Երեք սկզբունքներից երկուսը խախտված է՝ ազատ և արդարը, մնացել է թափանցիկը

    • Հարցազրույց - 14 Մարտի 2017, 09:44
Մեր զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է

Պարոն Մարտիրոսյան, Ջրառատում ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Այս պահին գյուղում վախի մթնոլորտ է, որևէ մեկը չի խոսում կատարվածից։

Կարծում եմ՝ այդ գյուղում վախի մթնոլորտը վաղուց էր եղել, երբ այդ գյուղում ակնհայտ այլ ապօրինություններ են եղել, այլապես ինչից պետք է վախենային։ Բացի այդ, այդ օրն ապօրինությունը սկսվել է նրանից, որ գյուղապետը խոչընդոտել է հավաքի օրինական անցկացումը, հայհոյել է։ Մի խոսքով, խախտել է և բարոյական, և իրավական նորմեր, ինչի պատճառով այս ամենը տեղի է ունեցել։

Ի՞նչ եք կարծում, արդյոք իսկապես կբացահայտվի՞, թե ինչ է տեղի ունեցել։

Ցավոք սրտի, մեր երկիրը օրինականությունից շատ հեռու է, որտեղ օրինապաշտ քաղաքացին կարող է  բերման ենթարկվել, ձերբակալվել, ազատազրկվել, իսկ ապօրինություններ կատարողը կարող է որևէ խնդիր չունենա, ընդհակառակը, պաշտոնի բարձրացում ունենա, շնորհակալագրեր ստանա իշխանությունից։ Սա է մեր իրականությունը։ Եվ ակնհայտ է, որ սա, ըստ էության, ընտրական պրոցեսի խոչընդոտում է։

Պարոն Մարտիրոսյան, լրացավ քարոզարշավի մեկ շաբաթը։ Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը։ Արդյոք սպասվածից լա՞վ էր, թե վատ։

Նախկինի նման։ Իշխանությունները այդպես էլ քաղաքական կամք չեն ցանկանում դրսևորել, որ պատրաստվում են օրինական ընտրություններ անցկացնել։ Եվ եթե դատենք երեք սկզբունքներով՝ ազատ, արդար և թափանցիկ, ազատություն չի եղել ընտրությունների հետ կապված, բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, խոչընդոտներ կան քարոզարշավի ժամանակ, իշխանությունն ապօրինի օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրսը, ուժային կառույցները։ Եվ նույնիսկ ընտրակաշառքի խոստումը, որը ևս պատժելի արարք է ընտրական գործընթացներում, այդ ամենը կա, և որևէ ձևով իշխանությունը չի ցանկանում այդ երևույթներից հրաժարվել։

ՀՀԿ-ն ասում է, որ հաղթելու է, ԲՀԿ-ն ասում է, որ իշխանափոխություն է ուզում իրականացնել, երկու կառույցներ հարցումների արդյունքներ հրապարակեցին, որտեղ Ծառուկյան դաշինքը առաջատար է։ Ընդհանրապես  Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն այսօր ո՞ր քաղաքական ուժին կամ դաշինքին է իրեն մրցակից համարում։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իրեն մրցակից է համարում բացառապես ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընդդիմադիր դաշտում մենք մրցակից չունենք։ Ինչ վերաբերում է սոցհարցումներին, որևէ սոցհարցման չեմ հավատում, որովհետև մեկ անգամ չէ, որ տեսել ենք դրանց իրականությանը չհամապատասխանելը։ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում սոցիոլոգիական կենտրոնները հինգ տոկոս էին տալիս նրան, բայց նա քաղաքացիների 70 տոկոսից ավելիի համակրանքը շահեց։ Եվ ակնհայտ է, որ այս սոցիոլոգիական հետազոտություններն իրականությունից կտրված են։ Եվ վերջապես, շփվեք քաղաքացիների հետ, տեսեք որևէ մեկը պատրա՞ստ է ՀՀԿ-ին ձայն տալ։

Խոսվում է, որ ընտրակաշառք են բաժանելու երկու քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն։ Ծառուկյանը եթերում է գումար բաժանում, ԿԸՀ-ն ահազանգում է։ Ինչպե՞ս եք դիմակայելու։

Ձեր ասած խախտումները մինչև հիմա գոյություն են ունեցել, և մենք միշտ պայքարել ենք։ Բայց եթե այդ խախտումները բավարար լինեին, տեղամասերում այդքան կեղծիքներ չէին լինի, ծեծուջարդ տեղամասերում չէր լինի, թվանկարչություն չէր լինի։ Այդ ամենը միշտ եղել է, բայց մեզ երբևէ չի խանգարել, որ մենք մեր քայլերն իրականացնենք և հաջողություններ ունենանք։

Ընտրությունների անցկացման երեք սկզբունքներից երկուսը խախտված է՝ ազատ և արդարը, մնացել է թափանցիկը, դա էլ թե որքան թափանցիկ կլինի, ցույց կտա քվեարկության օրը, բայց արդեն իսկ երևում է, որ տարբեր մանիպուլյացիաներ են տեղի ունենալու։ Տեղեկություն կա, որ Հայաստանից բացակա քաղաքացիների փոխարեն ինչ-որ մեխանիզմով պետք է գան քվեարկեն։

Այսինքն՝ ավելի շատ շեշտը հետընտրական զարգացումների վրա՞ եք դնում։

Ոչ, այս պահին մենք ամբողջովին փորձում ենք տեղամասերում պայքար ծավալել։ Բացի հանձնաժողովականներից, ունենալու ենք վստահված անձինք և փորձելու ենք տեղամասում ձայն պահել։ Հույս ունեմ, որ դրան կմիանան այլ ընդդիմադիր ուժեր ևս։

Կարծում եք՝ անակնկալ զարգացումներ կլինե՞ն։

Չեմ կարող ասել, ռեյտինգային համակարգը մեզ համար նորություն է, անընդունելի է մեզ համար, բայց անակնկալներ ինչ ուղղությամբ կլինեն, չեմ կարող ասել։ Հայաստանում այլևս երբեք ֆորս մաժորը չի կարող բացառվել։

Նշվում է, որ Սասնա ծռերն են ձեզ աջակցում։ Կա՞ այդպիսի բան, թե ոչ։

Չեմ կարող ասել, բայց եթե լիներ, պետք է հրապարակային լիներ, այս պահին պաշտոնապես որևէ տեղակատվություն չունեմ, որ կարողանամ հաստատել կամ մեկնաբանել։ Բայց կրկնում եմ, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և մեր իշխանության գալու պարագայում բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու։

Ամենաընթերցվածը