«Ինչպե՞ս կարելի է այս աստիճան ընկնել»

    • Հարցազրույց - 17 Մարտի 2017, 09:44
Մեր զրուցակիցն է երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, բազմիցս բարձրաձայնել եք, որ Հաց բերողն ուներ կալանավայրում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, նրա խափանման միջոցը, սակայն, փոխվեց մահվանից մի քանի օր առաջ։ Նրա մահվան պատճառը իշխանությունների դաժան վերաբերմո՞ւնքն է։

Այո: Բազմիցս դատապարտել ենք և կոչով դիմել ենք իշխանություններին՝ Հաց բերողին ազատ արձակելու պահանջով։ Թե Հոգևոր Հայաստանը, թե Ազատություն և հայրենիք հիմնադրամը, թե շատ ուրիշներ բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք ուշադրություն սևեռել  նրա լուրջ առողջական խնդիրների վրա, որ չի կարելի նրան անգամ դատապարտյալների հիվանդանոցի պայմաններում պահել։ Բացի այդ, մենք նաև ասում էինք, որ այս մարդը մեր ազգի լավագույն որակների ներկայացուցիչն է, և անբարո է հետապնդել նման վեհ արժեհամակարգով մարդուն, նաև վտանգավոր։ Բայց մի բան պարզ է՝ բոլորը հերթով մեղավոր են այս մարդու մահվան մեջ, բոլորն անխտիր, ես կասեի ամբողջ իրավական, բայց փաստորեն անիրավ համակարգը: Քննիչ, դատախազ, դատավոր՝ իրականում հանցավոր իշխանության կամայականությունների նվիրյալ դակիչներն են։ Իսկ հացադուլի ողջ ընթացքում պատասխանատու բժիշկները հավաստիացնում էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քննիչ, դատախազ, ՀՔԾ, դատարան, նախարար, նախագահ... այս ամբողջ շղթան մեղքի տակ է, իսկ ամենամեծ մեղքը, ըստ իս, ունի մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, որ անհաղորդ էր, անտարբեր էր:

Մենք ազգովի որբ ենք, և գոնե մի մեծ չունենք, որի կրծքին լացենք, մխիթարվենք։ Մենք մտավորականություն չունենք, ազգի մեծեր չունենք, խղճի ներկայացուցիչներ չունենք, մեծի խոսք չունենք, հոգևոր առաջնորդներ չունենք, անտեր ենք: Սա ազգային ողբերգություն է, սիրտս պայթում է, ինչպե՞ս կարելի է այս աստիճան ընկնել։

Ըստ էության՝ գիտակցելով գնում էր մահվան ընդառաջ...

Միշտ ասել եմ՝ ինքն իր էությամբ մահապարտ է։ Եթե նա ՊՊԾ գունդ հասցրեց իր Հացը՝ քաջ գիտակցելով, որ առաջին իսկ փամփուշտից կարող է զոհվել, բայց գնաց, ուրեմն պետք էր ենթադրել, որ այդ տղան ձևի համար ոչինչ չի անում։ Փաստորեն ապացուցեց, որ դա այդպես է: Նա իր կյանքի գնով արժևորեց հացադուլ երևույթը: Հավատացած եմ՝ եթե նրան չազատեին, նա չէր ընկրկելու: Դա հասկացան իշխանությունները, սակայն հանցավոր ուշացումով: Նա պարտադրեց իր հետ հաշվի նստել, ցավոք, առողջությունն արդեն անդարձ քայքայված էր: Հացադուլն իր սև գործն արդեն արել էր: Փաստորեն նրան խոշտանգեցին, և նա մահացավ կտտանքների, հանցավոր անուշադրության արդյունքում, նաև բժիշկների սուտ հավաստիացումների, որ խնդիր չկա, մենք ուշի-ուշով հետևում ենք, ձեռքներս զարկերակին է և այլն:

Ի՞նչ եք կարծում, հաց բերողի արարքը գիտակցվե՞ց հանրության մոտ, կկարողանա՞ն արժևորել Հաց բերողի տեսակը։

Հասարակության մտածող կամ մտածելու ունակ մասը, իհարկե։ Այս բոթը մտել է նրանց բոլորի օջախները և այնտեղ սուգ է: Մյուս մասը՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց, գարունը բացվի, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս, եղունգ ունես՝ գլուխդ  քորի» հիմար կոդեքսներով առաջնորդվող վախկոտ, անտարբեր, ամեն ինչի նկատմամբ հանդուրժող տեսակն է: Իսկ երրորդ մասը՝ աղեստամոքսայինը, ոչ գիտակցել է, ոչ էլ երբևէ կգիտակցի որևիցե բան: Սա արատավոր իշխանական համակարգի բուծած տեսակն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում, բացի ձայների քանակից: Այս վերջինները էլի կվերցնեն իրենց փայ ընտրակաշառքը և հարամ կանեն բոլորիս ապագան։

Վերջին անգամ ե՞րբ էիք խոսել Հաց բերողի հետ։

Հիվանդանոցից դուրս գալուց մեկ օր առաջ։ Երկար զրուցեցինք: Ինձ խնդրեց Հոգևոր Հայաստանի կոչերը իր վերաբերյալ տրամադրեմ իրեն։ Ամեն ինչ կոկիկ հավաքում էր: Կիրակի օրը կրկին գնացի իրեն տեսության, բայց հիվանդանոցում չէր, բուժքույրն ասաց, որ շաբաթ օրը դուրս է գրվել, ինչը ինձ շատ զարմացրեց: Որոշ ժամանակ հետո կապ հաստատեցի իր հարազատներից մեկի հետ: Նա ասաց, որ տուն են վարձել և մեկ-երկու օրից ինձ հետ ինքը կապ կհաստատի, որ անպայման ուզում է ինձ տեսնել... և մեկ էլ այս գույժը... Ես կորցրեցի շատ հարազատ մարդու: Ո՞նց պետք է դուրս գանք այս մեղքի տակից...

Ամենաընթերցվածը