«Դրա համար էլ իրենց կողքն եմ, ուզում եմ մի բանով օգտակար լինել». Կոմանդոս

    • Հարցազրույց - 14 Մարտի 2017, 13:35
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գերենալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով մասնակցում է ՀՀԿ նախընտրական քարոզարշավին

Պարոն Տեր-Թադևոսյան, ինչո՞վ է պայմանավորված, որ միացաք ՀՀԿ քարոզարշավին։

Ես ԴՕՍԱԱՖ-ի պետն եմ, պաշտպանության նախարարության համար պատրաստում եմ զինվորականներ և այն, ինչ պետք է բանակին։ Մենք պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք մի քանի հարցեր, պետք է մի քանի մեծ փոփոխություններ անենք առաջնագծի անվտանգության համար։ Ընտրությունները կանցնեն, իսկ մենք պաշտպանության նախարարի հետ ծրագրեր ունենք, որի շուրջ համագործակցում ենք, իմ մարտական փորձը ուզում եմ օգտագործել երկրի անվտանգության համար։ Ես՝ որպես դասակի պետ, նախարարի կողքն եմ կանգնած։ Պետք է հասարակությունն իմանա, որ ընտրությունները հանգիստ են անցնելու։

Նախկին պաշտպանության նախարարն էլ է մասնակցում ընտրություններին։ Նրա կողքը կանգնելու ցանկություն չե՞ք ունեցել։

Նախկին նախարարն իմ մարտական ընկերն է, բայց մենք պաշտպանության նախարարության պատվերով զինվորներ, զինվորական մասնագետներ ենք պատրաստում և ուղարկում ծառայության։

Երկրում ձախողումների համար իշխանություններին չե՞ք մեղադրում։

Այդ ձախողումները վաղուցվանից են գալիս։ Տարեցտարի մենք լսում ենք գեղեցիկ խոստումներ, խոսքեր, բայց հենց ընտրություններն անցնում են, մոռանում են։ Մյուս կողմից, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը նոր մարդիկ են, որոնց աշխատանքի մեջ երևում է այն գիծը, թե ինչ պետք է անել այդ ձախողումները կանգնեցնելու և դրական զարգացումներ ապահովելու համար։

Այսինքն՝ հավատ են ներշնչում, որ կլինեն դրական փոփոխություննե՞ր։

Ես տարիքով մեծ եմ, փորձ ունեմ, նրանց նպատակներին ու աշխատանքի ծրագրերին ծանոթացել եմ, դրա համար էլ իրենց կողքն եմ, ուզում եմ մի բանով օգտակար լինել։

Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը սահմանին։

Նորմալ է իրավիճակը։ ԴՕՍԱԱՖ-ը կապ ունի առաջնագծի հետ, զինվորներն ու սպաներն անպայման այցելում են ԴՕՍԱԱՖ, և մենք իրենցից ենք տեղեկանում, թե ինչպիսին է իրավիճակը, ինչ է կատարվում սահմանին։ Կարող եմ ասել, որ այս պահին ամեն ինչ համեմատաբար հանգիստ է, անհանգստանալու առիթ չկա։ Իհարկե, չի կարելի ասել հանգիստ է, որովհետև ամեն օր էլ կրակում են, մենք պատերազմի մեջ ենք։

Նախարարը վերջերս նշեց այն պայմանները, որոնց դեպքում կարող են կիրառվել «Իսկանդերները»։

Մինչև «Իսկանդերները», մենք ունենք էլի զենքեր, համակարգեր, որոնք կարող ենք օգտագործել։ Ես միշտ ասել եմ, որ չպետք է սպասենք հակառակորդին, հենց տեսնում ենք՝ ուզում են հարձակվել, մենք պետք է առաջինը խփենք։ Իսկ «Իսկանդերների» օգտագործմանը, Աստված տա, չհասնենք։ Ադրբեջանի ղեկավարները պետք է միշտ վախենան, որ մենք կարող ենք դրանք օգտագործել։ Իհարկե, պատերազմի դեպքում հայկական կողմը ևս շատ կորուստներ կունենա, բայց դա կլինի Ադրբեջանի վերջը, որովհետև այդ երկիրը նստած է նավթի տակառի վրա, ու եթե մենք «Իսկանդերով» հարվածենք, այդ երկրից բան չի մնա։ Դա կլինի նրանց վերջը։

Փորձագետները նշում են, որ ընտրություններից հետո իրավիճակը սահմանին կարող է լարվել։

Դա Ադրբեջանի ծրագիրն է, իրենք միշտ ունեն այդ ծրագիրը, որ սրեն իրավիճակը։ Մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ լարվածությունը նվազագույնի հասցնենք, բայց լարվածությունը միշտ էլ կա։

Ամենաընթերցվածը