Ընտրություններից հետո լուրջ գործընթացներ են սկսվելու

    • Հարցազրույց - 16 Մարտի 2017, 13:02
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ դրույթ կա նաև Արցախի խնդրի վերաբերյալ։ Արդյոք նորություն կա՞ր այդ հայտարարության մեջ և, ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք, Սերժ Սարգսյանի այցն ինչո՞վ էր առանձնանում այս անգամ։

Մինչև այդ այցը ասում էին, որ ինչ-որ փաստաթղթեր ստորագրած կլինեն, ես չգիտեմ՝ ստորագրել են, թե ոչ, հետո եղավ այդ համատեղ հայտարարությունը։ Ցանկացած դեպքում համատեղ հայտարարությունները միշտ էլ կարևոր են։ Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, եթե սրանք են արդյունքները, ակնհայտ է, որ սրանով Ռուսաստանն ուզում է աջակցել գործող իշխանություններին, որ այս ընտրություններում հաղթող դուրս գան։ Մինչ այդ ես համարում էի, որ այդքան ակտիվ ներգրավված չի լինի Ռուսաստանը մեր ներքին քաղաքականության հարցերում, քանի որ բոլորս էլ հասկանում ենք՝ ով էլ գա իշխանության Հայաստանում, պարզ է, որ Ռուսաստանի հետ կաշխատի։ Բայց հիմա, երբ կարդում եմ այդ համատեղ հայտարարությունը, ակնհայտ է, որ, այո, իշխանությունները վախենալով, որ ընտրություններում պրոբլեմատիկ կլինի հաղթելը, այս այցելությունն իրենց շատ էր պետք։

Խոսքը և Ռուսաստան այցի մասին է, և Բրյուսել այցի մասին։ Ակնհայտ երևում է, որ այդ քայլերն անում են իշխանությունները, Սերժ Սարգսյանը միայն մեկ նպատակով՝ ցույց տալ մեր հասարակությանը, որ իրենք աշխատում են և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, և Ռուսաստանի հետ, և երկու դեպքում էլ ինչ-որ հաջողությունների հասնում են։ Եթե համատեղ հայտարարությունում չլիներ Արցախի մասին հատվածը, ես կկասկածեի, որ այդ այցելությունը նպատակ ունի այս իշխանություններին աջակցել։ Բայց այդ հատվածը, որ վերաբերում է Արցախին, ամենայն պատասխանատվությամբ կարելի է ասել, որ չի արտահայտում Ռուսաստանի դիրքորոշումը։ Այդ հայտարարություններն ավելի շատ արտահայտում են ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Օրինակ, այն, որ Ռուսաստանը համարում է, և և Մինսկի խումբն է կարևոր, և եռակողմ (Ռուսաստանի, Հայաստան, Ադրբեջան) ձևաչափը։ Այս հայտարարությունը արգումենտ է իշխանությունների ձեռքին, որ ընտրարշավի ժամանակ կարող են ասել՝ էլ ինչ էինք ուզում, Ռուսաստանը ասում է այն, ինչ մենք ուզում ենք։

Կարճ ասած, Սարգսյան-Պուտին համատեղ հայտարարության տեքստը կարդալուց հետո պնդում եմ, որ վերջին երկու այցելությունները գլխավոր նպատակ ունեին՝ ցույց տալ մեր հասարակությանը, որ Հայաստանը շարունակում է կոմպլեմենտար քաղաքականությունը, «և-և»-ի քաղաքականությունը, և այդ հարցում ունի հաջողություններ։ Սա, իհարկե, ծանր դրության մեջ կդնի և ընդդիմությանը, և այլ ուժերին։ Եվ իսկապես, Բրյուսելում ասացին, որ պատրաստ է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և կստորագրվի այս տարվա ընթացքում, և Ռուսաստանում եղավ համատեղ հայտարարությունը, որտեղ Արցախին վերաբերող մասն ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի շահերը։ Սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ աջակցություն ունեն և Ռուսաստանում, և Եվրոպայում։ Այս երկու հանդիպումներն, ակնհայտորեն, ունեն քարոզչական նպատակ։

Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում նախընտրական իրավիճակին, նշել է. «Գործընթացը, ըստ երևույթին, հեշտ չէ, բայց ես վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ Հայաստանը կանցնի իր զարգացման այդ փուլը»։ Փաստորեն, սրանով Պուտինն իր անվերապահ աջակցությո՞ւնն է հայտնում Սարգսյանին։

Միանշանակ այդպես է։ Մյուս կողմից, Պուտինի խոսքում մաս կա, որտեղ շեշտադրված է, որ մենք կասկած չունենք, որ ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական։ Սրանով Մոսկվան ցույց է տալիս իր զորակցությունը, ու ես կասկած չունեմ, որ ՀՀ իշխանությունները բացատրել են ՌԴ իշխանություններին, որ լուրջ է իրենց վիճակը։ Ռուսաստանի համար մեր իշխանությունն ուղղակի նվեր է։ Օրինակ, ես մտավախություն ունեի, որ այս այցելության ժամանակ Հայաստանը հերթական անգամ Ռուսաստանին ինչ-որ բան կտա, բայց դա չկա։ Դա նշանակում է, որ շատ նպատակաուղղված են, Ռուսաստանի հետ ամեն բան քննարկվեց, Ռուսաստանն այս հանդիպմանը ոչ մի բան չպահանջեց, որ հետո այստեղ որոշ ուժեր աղմուկ չբարձրացնեին, թե հերթական անգամ Հայաստանն իր ինքնիշխանությունը հանձնում է Մոսկվային։ Այն փաստը, որ նման բաներ չկային այս հանդիպմանը, նշանակում է իշխանությունները և Ռուսաստանը լավ էլ գիտակցում են, որ ՀՀ իշխանությունները խնդիրներ ունեն Հայաստանի ներսում, կարող են չհաղթել։ Իսկ Ռուսաստանը շահագրգռված է այս տիպի իշխանություններ ունենալ։

Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանություններին, քանի որ նրան հենց այս տիպի իշխանություններ են ձեռնտու։ Այսինքն՝ աջակցության գինը դա՞ է։

Այո, այդպես է, իսկ ընտրություններից հետո կտեսնեք, թե ինչ են մերոնք տալու Ռուսաստանին, բնականաբար, ինչ-որ զիջումներ կլինեն։ Այս իշխանությունները շատ հարմար են ՌԴ իշխանությունների համար՝ համատեղ զինված ուժեր են ստեղծում, համատեղ հակաօդային համակարգեր են ստեղծում, մեծացնում են Ռուսաստանի ներկայությունն այս տարածաշրջանում, այդ թվում՝ ռազմական։ Ռուսաստանում շատ լավ են հասկանում, որ Հայաստանի ինքնիշխանության տարրեր վերցնելու ցանկացած քայլ կարող է այստեղ աղմուկ բարձրացնել, և դա է պատճառը, որ այս անգամ որևէ նման բան տեղի չունեցավ։ Ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ վերջին տարիերին ցանկացած հանդիպում ավարտվում էր ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, որով որոշակի դժգոհություն էր առաջացնում հասարակության մեջ։

Պուտինը, խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակի մասին, որ լրանում է 2017-ին, մատնանշել է նաև օրը՝ ապրիլի 3-ը։ Արդյոք սա կարո՞ղ է կապված լինել ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ։

Ես կարծում եմ՝ այստեղ միգուցե մերոնք ընտրությունների օրը հաշվի առնելով են նշել ապրիլի 3-ը, բայց անպայման չէ, որ այդ կապը լինի։ Ես ուղղակի կապ չեմ տեսնում ընտրությունների հետ։

Մեկ այլ հանգամանքի վրա եմ ուշադրություն հրավիրել։ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինն իրենց խոսքում հայ-ռուսական հարաբերություններին առնչվող թվեր հրապարակեցին, սակայն այդ թվերը միմյանցից չգիտես ինչու տարբերվում էին։ Օրինակ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճել է 6 տոկոսով, Սերժ Սարգսյանն շատ ավելի մեծ թիվ է ասում։ Պուտինն ասաց, որ իրենք 3 մլրդի ներդրում են արել Հայաստանում, Սերժ Սարգսյանը նշում է 4,5 մլրդ։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչ ներդրումներ է անում Ռուսաստանը։ Չեմ բացառում, որ այն օբյեկտները, որոնք Ռուսաստանը պարտքի դիմաց վերցնում է, դա վերագրում է ներդրումներին։

Անկախ Պուտինի աջակցությունից՝ հաշվի առնելով նախընտրական լարված իրավիճակը Հայաստանում, որքան էլ իշխանությունն ունենա ՌԴ աջակցությունը, ինչ-որ պահից իրավիճակը կարո՞ղ է դուրս գալ գծած սցենարից։

Այո, կարող է դուրս գալ գծած սցենարից, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ և Սերժ Սարգսյանը, և Պուտինը հասկանում են պահի լրջությունը։ Պարզ է, որ Պուտինի համար գործող իշխանությունները նվեր են, քանի որ թույլ են, լեգիտիմության աստիճանը ցածր է։ Այսպիսի իշխանությանը հեշտ է ճնշել, սուվերենությունը խլել, բայց այս հայտարարությունը ցույց է տալիս, որ երկու կողմն էլ հասկանում է լրջությունը, և պարզ է, որ այս պաշտոնական այցով Պուտինը բացահայտ աջակցություն է ցույց տալիս, և սա ինչ-որ չափով կազդի մեր հասարակության վրա։ Այսօր չենք կարող ասել, որ կա ուժեղ այլընտրանք, ուժեղ ընդդիմություն, ռեալ պայքար, բայց նույնիսկ այս պարագայում Ռուսաստանը մտահոգված է, որ կարող է կորցնել իր գործընկերոջը։ Իշխանությունները գնում են և Բրյուսել, և Մոսկվա աջակցություն ստանալու, ասում են՝ տեսեք, խնդիր չկա Ռուսաստանի և ԵՄ-ի հետ, և այս ամենն օգտագործում են իրենց դիրքերն ուժեղացնելու համար, քանի որ բացասական տրամադրություններն ուժեղ են։ Սա կարող է աշխատել ընտրությունների օրը, բայց ընտրություններից հետո լարվածությունը կմեծանա։ Այո, կարող է մինչև ընտրություն իշխանությունը իր գիծը տանել, աջակցություն ստանալ, բայց ընտրություններից անմիջապես հետո կսկսվեն պրոցեսներ, և դա անպայման չէ, որ կապված լինեն ընտրությունների արդյունքների հետ։ Ակնհայտ է, որ այս ընտրությունները կգնան իշխանության սցենարով, բայց կասկած չունեմ, որ ընտրություններից հետո լուրջ գործընթացներ են սկսվելու։

Ամենաընթերցվածը