«Մեր տղաներից շատերը ողջ են, կան։ Մենք ինչի՞ համար ենք»

    • Հարցազրույց - 18 Մարտի 2017, 19:19
Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը բուռն արձագանք ունեցավ հասարակության մեջ։ Նախընտրական այս փուլում կարո՞ղ է դա իրավիճակ փոխել, կամ գուցե արդեն փոխել է։

Ես չգիտեմ՝ իրավիճակ կփոխի, թե ոչ, բայց կցանկանայի, որ փոխի, որովհետև Արթուրը հաղթեց իշխանությանը։ Առանց այն էլ իշխանություններն այնպես են ղեկավարում, որ արժանի է ապստամբությամբ հեղաշրջել այն։ Արթուրը երկու անգամ հաղթեց իշխանությանը. մեկ անգամ ոստիկանության պատնեշը պատռեց և տղաներին հաց տարավ, երկրորդ անգամ նա ոչ թե խնդրեց, որ իրեն բաց թողնեն, այլ հացադուլով ստիպեց, որ իրեն բաց թողնեն։ Ինքը շատ լավ գիտակցում էր, թե ինչ կարող է պատահել իր հետ, ամենալավն ինքն էր գիտակցում, հավանաբար։ Փաստորեն իշխանությունները սպանեցին նրան, իսկ ովքեր են իշխանությունները՝ դա հանրապետականներն են։ ՀՀԿ-ի վերնախավը սպանեց Արթուրին։ Դրանով նրանք միայն Արթուրին չսպանեցին, այլև հայ մարդուն, հայ մարդու իրավունքը, արդարադատությունը։ Ես, իհարկե, ընտրությունները բոյկոտելու և ապստամբության, հեղաշրջման կողմնակից եմ, բայց քանի որ ընտրության գնալու են շատ մարդիկ, ոչ միայն կոչ կանեի, այլև 1988-1994 թվականներին պայքարած իմ ժողովրդին կխնդրեի, որ ՀՀԿ-ին ձայն չտան։ Ես համոզված եմ, որ սա ամեն մի մտահոգ հայի ցանկությունը պետք է լինի, որ Հանրապետականը չընտրվի։ Ում ուզում են, թող ընտրեն, բայց ոչ ՀՀԿ-ին, որովհետև նրանց սարքած մեխանիզմը քանդել է պետք։ Իշխանության, հանրապետականների քարտերը խառնել է պետք, ժողովուրդը նաև այսկերպ պետք է ընդվզի, միևնույն է, ապրիլի 3-ին ընդվզում լինելու է։ Պարզապես, սրանով պետք է ընդվզում լինի ոչ թե ընտրակեղծիքներով հաղթած ՀՀԿ-ի, այլ պարտված ՀՀԿ-ի դեմ։ Մենք գիտենք, որ ընտրությունը նաև հիմա է կեղծվում, ընտրությունները 2015 թվականի ընտրություններով է կեղծվել, ընտրությունները այս ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ է կեղծվել։ Իհարկե, ես չեմ ուզում անդրադառնալ ՀՀԿ-ի արբանյակ հանդիսացող, նրան սպասարկող կուսակցություններին։ Այսքանից հետո որ մեկը կարող է իրեն համարել իսկական հայ և ասել՝ ես ընտրում են Հանրապետականին։ Հանրապետականին ընտրել, նշանակում է՝ ընտրել թուրք ասկյարին, ընտրել վատթարին։ Ես կարծում եմ՝ տարբերություն չկա Արթուր Սարգսյանին սպանողների և Ռամիլ Սաֆարովի միջև։

Ինչո՞ւ եք վստահ, որ ապրիլի 3-ին լինելու է ընդվզում։

Հաշվի առնելով այն, որ արդեն կեղծված է հենց ընտրության ձևը, քանի որ ասվում է՝ համամասնական, բայց մեծամասնական է։ Այսինքն՝ սա խուլիգանական ընտրություն է։ Եվ ընտրողը հենց ընտրության օրը, վերցնելով քվեաթերթիկը, կհամոզվի, որ ինքը չի կարող նույնիսկ բոլորին դեմ լինի, ինքը կարող է ընտրի իր թաղի հեղինակությանը, բայց նրա փոխարեն մեկ ուրիշը գնա խորհրդարան։ Աշխարհում նման բան գոյություն չունի։ Սա բոլոր օրենքներից դուրս է, արդարության մասին խոսք լինել չի կարող։ Սա թայֆայական, կիսագողական, խուլիգանական, դավաճանական ընտրական օրենսգիրքն է։

Ի վերջո, հանրության պահանջը՝ պարզել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, կնպաստի՞ բացահայտմանը։

Միանշանակ է, որ իշխանությունները սպանել են Արթուր Սարգսյանին։ Ես արդեն անդրադարձել եմ, թե ովքեր են սպանել։ Ժողովրդի քայլը, կարծում եմ, պետք է ուղղված լինի նրան, որ իշխանությունները հեղինակազրկվեն և այլևս վերջանան։ Սա կնշանակի, որ ոչ ոք չի շահարկում Արթուրի մահը, այլ ընդհակառակը, այդ իմաստը պետք է նպատակին հասցվի, որովհետև ինքը գնաց հացադուլի, որ հիմնական մեղավորները պատժվեն, և թույլ չտրվի, որ Հանրապետականը շարունակի ժողովրդի կեղեքումը։ Ես կարծում եմ, որ այսօր մեր ներքին մարտահրավերը, որ Հանրապետականն է հասցնում մեր ժողովրդին, նույնն է, ինչ Ալիևն է ուզում հասցնել։ Ես ուզում եմ զուգահեռ տանել. Ռամիլ Սաֆարովը սպանեց հային, ՀՀԿ-ականները նույն ճանապարհով սպանեցին հային։ Նույն ճանապարհով թուրքն ուզում է ոչնչացնել Հայաստանը, նույն ճանապարհով ՀՀԿ-ն ուզում է ոչնչացնել Հայաստանը և հայերին, ոչ մի տարբերություն չկա։ Մեր մարտահրավերները երկուսն են՝ թուրքի դեմ և Հանրապետականի դեմ։ Իսկական հայը պետք է պայքարի այս երկու արհավիրքի դեմ։

Այսինքն՝ հետընտրական զարգացումներն անխուսափելի՞ են լինելու։

Այո, երբ ժողովուրդը կտեսնի, թե ինչ ծուղակ են պատրաստել իր համար, ես համոզված եմ, որ կընդվզի։

Ինչպե՞ս եք գնահատում Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված իշխանությունների տեսակետը, որ կլինի արդար դատաքննություն։

Ինչպես կարող է մարդասպանը որոշել, որ արդար քննություն անցկացվի իր կատարած սպանության գործով։ Նախ պետք է լինի իշխանափոխություն, և նոր իշխանությունը պետք է քննի ոչ միայն Արթուրի մահվան գործը, այլև մնացած բոլոր քաղաքական սպանությունները։ Այս ընթացքում որքան մարդ է հեռացել Հայաստանից, դա պետք է քննարկվի։ Նախորդ տարվա ապրիլի 2-ին ավելի քան 100 զոհերի համար մեղավորներին պետք է պարզել, պետք է հետաքննել, թե ինչու դիրքերը հետ չեն վերցրել։ Ոչ միայն պետք է դատարանի առջև կանգնեն այդ մեղավորները, այլև ժողովրդի արդար դատաստանի առջև։

Իշխանությունները նաև հայտարարում են, որ թող քաղաքական դիվիդենտներ չքաղեն տարբեր ուժեր, դա չօգտագործեն քաղաքական իրենց պայքարում։

Լկտի արտահայտություն է։ Ես էլ հակառակը կասեի. թող Հանրապետականը չփորձի կոծկել գործը, թող չփորձի Արթուրի մահվան համար պատասխանատվությունն իր վրայից գցել։ Ինքն է տարել բանտ նստեցրել, ինքն էլ սպանել է։ Հիմա ում են ուզում պատասխանատվության ենթարկել, բժշկի՞ն։ Կբերեն կասեն՝ բժիշկը սխալ է վիրահատել։ Մահամերձ վիճակում մարդուն բերել են հիվանդանոց, բժիշկն է մեղավո՞ր, որ չի կարողացել փրկել։ Կամ հացադուլ անո՞ղն է մեղավոր։ Արթուրը հենց հացադուլ է արել, որովհետև իրեն անօրեն կերպով ձերբակալել են, օրենքը խախտել են։ Նա դիմել է հացադուլի՝ իշխանությանը սթափեցնելու համար։ Թող չձերբակալեին, կամ շուտ ազատ արձակեին։

Ձեր կարծիքով, այս դեպքից հետո հանրության մոտ գիտակցական փոփոխություն եղա՞վ։

Ես կարծում եմ՝ արդեն եղել է այդ փոփոխությունը։ Ես որպես հին հրամանատար՝ 1990-ական թվականներին հանրությունը ոգևորված չէր, հիասթափված էր Կրեմլի քաղաքականությունից և չգիտեր, թե ինչ աներ, բայց մեզ նման մարդիկ կարողացան կազմակերպել և դիմադրել, պարտիզանական, ֆիդայական շարժում սկսել, հետո բանակ ստեղծել, և հաղթեցինք։ Հիմա մեր տղաներից շատերը ողջ են, կան։ Մենք ինչի՞ համար ենք, մենք պետք է ժողովրդին ոտքի կանգնեցնենք, պետք է հասկացնենք, որ՝ ժողովուրդ ջան, դու պետք է փրկվես։ Մենք պետք է «Չարի վերջի» ագռավի պես լուր տանք ժողովրդին, որ աղվեսը կացին չունի։ 

Ամենաընթերցվածը