Հայաստանում իշխանությունը փոխվել է միայն հեղաշրջմամբ

    • Հարցազրույց - 20 Մարտի 2017, 08:52
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը։ Հաց բերողի անսպասելի մահը կարո՞ղ է արդյոք իշխանության համար անկանխատեսելի իրավիճակ ստեղծել նախընտրական այս փուլում։

Կարծում եմ, ոչ: Այսօր ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը այս կամ այն կերպ հաստատված է Սերժ Սարգսյանի կողմից: Նրանք կամ չեն գնա նման սրացումների, կամ ի վիճակի չեն լինի այդ կերպ ճգնաժամային իրավիճակ ստեղծել: Նույնը վերաբերում է նաև այն ուժերին, որոնք չեն մասնակցում այս արշավին: Այս առումով քիչ հավանական եմ համարում, որ Հաց բերողի մահվան հետ կապված լարվածությունը բերի անկանխատեսելի զարգացումների:

Այսօր արդեն խոսում են հետընտրական զարգացումների մասին՝ հաշվի առնելով նաև այն, որ ընդդիմության պնդմամբ՝ արդեն մի շարք թերացումներ և խախտումներ են արձանագրվել։

Հայաստանում ավանդույթ են դարձել հետընտրական հանրահավաքները և ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջները: Նույնկերպ նաև ավանդական է, որ անկախ այդ զարգացումների սրությունից, դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքի վրա: Կարծում եմ, որ նույնը կկրկնվի նաև այս դեպքում, մանավանդ, որ ընդգծված հակաիշխանական ուժ չի նշմարվում, ով պատրաստ կլինի մեծ դրույքներ կատարելու, մեծ զոհողությունների գնալու:

Իշխանությունը բոլոր ընտրությունների ժամանակ կիրառում է խախտումների նույն հավաքածուն, սակայն ընդդիմությունը չի կարողանում գտնել դրան հակադարձելու էֆեկտիվ հակամիջոցներ:

Սերժ Սարգսյանն ունի՞ արդյոք ԵՄ-ի և Ռուսաստանը աջակցությունը։ Կվերարտադրվի՞ արդյոք այս անգամ ՀՀԿ-ն է։

Սովորաբար օտար երկրները հիմնականում հաշվի են նստում այն ուժի հետ, որը հաղթել է, եթե նրա հետ չեն ունենում շատ խորը հակասություններ, կամ եթե ընտրությունների ժամանակ տեղի չեն ունենում արտառոց խախտումներ: Թերևս նույնը կկրկնվի նաև այս ժամանակ:

Միաժամանակ, կարծես թե Բրյուսել և Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ Սերժ Սարգսյանը ավելի հստակ, ավելի կոնկրետ երաշխիքներ է ձեռք բերել: Այնպես որ, ՀՀԿ-ի վերարտադրությունը նա դարձրել է զուտ մեխանիկական խնդիր:

Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ՝ որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան։

Քանի որ խորհրդարան կազմողը Սերժ Սարգսյանն է, ապա այնտեղ կհայտնվի ՀՀԿ-ն իր արբանյակ ուժերի՝ Դաշնակցության, ԲՀԿ-ի, Օրինաց Երկրի հետ: Վատ շանսեր չունի ԵԼՔ-ը, քանի որ Սերժ Սարգսյանին պետք է ցուցադրել քիչ թե շատ հավատ ներշնչող ընդդիմություն, իսկ Բարգավաճը կամ Արթուր Բաղդասարյանն էլ վստահություն չեն ներշնչում: Սակայն, նկատենք նաև, որ մտնում ենք նախընտրական երկշաբաթյակը, որը համարվում է ամենաինտենսիվ շրջանը, և այստեղ կարող են ավելի հստակ բացահայտվել իշխանության պլանները ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ:

Այս պահին կա՞ իշխանափոխության հնարավորություն։

Իշխանափոխության հնարավորություն Հայաստանում միշտ կա: Քանի որ իշխանությունը չի ձևավորված քաղաքացիների կողմից և չունի որևէ լեգիտիմություն, այն առանց պրոբլեմի կարող է փոխվել ցանկացած պահի: Մեզ մոտ իշխանությունը երբևէ չի փոխվել ընտրություններով կամ հեղափոխությամբ, այլ միայն հեղաշրջմամբ. այնպես որ, այս պահը չի տարբերվում մյուս պահերից՝ պարզապես դրա համար անհրաժեշտ է ներքին և արտաքին գործոնների որոշակի համադրություն:

Ամենաընթերցվածը