700 հազար մարդու վրա դաջվածք կա, նրանք ուրախ են, որ թշվառ են

    • Հարցազրույց - 04 Ապրիլի 2017, 13:16
Մեր զրուցակիցն է «Միասնություն Հայաստան» նախաձեռնության անդամ, ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, ով ընտրություններին աջակցում էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին

Պարոն Արշակյան, ամփոփվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որի՝ նոր ԱԺ-ում ներկայացված կլինեն չորս քաղաքական ուժ և դաշինք։ ՕՐՕ-ն, որին Դուք աջակցում էիք, չհաղթահարեց 7 տոկոսի շեմը։ Անակնկա՞լ էր արդյոք Ձեզ համար։

Չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ է նոր խորհրդարան ասելը, նոր բառը հանենք, իշխանությունը շարունակում է իր գործունեությունը, այսինքն՝ մենք արդեն մի քանի անգամ քննարկել ենք, թե արդյոք հնարավոր է ԵԱՏՄ-ում ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել: Մինչ օրս իշխանությունը ոչ մի անգամ ընտրությունների միջոցով չի փոխվել ոչ Բելառուսում՝ Լուկաշենկոյի ընտրվելուց հետո, ոչ Ռուսաստանում՝ Պուտինի ընտրվելուց հետո, ոչ Ղազախստանում՝ Նազարբաևի ընտրվելուց հետո, ոչ էլ Ղրղզստանում՝ բազմաթիվ հեղափոխություններից հետո: Այսինքն՝ այդպիսի կուլտուրա՝ ընտրություն և իշխանափոխություն, ԵԱՏՄ այդ ակումբում չկա։ Հիմա Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ ամենաղքատ, ամենաթույլ, ամենաչհարգված երկիրը, պարզ է, որ ոչնչով չէր կարող աչքի ընկնել։ Անցկացվեց ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն, նախապատրաստվեց և անցկացվեց քվեարկություն և իշխանությունը նույնը մնաց։ Քվեարկության արդյունքում հին իշխանությունը մնաց հին, և հիմա ժամկետանց իշխանություն ունենք։

7 տոկոսի արգելքը կարողացավ հաղթահարել ԵԼՔ դաշինքը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ընդդիմափոխություն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։

Այս առումով շնորհավորում եմ ՀՀ քաղաքացիներին, որ մենք ունեցանք լեգիտիմ ընդդիմություն։ Իսկապես նա ընդդիմություն է, և այն այսօր կա։ Նրանք, բացառությամբ մի քանի հոգու, որ չեն եղել ԱԺ-ում, այն ժամանակ որպես ընդդիմություն, իմ կարծիքով, լեգիտիմ չեն չեղել, այ հիմա արդեն լեգիտիմ են։ Եվ այս իմաստով, այո, կարելի է ասել, որ ընդդիմափոխություն տեղի ունեցավ։ Հայաստանի ԱԺ-ում կա լեգիտիմ ընդդիմություն՝ ի դեմս ԵԼՔ-ի։ Ես նրանց շնորհավորում եմ։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում այնպիսի քաղաքական ուժ, որ կկարողանա ՀՀԿ-ին հակակշռել, անվերապահ հասարակական վստահություն ձեռք բերել։

Որպեսզի Հայաստանում ձևավորվի Հայաստանին ծառայող քաղաքական ուժ, որը կհաղթի ՀՀԿ-ին, Հայաստանի կարգավիճակը պետք է փոխվի՝ որպես հետսովետական միություն։ Հետսովետական միությունը նույնպես կարգավիճակ է, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի անդամ Հայաստանին հենց այսպիսի իշխանություն է սազում՝ ՀՀԿ իշխանություն է սազում: Իշխանափոխություն նշանակում է փոխել Հայաստանի Հանրապետության կարգավիճակը, այսինքն՝ չպետք է լինի հետսովետական հանրապետություն, չպետք է լինի ԱՊՀ-ական, ՀԱՊԿ-ական հանրապետություն, չպետք է լինի Մաքսային Միության հանրապետություն, չպետք է լինի նաև Եվրասիական հանրապետություն։ Այսինքն՝ իշխանափոխություն կլինի, երբ կարգավիճակը փոխվի, նոր իշխանությունը կբերի նոր կարգավիճակ։ ՀՀԿ-ն շատ սազում է ՀՀ կարգավիճակին, Հայաստանը քրեա-օլիգարխիկ պետություն է, այնտեղ պետք է լինի անարդարություն, անազատություն, պետք է լինեն անպայման ինչ-որ հաճո՝ ռուսահաճո, եվրահաճո, թուրքահաճո, պարսկահաճո մարդիկ։ Այսպիսի մարդիկ պետք է մոդա լինեն, խոնարհ և հաճոյացող ինչ-որ ուժեր, ոչ հայանպաստ։ Հայկականը այստեղ գավառական է գնահատվում։ ՀՀԿ-ն ճիշտ այդպիսին է, նա ապահովում է արտագաղթը, ապահովում է նսեմացումը, տեսնում ենք՝ ինչ ստորաքարշությամբ են իրենց դրսում պահում, ոնց են խոնարհվում, ոնց են օտարների հետ իրենց լեզվով խոսում, երբ պարտավոր են պետական լեզվով խոսել: Այնպես որ, շատ հարմար է պատվազուրկ իշխանություն ունենալը, որը պատվազրկում է մեր հայրենիքը։ Մենք չենք կարողանում այս կարգավիճակից դուրս գալ՝ չնայած մեր բոլոր ջանքերին։

Ըստ Ձեզ՝ պայքարը պետք է շարունակվի՞, հետընտրական զարգացումներ կլինե՞ն։

Այո, նրանք, ովքեր ուզում են փոխել ՀՀ կարգավիճակը, ովքեր պատիվ և արժանապատվություն ունեն, նրանք պետք է պայքարեն ՀՀ այս թշվառության, անպատիվ վիճակից դուրս բերելու համար՝ հետսովետական վիճակից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից: Այս կլիչկաները պիտակներ են մեզ վրա կպցրած։ Եվ այդ պիտակները մենք պետք է հերթով պոկենք, որպեսզի մենք մեզ զգանք ազատ, անկախ, արժանապատիվ քաղաքացիներ։ Իսկ ՀՀԿ-ն ծպտված չի գործում, անուն ազգանունով և քվեարկությամբ են հավերժանում, որպես պատվազուրկ, անազատ և թշվառ։ Նրանց մեջ փողատերեր կան, բայց նրանք հարուստ չեն, աղքատ են, թշվառ,  պատվազուրկ և անազատ: Անուն ազգանունով պետք է փորագրել տամ՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, անպատիվության պատվո տախտակ, թոշակներիցս մեկը կզոհաբերեմ դրան, որպեսզի նրանց ժառանգները այնտեղ գան ծաղիկներ դնեն և մոմ վառեն։

Ինչի՞ մասին են խոսում ՀՀԿ-ի այսքան քվեները։

Այդքան մարդ միշտ կա ցանկացած երկրում, այդքան ապատիայի մեջ ընկած մարդիկ կան: Մեկուկես միլիոն մարդու ձայն չկա, չկան այն մարդիկ, որոնց համար կրթությունը հատուկ արժեք է, նրանք չեն քվեարկել, Հայաստանի ինժեներատեխնիկական անձնակազմը  չի քվեարկել, չեն քվեարկել արժանապատվություն ունեցող բժիշկները, մանկավարժները, չեն քվեարկել  գործազուրկ և թշվառության մատնված մտավորականները։ Ես չեմ պատկերացնում, որ մտավորականը կգնա կքվեարկի մի իշխանության օգտին, որը Հայաստանում մեկուկես միլիոն աղքատ մարդ է պահում։ Ես չեմ հավատում, որ բժիշկը կգնա կքվեարկի այն իշխանության օգտին, որը  առողջապահական ապահովագրություն չունի, պետական պարտադիր ապահովագրության մասին է խոսքը, այս բոլորը չեն քվեարկել։

Եվ հիմա, թե ինչ թիվ են գրել, ինձ չի հետաքրքրում։ Եթե նույնիսկ կլինի մեկ հոգի, բայց իշխանությունը մնում է  նույնը, ես նույն վերաբերմունքը կունենամ։ Այո, կասեի՝ քանի դեռ մենք այդ դաջվածքով ենք՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, քանի դեռ հետխորհրդային այդ դաջվածքներով մարդիկ են գնացել քվեարկել, ոչինչ չի փոխվի: 700 հազար մարդու վրա դաջվածք կա, եթե այդքան մարդ քվեարկել է, կարելի է ասել, որ դա աղետ է, կարելի է ասել, որ 700.000 մազոխիստ կա Հայաստանում, նրանք ուրախ են, որ թշվառ են, նրանք ասում են՝ լավ է, որ տգետ ենք, թշվառ ենք, լավ է, որ ինչ-որ պետության ծայրագավառ ենք։ Եվ ուրեմն մեզ հոգեբույժներ են պետք, 700.000 մարդու բուժել է պետք, բայց այդպես չէ, այդ թվերը կեղծ են։ Սա քվեարկություն է, ընտրություն չէ, կոնցլագերում ենք, բա ինչ պիտի անենք։

Այս ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմն առջևում է, դեռ կհաղթենք։

Ամենաընթերցվածը