեփոխումների պնդումը պիտի դառնա հիմնական քաղաքական ճնշումը, և ինձ թվում է՝ շատ արագ և հստակ նույն ՕՐՕ-ն, նույն «Ազատ դեմոկրատները», եթե իսկապես քաղաքականության մեջ անելիք ունեն, հենց հիմա պետք է շատ արագ բարեփոխումների ուղղությամբ վերամոբիլիզացվեն ՀՀԿ-ի վրա ազդելու: Չեմ ասում՝ ՀՀԿ-ի դեմ աշխատելու համար, բայց գուցե նաև այդպես։ Առաջիկայում դա չափազանց կարևոր է։ Իմ կարծիքով՝ առաջիկա 4-5 տարիները Հայաստանի համար լինելու են ամենավճռորոշ տարիները։ Վերջիվերջո, քաղաքականությունը և կուսակցությունների աշխատանքը միայն ԱԺ-ում չեն:

Ամենաընթերցվածը