Իշխանությունը բախվել է որոշակի դժվարությունների, որոնք չէր սպասում

    • Հարցազրույց - 17 Մարտի 2017, 17:57
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Միքայել, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը: Բախումներ, կրակոցներ և այլն: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, այս խառնաշփոթը ստեղծել ռեյտինգային ընտրակարգը:

Իհարկե, ռեյտինգային ընտրակարգն իր մեծ «ներդրումն» ունի։ Բայց այն պետք չէ դիտարկել ընդհանուր պատկերից առանձին։ Վերջին տարիներին ամեն ինչ արվել է Հայաստանում քաղաքական դաշտը ամայացնելու, քաղաքական և գաղափարական մրցակցությունը վերացնելու համար։ Բայց իշխանությունը բավական ուժեղ չէ, որպեսզի վերացնի մրցակցությունն ընդհանրապես և պարզապես նշանակի բոլոր պատգամավորներին, ինչպես տեղի է ունենում, ասենք, Հյուսիսային Կորեայի տիպի երկրներում։ Հետևաբար մրցակցություն կա, բայց դա ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական, վարչական և քրեական ռեսուրսների մրցակցություն է։ Առայժմ դա իշխանությանը չի անհանգստացնում, քանի որ ի վերջո իրենց միևնույն է, թե որ օլիգարխը կամ տեղական հեղինակությունը կընտրվի։ Բայց այս ամենը կարող է վերահսկողությունից դուրս գալ և լուրջ խնդիրներ ստեղծել։

Ծառուկյանը Գյումրիում հայտարարում է, որ իր պատիվը չի վաճառելու, կոալիցիա չի կազմելու: Նրան կանչում են մեր թագավոր ախպեր, մեր Ծառուկյան ջան: Սա ինչի՞ մասին է խոսում: Հանրության հե՞տ խնդիր ունենք:

Մենք խնդիր ունենք համակարգի հետ։ Հայաստանում ստեղծվել է այնպիսի համակարգ, որն անհնարին է դարձնում գաղափարական պայքարը և քաղաքական մրցակցությունը։ Այս պայմաններում Ծառուկյան դաշինքը ընկալվում է որպես շատ թե քիչ իրական այլընտրանք իշխանությանը։ Ծառուկյան դաշինքն այս իրավիճակը շատ լավ օգտագործում է, մի կողմից առիթ չի տալիս իշխանությանը իրեն հարվածելու, մյուս կողմից կարողացել է անել այնպես, որ ընկալվում է որպես այլընտրանք իշխանությանը։ Կարծում եմ՝ այս փուլում Ծառուկյան դաշինքը խնդիր չի դնում գալ իշխանության, այն պարզապես ուզում է այնպիսի դիրք գրավել ապագա խորհրդարանում, որ իր հետ հաշվի նստեն, անկախ նրանից՝ կմտնեն կոալիցիա, թե ոչ։ Բայց եթե տեսնեն, որ իրենց աջակցությունը շատ է, կարող են նաև այլ կուսակցությունների հետ դաշինքի մեջ մտնել և փորձել կառավարություն ձևավորել։ Կարծում եմ, այդ դեպքում մենք կտեսնենք, թե ինչպես ՀՀԿ մի զգալի հատված մեկ օրում կդառնա ԲՀԿ-ական։

Ի վերջո, որքա՞ն է կազմում գիտակից ընտրողների թիվը: Արդյոք դա բավարա՞ր է իրական փոփոխությունների հասնելու համար:

Գիտեք, սովորաբար մենք գիտակից ընտրող ենք համարում այն ընտրողներին, որոնց կարծիքը մեր կարծիքին է համընկնում։ Բայց եկեք չմոռանանք, որ մարդիկ տարբեր իրավիճակներում են, նրանք տարբեր կերպ են գնահատում իրենց շահերը և հնարավորությունները։ Նրանք կարող են շատ լավ հասկանալ այս կամ այն թեկնածուի թուլությունները, բայց քվեարկել նրան, քանի որ նրան ընկալում են որպես այլընտրանք համակարգին։ Ի դեպ, մոտավորապես նույն բանն էլ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, որտեղ շատերը քվեարկեցին Դոնալդ Թրամպին՝ շատ լավ գիտակցելով նրա թերությունները։ Իհարկե, շատերն էլ պարզապես մանիպուլյացիաների են ենթարկվում։ Բայց նույն բանը տեղի է ունենում նաև զարգացած երկրներում։ Այնպես որ, եկեք մեր ընտրողին չթերագնահատենք։ Խնդիրը ոչ թե ընտրողն է, այլ համակարգը, որի պայմաններում նա հաճախ ընտրություն չունի։ Արդյունքում տեղի է ունենում ոչ միայն քաղաքական ուժերի, այլև ընտրազանգվածի դեգրադացիա։ Բայց եթե լինի իրապես մրցակցային քաղաքական համակարգ, ապա ընտրողներն էլ իրենց հերթին ավելի գիտակից կդառնան։

Դատելով ամեն օր արձանագրված միջադեպերից, խախտումներից՝ հետընտրական զարգացումներն անխուսափելի՞ կլինեն:

Դժվար է ասել՝ կարող է այս անգամ ունենանք ոչ թե հետընտրական, այլ նախընտրական զարգացումներ։ Ամեն դեպքում, արդեն իսկ երևում է, որ իշխանությունները բախվել են որոշակի դժվարությունների, որոնք նրանք չէին սպասում։ Մասնավորապես երևում է, որ իշխանությունները, չգիտես ինչու, բավական նյարդային են արձագանքում ՕՐՕ դաշինքի գործունեությանը։ Ամեն դեպքում իրավիճակը բավական տարբերվում է նախկինում տեղի ունեցած նախագահական ընտրություններից, երբ կար շատ թե քիչ միասնական ընդդիմադիր ճակատ, որն աջակցում էր կոնկրետ նախագահական թեկնածուին։ Այժմ այդպիսի ճակատ չկա, այնպես որ, դա կարող է հեշտացնել իշխանության գործը։ Բայց, ամեն դեպքում, ինչ-որ բան կանխատեսելը այսօր դեռ դժվար է։ Հնարավոր են անսպասելի իրադարձություններ։

Հաց բերողը գնաց մինչև վերջ: Ի՞նչ ապացուցեց նա իր կյանքով և ի՞նչ փոխեց մտածողության մեջ:

Արթուր Սարգսյանն իրոք բացառիկ անձ էր, համոզված եմ՝ նրա անունը կհիշեն նաև այն ժամանակ, երբ մոռացվեն այսօր գործող կուսակցություններից և քաղաքական գործիչներից շատերը։ Այս պահին չէի ուզենա շատ խոսել քաղաքական իրավիճակի վրա նրա մահվան հնարավոր ազդեցության մասին։ Պարզապես, մի համեմատություն անեմ. լսելով նրա մահվան գույժը, ես միանգամից հիշեցի հանրապետական բանակի ակտիվիստ Բոբբի Սենդզին, որը բրիտանական բանտում հացադուլ հայտարարեց և մահացավ։ Ընդ որում՝ հացադուլի ընթացքում, բանտում նստած Բոբբի Սենդզը ընտրվեց բրիտանական խորհրդարանի անդամ, բայց այնպես էլ չստանձնեց այդ պաշտոնը։ Այսօր պատմաբանները համարում են, որ Բոբբի Սենդզի և նրա ընկերների հացադուլը նպաստեց նրան, որ իռլանդացի ակտիվիստները պայքարի բռնի մեթոդներից անցնեն քաղաքական մեթոդների և, ի վերջո, այս ամենն ավարտվեց Հյուսիսային Իռլանդիայում իրավիճակի փոփոխությամբ։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ ազդեցություն կունենա Հաց Բերողը մեր քաղաքական կյանքում, բայց համոզված եմ, որ նրա թե՛ կյանքը և թե՛ մահը մենք հիշելու ենք տասնամյակներ անց։

Ամենաընթերցվածը