«Թագավորը գոչելով չի լինում». Վահրամ Բաղդասարյանը նախընտրական իրավիճակի մասին

    • Հարցազրույց - 13 Մարտի 2017, 08:56
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով Լոռու մարզում առաջադրվել է ՀՀԿ տարածքային ցուցակով

Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ քարոզարշավին չի մասնակցում կուսակցության ցուցակում ընդգրկված անդամների մեծ մասը, ասպարեզում են միայն Կարեն Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը։ Սա ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ են մնացածը հետին պլան մղված։

Այսպես մտածողները բարեխիղճ մոլորության մեջ են, որովհետև մենք բաժանումները կատարել ենք, ոչ միայն առաջին ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակը, այլ ամբողջ կազմը գիտեն իրենց ֆունկցիաները, և երբ ընտրությունների օրը մոտենա, բոլորդ կտեսնեք բոլորի մասնակցությունը։ Ամեն ինչ գնում է օրինաչափ, դա մեր մարտավարությունն է, ու պետք չի, որ մյուսները մեզ համար անհանգստանան։ Ասեք՝ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ կլինի։

Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի թեկնածուներից Միհրան Պողոսյանը ապրիլյան պատերազմի զոհվածի մորն է հանում հարթակ։

Ես չեմ կարծում, որ դա Միհրան Պողոսյանի անձնական նախաձեռնությունն է եղել։ Կարող է զոհվածի մայրն ինքնաբուխ է բարձրացել հարթակ։ Իհարկե, իմ կողմից ընդունելի չէ, որ այդ վշտի տեր մարդիկ նման հարցերով զբաղվեն։ Բայց եթե ինքնաբուխ բարձրացել է խոսելու, մենք չենք կարող արգելել այդ քաղաքացուն։ Զոհվածի մայր լինելով՝ նա նաև երկրի քաղաքացի է, կարող է խոսք է ունեցել ասելու։ Իհարկե, ընդունելի չէ, եթե դա որևէ մեկի կողմից կազմակերպվել է։ Ես չեմ կարծում, որ Միհրան Պողոսյանը  այդ քայլին գնացած լինի։

Ամեն դեպքում, իր քարոզարշավի ժամանակ է բեմ բարձրացել զոհվածի մայրը։

Նույն հաջողությամբ, կարող է նույնը նաև իմ քարոզարշավի ժամանակ լինել, նույնիսկ ես չիմանամ, որ նա զոհվածի մայր է։ Չի կարելի մեկնաբանել, որ դա Միհրան Պողոսյանն է կազմակերպել։ Ես չեմ կարծում, որ նա այդպիսի քայլի կդիմեր։

ՀՀ վարչապետը մարզ առ մարզ շրջում է։ Ձեր կարծիքով, նրան հաջողվո՞ւմ է համոզել քաղաքացիներին, որ ինչ-որ բան փոխվելու է երկրում, կամ ինքը կարողանալու է փոխել։

Վարչապետը չի գնում համոզելու, նա գնում է իրականությունը ներկայացնելու։ Բնականաբար, քարոզարշավի ընթացքում նա պետք է շփվի ամբողջ բնակչության հետ, որքան կհասցնի։ Բնականաբար, լինում են նաև համոզելու դեպքեր, բայց վարչապետի խոսքի մեջ ես համոզելու խնդիր չեմ տեսել։ Նա ներկայացնում է այն իրականությունը, այն քայլերը, որոնք ապագայում պետք է կատարի կառավարության հետ միասին։

ԿԸՀ նախագահը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ելույթներին, հայտարարել է, որ արգելվում է նյութական կան դրամական խոստումներ տալը, այսինքն՝ օրենքի խախտում է տեղի ունեցել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նման խոստումները։ Մտավախություն ունե՞ք, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կարող է առաջին տեղի չհավակնել՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են մարզերում մարդիկ ընդունում Ծառուկյանին, նրան անվանում թագավոր։

Գագիկ Ծառուկյանը, երևի, իր բնավորության համաձայն, ցանկանում է, որ ժողովրդին չմերժի, բայց արդեն նրա տոնայնության մեջ փոփոխություն կա։ Մյուս կողմից, մեր երկրում յուրաքանչյուր մարդ, ով ունի հնարավորություն, պարտավորված է բարեգործություն անել։ Բայց եթե դա նախընտրական պայմաններ է թելադրում, անթույլատրելի է, որ բարեգործության միջոցով մարդիկ տեղ գրավեն խորհրդարանում։ Ինձ թվում է, որ այդ բարեգործությունները պետք է կատարեն բոլորը, որոնք ունեն դրա հնարավորությունը։ Իսկ Ծառուկյանին թագավոր կոչելու հետ կապված, եթե դա շատ պետք է, ես կարող եմ վաղն առավոտվանից ինձ մոտ մի 3 հազար հոգի հռչակել թագավոր, և բոլոր հանդիպումների ժամանակ գոչեն՝ թագավորը եկավ։ Թագավորը գոչելով չի լինում, թագավորը լինում է վաստակելով։ Մենք երկրում ունենք առայժմ մեկ առաջնորդ, և մենք բոլորս պետք է իմանանք, որ պետք չէ առաջնորդների թիվն ավելացնել։ Իսկ ժողովրդի մեջ ամեն մեկը մի բնութագիր է տալիս, ամեն մայր իր երեխային, իր թոռնիկին ասում է՝ իմ թագավոր։ Դա օգտագործվող բառ է, դա մի համեմատեք իրականության հետ։

Տպավորություն է, որ քաղաքացիներից շատերը չգիտեն, թե այս անգամ ինչ տեսակի ընտրություններ են լինելու, չգիտեն, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական համակարգի։ Դուք Ձեր քարոզարշավի ժամանակ այս խնդրին չե՞ք բախվել։

Իմ հանդիպումների ժամանակ իմ առաքելությունը հենց դա է։ Ես չեմ գնում ժողովրդին համոզելու, ժողովրդին բացատրում եմ, թե ինչ է նշանակում խորհրդարանական համակարգ, թե ինչ է նշանակում խորհրդարանական համակարգի ժամանակ Ազգային ժողովը։ Հիմնականում մենք պետք է ժողովրդի շրջանում բացատրական աշխատանք տանենք, ոչ թե միայն թեկնածուները, այլև մամուլը, հեռուստատեսությունը, որպեսզի ժողովուրդը ճիշտ պատկերացում կազմի, թե ինչ է նշանակում բարեգործություն, ինչ է նշանակում «Լավ տղա», ինչ է նշանակում խորհրդարանական երկրի Ազգային ժողով, որ ժողովուրդը պետք է միայն մեկ համապետական ընտրության մասնակցի։ Այս համակարգի դեպքում իշխանության ամբողջ լուծը պետք է լինի խորհրդարանի և կառավարության վզին։ Ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին իմ մասնակցության առաքելությունը հենց դա է, որ բոլոր գյուղերում, բնակավայրերում մարդկանց բացատրում եմ այդ համակարգի իմաստն ու կարևորությունը։

Սերժ Սարգսյանը որևէ մասնակցություն ունենալո՞ւ է ՀՀԿ քարոզարշավին։

Սերժ Սարգսյանն անմիջական մասնակցություն ունի այս ամբողջ ընտրական համակարգին ու գործընթացին։ Նա պետք է հետևի այդ ամենին, որովհետև այդ պատասխանատվությունն առաջին հերթին երկրի նախագահինն է, որ լինեն անխոցելի ընտրություններ։ Սերժ Սարգսյանը հենց այդ գործին է լծված, որ պետք է լինել հետևողական, և կանխարգելիչ գործողություններ կատարվեն բոլոր ստվերային գործողությունների դեմ, որոնք կարող են ամբողջ գործընթացի վրա ստվեր գցել։ Մեր միակ և ամենաբարձր նպատակը դա է, որ կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ընկալելի կլինեն մեր հանրության և միջազգային հանրության համար։ 

Ամենաընթերցվածը