ԵԼՔ դաշինքին օգնեց մի շատ կարևոր հանգամանք

    • Հարցազրույց - 03 Ապրիլի 2017, 20:48
Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ԱԺ կանցնեն չորս քաղաքական ուժեր: Սպասվա՞ծ արդյունք էր:

Ընդհանուր առմամբ` սպասված: Բացառությամբ ՀՎԿ-ի, ով նախընտրական շրջանում աշխատում էր նույն մեթոդներով, ինչ Ծառուկյան դաշինքը, բայց չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը: Մնացած դեպքերում ամեն ինչ պարզ էր: ՀՀԿ-ն իր կուսակցական, վարչական ու ֆինանսական ռեսուրսներով, ռեյտինգային թեկնածուներով, Ծառուկյան դաշինքի հետ միասին, ըստ էության, խժռեցին էլեկտորատի գերակշիռ մասը:

ԵԼՔ-ի մասով: Հասարակությունն ինչ- որ տեղ օբեկտիվորեն նախընտրեց ԵԼՔ-ի թարմությունը, նրանց պարզ և հասկանալի կենացաշար-ծրագիրը Ազատ Դեմոկրատների (Բագրատյան) և ՀԱԿ-ի (Տեր-Պետրոսյան) տնտեսական ու քաղաքական բարդ ծրագրերից: ԵԼՔ-ին օգնելու եկավ մի շատ կարևոր հանգամանք: Դաշինքի ամենաերևացող երկու դեմքերը` Մարուքյանը և Փաշինյանը, երբեք իշխանություն չեն եղել, իսկ սա ընդդիմադիր էլեկտորատի որոշակի հատվածի համար դրական ընկալման ցուցիչ է:

ՀՅԴ-ի մասով, կարծում եմ, ավելորդ է խոսել: Դաշնակցության էլեկտորատը միշտ էլ տատանվել է նույն տոկոսների միջև, և Դաշնակցությունը, որպես լավ կազմակերպված ինստիտուցիոնալ կառույց, կարողացել է կրկին իր էլեկտորատը վերցնել:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընդհանուր պատկերին: Չնայած օրվա մեջ անընդհատ հնչող ահազանգերին, որևէ էական բան տեղի չունեցավ, որ կարող էր բեկել ընտրության արդյունքները: Կրկնաքվեարկության մասսայական դեպքեր, լցոնումներ չեն արձանագրվել: Ամենաաչքի ընկնողն ուղղորդումներն էին տեղամասի ներսում և կուտակումները տեղամասից դուրս: Ռեյտինգային թեկնածուների թվի աճը բերել էր նաև ուղղորդումների ծավալի աճի: Չեմ կարծում, թե որևէ միջազգային դիտորդական ստանդարտով սրանք համարվեն կոպիտ խախտումներ:

Ու մյուս կողմից, եթե կա ուժ, որը պետք է հանդես գա խախտումների դեմ բողոքող քաղաքական կողմ, դա Ծառուկյան դաշինքն է: Սովորաբար երկրորդ տեղի թեկնածուն կամ ուժն են ստանձնում հետընտրական գործընթացների, լինեն դրանք հրապարակային, թե իրավական, պատասխանատվությունը: Չեմ կարծում, թե նման տոկոսներ ստանալուց հետո Ծառուկյան դաշինքը փորձի կասկածի տակ դնել ընտրության արդյունքները:

Ըստ էության՝ շատ քիչ ընդդիմադիր ուժեր ներկայացված կլինեն: Այս առումով՝ պատկերն ավելի տխո՞ւր կլինի:

Եթե Ծառուկյան դաշինքն ընդդիմադիր համարեինք, կարող էինք մտածել, որ բավական լավ ներկայացված ընդդիմություն ունենք պառլամենտում: Բայց Ծառուկյան դաշինք նախագիծը բուֆեր էր ՀՀԿ-ի համար: Բուֆեր ՀՀԿ-հասարակություն, ՀՀԿ-այլ ուժային կենտրոններ փոխհարաբերություններում: Եվ այն աշխատեց: Գրեթե բոլոր ներսի և դրսի քաղաքական գործոնները իրենց ներկայացուցիչներն ունեն Ծառուկյան դաշինքում, այնտեղ են լինելու նաև ՀՀԿ-ից դուրս մնացածները: Այս իմաստով, Ծառուկյան դաշինքը հիասքանչ կատարեց իր վրա դրված դերակատարությունը:

Դաշնակցության հետ ամեն ինչ պարզ է, ամենայն հավանականությամբ նրանք կդառնան կոալիցիա ՀՀԿ հետ: Եվ այս պարագայում, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն դառնում են մեծամասնություն և ձևավորում կառավարություն, ընդդիմության որևէ լուրջ դերակատարման մասին խոսելն ավելորդ է: Գործընթացների վրա ընդդիմությունը չի կարողանալու ազդել: Նրա դերակատարությունը լինելու է սիմվոլիկ և դիսկուրսիվ: Այլ հարց, ինչպես նրանք իրենց ունեցած կապիտալը կգեներացնեն առաջիկա քաղաքական գործընթացներին ընդառաջ:

Բայց կա մեկ այլ գործընթաց, որ այս պահին դուրս է մնում ընդհանուր ուշադրությունից: Մենք ունենում ենք մի քանի քաղաքական ուժեր, որոնք ըստ էության դառնում են արտախորհրդարանային ընդդիմություն: Այդ ուժերում ներկայացված են մարդիկ, ովքեր միշտ այս կամ այն վեկտորով ներկայացրել են քաղաքական վերնախավը ու հիմա ըստ էության դուրս մնացին: Մարգինալացումը, սակայն, ռիսկեր պարունակող գործընթաց է, մանավանդ, երբ դրա հավաստիացումները մենք տեսել ենք ՕՐՕ-ի կողմից: Հիմա ՕՐՕ-ն ունի պոտենցիալ դաշնակիցներ: Այսքան շատ արտախորհրդարանային ընդդիմադիրները, եթե որոշեն դրսևորվել, ապա դա բնականաբար անելու են փողոցում: Իսկ սա հավելյալ գլխացավանք է դառնում իշխանության համար:

Ծառուկյան դաշինքը իրեն թեև հայտարարել է ընդդիմություն, բայց նախորդ տարիներին ԲՀԿ ԱԺ գործունեությունը ցույց է տվել, շատերի գնահատմամբ, ճիշտ հակառակը: Տեսակետ կա, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել ընդդիմափոխություն: Այս փոփոխությունը ի՞նչ կարող է տալ խորհրդարանական համակարգի անցած Հայաստանին:

Արդեն նշեցի, որ Ծառուկյան դաշինքի ֆունկցիան այս ընտրություններում բուֆերի դերակատարումն էր, որը նրանք իրականացրեցին շատ լավ: Հաշվի առնելով անցյալի փորձն ու այն, որ Ծառուկյանը որպես գործոն երբեք միաշերտ ու միանշանակ չի եղել, կարող ենք ենթադրել, որ ինչ-որ ռիսկեր ամեն դեպքում կան, բայց դրանք նախկինից էականորեն քիչ են:

Ինչ վերաբերում է ընդդիմափոխությանը: Փաստացի ունենք երկու ընդդիմություն: Ծառուկյան դաշինքը լինելու է տարբեր գործոնների, սուբյեկտների ընդդիմադիր խոսափողը ՀՀԿ-ի դեմ: Այստեղ լուծվելու են տնտեսական բնույթի հարցեր, հաճախ նաև քաղաքական ու ստրատեգիական: Այդ հակադրությունը սակայն մեր տեսադաշտից դուրս է մնալու, դա ներվերնախավային բանավեճ է:

ԵԼՔ-ը ներակայացնելու է հանրությանը: Տարբեր օրինագծերի ժամանակ, հանրապետականների հետ առնչվող սկանդալային դեպքերի ժամանակ դուրս են գալու և ամբիոնից ժողովրդահաճո ելույթներ ունենան: Քանի որ ցանկության դեպքում նույնիսկ չեն կարող ազդել որևէ քվեարկության վրա, նույնիսկ եթե Ծառուկյան դաշինքին համոզեն միասնական քվեարկել կամ չքվեարկել որևէ օրինագծի: Ամեն դեպքում, պատգամավորական մանդատը ռեսուրս է, և այն արդյունավետ գործարկելու դեպքում հնարավոր է հասարակությունը հաջորդ անգամ ավելի շռայլ վարձահատույց լինի:

Երկու տարբեր ընդդիմադիր ուժերը սակայն ունեն մեկ կառուցվածքային խնդիր ` երկուսն էլ դաշինք են: Հայաստանի քաղաքական փորձը ցույց է տալիս, որ դաշինքները, երբ վերածվում են պառլամենտական խմբակցության, հաճախ պառակտվում են, կորցնում միասնականությունը: Հաշվի առնելով, որ երկու ուժերն էլ կոնսոլիդացել էին նախընտրական նպատակներով` ուժային կենտրոն դառնալու համար, հնարավոր է, որ արդեն երկարատև գործունեության հեռանկարում լինեն պառակտումներ:

Ամենաընթերցվածը