Եթե խելոք չմնան՝ Ալեքս թատրոնի բեմի փոխարեն կարող են գործուղվել Վոռկուտա

    • Հարցազրույց - 13 Մարտի 2017, 19:42
Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը

Տիկին Թուխիկյան, համացանցում քննարկվում և քննադատվում է շոու բիզնեսի՝ ՀՀԿ քարոզարշավին մասնակցելը։ Շոու բիզնեսի ներկայացուցիչները հիմնավորում են իրենց քայլը նրանով, որ  ամբողջ աշխարհում է ընդունված նախընտրական քարոզարշավին մասնակցելը։ Ըստ Ձեզ՝ հանրությունն ինչո՞ւ է այսքան սուր արձագանքում։

Հանրության նյարդերը խիստ լարված են: Հանրությունը իր պատճառներն ունի այդպես արձագանքելու և մեղադրելու չէ: Իրոք աշխարհում ընդունված է քարոզարշավներին շոու բիզնեսի ներկայացուցիչների և արվեստի գործիչների մասնակցությունը: Խնդիրն այն է, թե ո՞ր աշխարհը նկատի ունեք: Եթե հասարակության անդամներին դե յուրե և դե ֆակտո ազատ կամարտահայության իրավունք տվող երկրները, դա մի բան, այստեղ այս կամ այն անձի մասնակցությունը գաղափարական հիմք ունի, իսկ տոտալիտար կամ ավտորիտար երկրներում մեկ այլ բան է` դա բռնություն է և ճնշում: Ռուսաստանի պարագան՝ օրինակ: Հայաստանում, կարծում եմ, մի երրորդ տարբերակ է գործում՝ թվաբանություն:

Կարծում եք՝ նրանց համար իսկապես միևնո՞ւյն է հանրության կարծիքը, կարևորը նյութական շա՞հն է, թե նաև այլ գործոններ կան։

Այո, որևէ ոչ պալատական կարծիք հիմնականում միևնույն է: Ես կասեի գործում է անձնական շահը: Եվ պարտադիր չէ, որ իրենց ծառայությունը նյութապես գնահատվի հենց այս պահին: Դա կարող է ավանսով արված ծառայություն դառնալ կամ հակառակը՝ վարձատրություն նախապես տրված բոնուսի համար`ասենք կոչումի, հյուրախաղերի հնարավորության, երգեր գրելու կամ կատարելու, սերիալներում նկարահանվելու մենաշնորհի և այլն: Նորմալ է: Հետո մի մոռացեք, որ մեր հանրապետությունում անձնական և նյութական շահը գրեթե ամենուր է առաջնային: Պետական բյուջեի թալանը ի՞նչ է՝ անձնական շահի սպասարկում: Ռեյտինգային թեկնածուների բաժանած կամ բաժանելիք և ընտրողների վերցնելիք ընտրակաշառքն ի՞նչ է՝ անձնական շահի սպասարկում: Մեր երկրի տրամաբանությունը կառուցված է դրա վրա, ուստի այս պայմաններում դրա դեմ ուղղակի հնարավոր չէ պայքարել:

Այս քարոզարշավն առանձնանում է մեկ այլ սուր քննադատության ենթարկված երևույթով՝ քառօրյա պատերազմին զոհված զինվորի մայրը Միհրան Պողոսյանի քարոզարշավին է մասնակցում։ Մի՞թե քվե ստանալու համար կարելի է օգտագործել ցանկացած միջոց։

Այո, այս որակի մարդը հենց էդպես էլ պիտի վարվեր: Իսկ ի՞նչ էիք սպասում: Մինչև հիմա պետության մեջ նրա վարքը ինչպիսի՞ն է եղել: Նա ե՞րբ է հարգել պետության շահը, հասարակությանը, որ հիմա էլ հարգի զոհված զինվորի մորը: Գիտեք, թող իր կուսակցությունը մտահոգվի իրենով, եթե իհարկե հասկացել է նրա արարքի լկտիության աստիճանը:

Ինչո՞ւ, ըստ Ձեզ, շոու բիզնեսի ներկայացուցիչները լռել են Հայաստանում կարևորագույն իրադարձությունների ժամանակ։ Տեսեք, նույն Հաց բերողի հետ կապված որևէ արձագանք նրանց կողմից այդպես էլ չունեցանք, ինչո՞ւ։

ՀԱՑ ԲԵՐՈՂԻ նկատմամբ վերաբերմունքն աշխարհընկալման հարց է: Ես շատ չէի կարևորի շոու բիզնեսի ներկայացուցիչների դերը մեր պետության կամ հասարակության կյանքում: Սա մի քվազիկարևոր շերտ է, որ անում է որոշակի աշխատանք, որոշակի վճարով և զանգվածի համար: Բիզնես է: Ամենայն համանականությամբ, հաշվարկում են, որ եթե շատ խոսեն՝ իրենց բիզնեսին կվնասեն, թթվածինը գուցե կփակվի, Լոս Անջելեսի Ալեքս թատրոնի բեմի փոխարեն կարող է գործուղվել ԵԱՏՄ հզոր շուկա, ասենք, Վոռկուտայի քաղաքային ակումբ երգելու: Իսկ ԱՄՆ կմեկնեն նրանք, ովքեր իրենց խելոք են պահել: Հաշվարկ է, ուրիշ ոչինչ, ոչ մի անձնական բան, ոչ մի գաղափարական մոտեցում: Չոր հաշվարկ: Թվեր

Հետևո՞ւմ եք նախընտրական քարոզարշավին, ինչպե՞ս եք գնահատում: Այն, թե ինչպես է հանրությունն ընդունում Կարապետյանին, Ծառուկյանին, ինչի՞ մասին է խոսում։

Մեկ օր եմ հետևել, էլ կարիք չունեմ, ժամանակս ափսոս է: Գրեթե 100 առ 99 «Ճշմարտություն եմ ծախում, սարքովի» (Պ.Սևակ): Ընտրարշավը փչացած ձայնասկավառակ է հիշեցնում: Տարիներ շարունակ նույնը, նույնը, նույնը: Թումանյանը ճիշտ էր ասում, որ մեր երկրում տարիներով ոչինչ չի փոխվում: Իսկ փաստաթղթերով երկու մեծաթիվ կուսակցությունների նյութական, մարդկային, վարչական հնարավորությունները ներում են նման ընդունելություններ կազմակերպել: Եվ դա ոչինչի մասին էլ չի խոսում: Մարդիկ գյուղամեջ եկածների գրպանին են նայում, ուրիշ ոչ մի տեղ: Իսկ կորդեբալետում՝ գեղեցիկ գույնզգույն հագնված միադեմ, բայց կուսակցական-երջանիկ երիտասարդներ են, ճիշտ այնպիսիններ, ինչպիսիններ խորհրդային երկրում էին, այժմ էլ Ռուսաստանում, Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում են...

Նրանց նայելիս հիշում եմ Կաղանդի տոնակատարության առիթով նախագահականում  հավաքված մարզերի և Սիրիայից տեղափոխված երեխաների լուսանկարը: Այն պայթեցրել էր համացանցը: Տոնածառ, լույսեր, նվերներ, աշխարհի ամենաբարի, հեքիաթային տոն, և մաքուր, բայց անսահման տխուր, մանկական անկուսակցական աչքեր՝ խմբակային լուսանկարից մեզ նայող:

Ամենաընթերցվածը