«Լևոն Երանոսյանը որևէ կապ չունի, ինձ համար ճշտել եմ»

    • Հարցազրույց - 15 Մարտի 2017, 09:24
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցել ենք Ջրառատում տեղի ունեցած բախումներից

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում Ջրառատում տեղի ունեցող բախումները։ Մասնավորապես, ՕՐՕ դաշինքը հայտարարում է, որ այս ամենի մեղավորը Երանոսյաններն են և նրանց ազգականները, այդ թվում՝ գյուղապետը, քանի որ ըստ նրանց, զինված մարդիկ դուրս են եկել գյուղապետարանի շենքից ու հարձակվել մարդկանց վրա։

Ես Վանաձորում եմ եղել, չեմ տիրապետում իրավիճակին, բայց իրավապահ մարմինները կտան համապատասխան գնահատական՝ անկախ քաղաքական շահարկումներից։

Սա չի՞ նշանակում, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։

Մեկ-երկու մասնակի դեպքերով պետք չի նմանատիպ եզրահանգումների գալ։ Իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ գնում է իր բնականոն հունով։ Չեմ կարծում, որ 1-2 միջադեպերը կարող են իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու գնահատականի հիմք լինել։

Իսկ հնարավո՞ր է, այս միջադեպից հետո իրավապահ համակարգում լինեն լուրջ փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ դրանից մեկ օր առաջ վարչապետը ընտրողների հետ հանդիպմանը նշել էր իրավապահների թերությունների մասին։

Թերությունները պետք է նշվեն, պետք է վերացվեն, և եթե անհրաժեշտություն կա՝ լինեն փոփոխություններ։

Կարծում եք՝ իրավապահ համակարգում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա՞։

Առայժմ դրա առիթները չեմ տեսնում։ Եթե կլինեն պատճառներ, բնականաբար, հետևություններ պետք է արվեն։

Խոսվում է, որ նման դեպքերը ավելի են ազդում ՀՀԿ վարկանիշի վրա և փոխարենը գուցե բարձրանա ՕՐՕ վարկանիշը։

Ես դա պարզապես լուրջ չեմ համարում։ Նրանք այլ ձև չունեն, որովհետև իշխանության օր օրի բարձրացող վարկանիշի դեմ միայն նման ձևերով պետք է պայքարի ընդդիմությունը։ Ես չեմ կարծում, որ եթե անգամ մեր վարկանիշը ընկնի, դրանից նրանց վարկանիշը կարող է բարձրանալ։

Իսկ եթե պարզվի, որ ՀՀԿ-ի համակիրներն են մեղավոր լոմով ծեծելու, դանակահարության, կրակոցների համար։

Եթե նման բան լինի, անպայման կպատժվի՝ անկախ նրանից, թե ով է մեղավորը։ Բոլորովին կարևոր չէ, թե ՀՀԿ-ի համակիր են, թե մեկ այլ ուժի, մեղավորները պետք է պատժվեն։

Դուք ընդունելի համարո՞ւմ եք, որ գյուղապետը գյուղում շրջում է ատրճանակով։

Նման ցանկացած երևույթները դատապարտելի են ոչ միայն իմ կողմից, այլև նորմալ, քաղաքական մտածելակերպ ունեցող յուրաքանչյուր քաղաքական գործչի կողմից։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են վերջին շրջանում նման դեպքերը շատացել։

Ձեր կարծիքով են երևույթները շատացել։ Ամբողջ հանրապետության տարածքում կարող են լինել նման երևույթներ, կարևորն այն է, որ դրանք կանխարգելվեն և պատժվեն։ Որևէ մեկը երաշխավորված չէ նման դեպքերից, կարող են էլի նման դեպքեր լինեն։ Կարևորն այն է, որ պետք է շատ արագ դրանք բացահայտել և պատժել։

Իրավապահների աշխատանքից գոհ չեն ՕՐՕ-ի ներկայացուցիչները։

Ինչպես կարող է որևէ ընդդիմություն գոհ լինել իշխանության աշխատանքներից։ Ցանկացած աշխատանքի դեպքում ընդդիմությունը պետք է դժգոհություն հայտնի։

Բայց եթե նախորդ միջադեպի հետ կապված անաչառ մոտեցում լիներ իրավապահների կողմից, արդյոք իրավիճակն այսքան կսրվե՞ր։

Քննությունը շարունակվում է, կլինի անաչառ քննություն։ Եթե անաչառ չլինի, ուրեմն կպատժվեն իրավապահները։

Լևոն Երանոսյանի հարցը կդրվի՞ իշխանության քննարկման սեղանին։

Նման հարցերը թողեք հետո, Լևոն Երանոսյանը որևէ կապ չունի այդ գործընթացի հետ։

Արդեն դա ճշտե՞լ եք։

Համենայնդեպս, ինձ համար ճշտել եմ։