ԵԼՔ դաշինքի առաջարկն ու խորհուրդը ընտրողներին

    • Հարցազրույց - 11 Մարտի 2017, 11:16
Մեր զրուցակիցն է ԵԼՔ դաշինքի կողմից 2-րդ ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) առաջադրված պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը

Լենա, ինչո՞ւ եք որոշել քարոզարշավը երթով անցկացնել և ոչ թե հանդիպումներ անցկացնել։ Արդյոք սա քաղաքական դաշտում նոր մշակույթ և ավանդույթ ձևավորելո՞ւն է միտված։

Երթերի ժամանակ մենք կարճ հանդիպումներ ենք ունենում ընտրողների հետ, հընթացս ողջունում նրանց, ասում, որ չհուսահատվեն, որ ստեղծված սոցիալ-քաղաքական բարդ իրավիճակից ելք կա, և նրանք այդ ելքից օգտվելու հնարավորություն ունեն: Մարդիկ հակված չեն երկար զրույցների, և մենք էլ, չցանկանալով չարաշահել նրանց ժամանակն ու համբերությունը, հնչեցնում ենք մեր ամենակարճ ուղերձները, բաժանում մեր նախընտրական ծրագրի սեղմնագիրը: Մենք ասում ենք, որ մեր հակառակորդն ու նույնիսկ թշնամին հուսալքությունն ու անտարբերությունն է: Իսկապես, հուսալքված ու անտարբեր մարդիկ շատ են և պետք է նրանց հաղորդակից դարձնելու միջոցներ գտնել: Սա է մեր ամենաբարդ խնդիրը: Կարծում եմ նաև, որ պակասել է նախընտրական հանրահավաքներին ֆիզիկապես ներկա լինելու ցանկությունը. մարդիկ նախընտրում են իրադարձություններին հետևել ուղիղ եթերների միջոցով կամ երբ իրենց հարմար կլինի: Սրանք մարտահրավերներ են, որոնք կհանգեցնեն քարոզարշավի նոր գործիքների հայտնաբերմանը:

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք մի ընտրատարածքում, որտեղ այսպես կոչված թաղային հեղինակություններ են առաջադրվել և հիմա ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս։

Թաղային հեղինակություններ կան բոլոր ընտրատարածքների ցուցակներում։ Նրանցից խուսափել հնարավոր չէ։ Բայց մենք անձնական մրցապայքարի մեջ չենք մտնելու և իրենց ֆինանսական, վարչական ռեսուրսներին չենք հակադրելու մեր ունեցած ռեսուրսները: Մենք առաջարկելու ենք մեր թիմը և ծրագիրը: Նոր ընտրակարգով ենթադրվում է, որ լինելու է ընտրապայքար քաղաքական թիմերի, գաղափարների և ծրագրերի մեջ և ոչ թե անձերի մրցապայքար, սակայն այդ մշակույթը դեռևս ձևավորված չէ, և ընտրողների մի զգալի հատված կա, որն ավելի շատ համախմբվում է ոչ թե գաղափարների, այլ անձերի շուրջ: Այստեղ ընտրողը պետք է իսկապես շատ ուշադիր լինի և տեղյակ լինի, որ եթե իր ձայնը տալիս է իր տարածքային թեկնածուին, ապա ավտոմատ իր ձայնը տալիս է այդ թեկնածուին առաջադրած կուսակցությանը: Օրինակով ասեմ, որ ավելի պարզ լինի. 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ստացել էր 23.000 ձայն, որից 19.000-ը Սամվել Ալեքսանյանի ձայներն էին: Հիմա ընտրողը պետք է մտածի, որ եթե իր ձայնը տալիս է Սամվել Ալեքսանյանին, ապա ավտոմատ տալիս է Հանրապետական կուսակցությանը, որից շատ հաճախ հենց այդ նույն ընտրողը դժգոհում ու մեղավոր է համարում իր սոցիալական դժվարությունների համար: Բացի այդ, ընտրողներն ի վերջո պետք է մտածեն, թե ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանն ուզում վերընտրվել: Պատգամավորի 5 տարվա աշխատավարձը 30 մլն դրամ է և հաստատ այդ գումարի համար չէ, որի համար ալեքսանյանները ուզում են հայտնվել ԱԺ-ում, դա արվում է պատգամավորական անձեռնմխելիություն ստանալու, շուկայում մենաշնորհներ պահելու և ցանկացած պահին իրենց կողմից ներկրվող մթերքի գների հետ ցանկացած մանիպուլյացիաներ կատարելու համար: Մեր ցանկությունն է, ԵԼՔ դաշինքի ցանկությունն է, որ քաղաքացիները համախմբվեն ոչ թե անձերի, այլ գաղափարների ու նպատակների շուրջ, որոնց իրականացման դեպքում կշահեն բոլորը և պետությունը:

Արդյոք ռեյտինգային ընտրակա՞րգն է միջադեպերի պատճառը։ Այս միջադեպերը շարունակակա՞ն կլինեն քարոզարշավի ամբողջ ընթացքում։

Կարծում եմ՝ այս դեպքում խնդիրը ոչ թե տարածքային (ռեյտինգային) ընտրակարգն է, թեև այն իր մեջ ունի որոշակի վտանգներ ու ծուղակներ ընտրողի համար, այլ՝ տվյալ կուսակցություններում հավաքված կրիմինալն է, որը ոչ մի գաղափար չունի քաղաքակիրթ քարոզարշավի մասին ու ընտրությունները վերածում է ներկլանային կռվի՝ փորձելով հնարավորինս շատ ազդեցության տարածքներ գրավել:

Հնարավո՞ր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, և իշխանության համար անկանխատեսելի զարգացումներ լինեն։

Շատ հնարավոր է: Ամեն ինչ կախված է քարոզարշավի ավարտին ստեղծած մթնոլորտից ու ընտրողի որոշումից: Ընտրատեղամասում ընտրողը կարող է առհասարակ չենթարկվել իրեն կաշառած կամ ինչ որ հանգամանքներով կաշկանդող անձանց և քվեարկել այնպես, ինչպես կցանկանա: Ինչպե՞ս է դա հնարավոր անել: Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություն և 4 դաշինք, հետևապես ընտրատեղամասում ընտրողին տալու են 9 հատ քվեաթերթիկ, և ընտրողը իր ցանկացած ուժին ընտրելու է դրա քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու միջոցով: Մյուս 8 քվեաթերթիկներն ընտրողը պետք է գցի քվեախցիկի ներսում եղած արկղի մեջ: Հիմա եթե ընտրողն ինչ-ինչ հանգամանքներով կաշկանդված է և նրան հարկադրում են դուրս հանել այդ 8 քվեաթերթիկները, որպեսզի բացառման կարգով պարզեն, թե որ քվեաթերթիկն է նա դրել ծրարի մեջ, ապա ի՞նչն է նրան խանգարում նախ իր ուզածը դնել ծրարի մեջ, իսկ այդ բացակայող քվեաթերթիկը գտնել չօգտագործված քվեաթերթիկների արկղից և այդպիսով չբացահայտել իր իրական քվեարկությունը: Տեխնիկապես սա շատ հեշտ է անել: Ասածս այն է, որ ընտրողը կարող է քվեախցիկում, երբ մենակ է, օգտվել իր հնարավորությունից:

Ի՞նչ պատկեր ենք ունենալու ապրիլի 3-ին, արդեն ձեզ համար որոշակիորեն պա՞րզ է։

Մենք կանխատեսումներ չենք անում: Թող կանխատեսումներ անեն այն թեկնածուները, ովքեր ընտրակաշառք են բաժանելու, և թող իրենք անհանգստանան իրենց կորցրած գումարերի համար: Մենք կորցնելու ոչինչ չունենք, քանի որ մեր առաջարկած ելքը ոչ թե հնարավորություն է մեզ համար, այլ ընտրողի համար: Եթե ընտրողն ուզում է, որ մեր պատգամավորներն իրենց թիմերով շարունակեն աշխատանքն ԱԺ-ում, ապա պետք է ինքը շահագրգիռ լինի այդ հնարավորությունն օգտագործելու, եթե չի ցանկանում այդ շարունակությունը, ապա մենք իրենից շատ չպետք է ուզենք և ընտրողից առաջ ընկնելով կանխատեսումներ անենք: 

Ամենաընթերցվածը