Ամեն ինչ հիմքում աղավաղվեց, փչացավ

    • Հարցազրույց - 10 Մարտի 2017, 22:54
Մեր զրուցակիցն է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը

Պարոն Բայաթյան,համացանցում քննարկվում և քննադատվում է շոու բիզնեսի՝ ՀՀԿ քարոզարշավին մասնակցելը, երգելը։ Ձեզ ՀՀԿ-ից չե՞ն հրավիրել մասնակցելու նախընտրական այս քարոզարշավին:

Ես ընդհանրապես հեռու եմ այդ բոլոր տեսակ խաղերից և ցանկություն էլ չունեմ: Մեր դաշտը շատ փոքր է, և բոլորին մեր աչքի առաջ տեսնում ենք: Մենք անընդհատ մեծ երկրների հետ ենք մեզ փորձում համեմատել, բայց դա անհամեմատելի է: Իշխանավորները ունեն համապատասխան իրենց թիմը, որն իրենց հետևից միշտ շրջում է՝ իրենց բոլոր բաժակաճառերը և ճառերը ծաղկեցնելով, և բնական է, որ նրանք դրա հաշվին էլ ապրում են։ Եվ եթե նրանք այդ բանը չանեն, ամեն ինչից կզրկվեն: Գուցե նրանց մի մասը իսկապես կողմ է այդ կուսակցության գաղափարախոսությանը, բայց հիմնականում փողի համար են անում, և դա ակնհայտ է: Երբեմն էլ կոնկրետ անձնավորությունների, քանի որ հավանաբար այդ անձերի հետ սերտ կապեր ունեն և բնական է, միշտ պարտքի մեջ են և պետք է դա անեն:

Մի էական հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնենք. քանի որ մեր երկիրը շատ փոքր է և գումար աշխատելու շատ մեծ հնարավորություններ չկան, մեր արտիստների համար հնարավորություն է այս տարվա մեջ մի քիչ շոշափելի գումար աշխատել և հաճոյանալ այն մարդկանց, որոնք իրենց դիմել են, և դա նրանց համար կլինի ապագայում որոշ գումարների և ուրիշ միջոցառումների մասնակցության երաշխիք։

Այսինքն՝ այն, որ այսօր շատ խնդիրների լուծում չի տրվում, ըստ էության՝շոու բիզնեսի ներկայացուցիչներին չի՞ մտահոգում։

Ամեն ինչ հիմքում աղավաղվեց, փչացավ։ Եվ հիմա մենք ուզում ենք փնտրել ինչ-որ մի բան շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ։ Քաղաքական դաշտը նույն կերպ շատ այլասերված է։ Եվ շոու բիզնեսի ներկայացուցիչներն էլ հեռու չեն այդ ամենից, նրանք անընդհատ մասնակից են ինչ-որ միջոցառումների, էլ չեմ ասում անձնական միջոցառումները՝ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ: Եթե նույնիսկ նրանց ոչինչ էլ չտան, նրանք անպայման կգնան կմասնակցեն, որ ցույց տան, թե որքան նվիրված են։ Եվ սա գաղափարախոսության հետ բացարձակ որևէ կապ չունի, դա արվում է փողի համար, գուցե մի մասը համաձայն են այդ կուսակցության գաղափարներին, բայց մի քիչ կասկածում եմ, դա ավելի շատ փող աշխատելու միջոց է։

ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակը կատարում է«Ռեինկարնացիա» խումբը։ Թեև շատերն են այն հավանել,  բայց ասում են՝ հենց այն, որ ՀՀԿ- ն է պատվիրատուն, արդեն չի ընկալվում։ Համամի՞տ եք։

Երևի իրենց պատվիրել են հանրապետականները և իրենք էլ այդ տեսահոլովակը պատրաստել են։ Գուցե իրենց տվել են համապատասխան գումար, իրենք մտածում են, որ իրենց խղճի առաջ մաքուր են և նկարել են։ Այստեղ խղճի, չստելու, չծամածռելու հարց է, կամ էլ ուզում են ասել՝ մենք բոլորի վրա թքած ունենք, մեզ փող են տալիս։ Որոշ դեպքերում արվում է նաև ազդեցություն ունենալու համար։ Մենք երբ շոու բիզնես ենք ասում, միշտ պատկերացնում ենք, որ այդ շոու բիզնեսի ներկայացուցիչները գնում են երգում նրանց համար, բայց մի մոռացեք, որ նույն այդ իշխանավորները և շատ այլ կուսակցություններ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս անշարժ գույք և բիզնես ունենալ։ Շատ շատերը ունեն այդ բիզնեսը, և նրանց ոչ ոք չի անհանգստացնում, նրանք անձեռնմխելի են։ Իրենց համար գոյատևման ինչ-որ դաշտ է ստեղծվում։ Այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե շոու բիզնեսի ներկայացուցիչների, այլ բիզնեսմենների հետ։

Նրանց հանրության կարծիքը չի՞ հետաքրքրում։

Հանրության կարծիքը նրանցից ոչ մեկին չի անհանգստացնում։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ հանրության վրայով անցնելով, միևնույն է, իրենք  իրենց փառքին արժանացած են, և եթերում, և ամենուր կան, և ոչ ոք նրանց ոչինչ չի ասում։ Այսինքն՝ ավելի կարևոր է իշխանավորների հետ լինես ավելի բարեկամական, քան հանրության հետ։ Այս դեպքում հանրությունը ոչ մի նշանակություն չունի, մանավանդ մեր կուսակցություններն էլ մեր հանրությանը շատ բանի տեղ չեն դնում, իրենք իրենց ծրագրերն ունեն, և ամեն մեկն իր ծրագրի դարդն է քաշում, հանրությունն իրենց համար շատ քիչ բան է նշանակում, բացի գնվող ձայներից:

Նրանք կարծում են, որ ՀՀԿ իշխանության օրոք հանրությունն ավելի լավ սկսեց ապրել։

Այո, նրանք այսպես թե այնպես իրենց ֆինանսական վիճակը կարգավորում են, համապատասխան դիրք են ունենում, կոչումներ են ստանում, տուն են ստանում և միևնույն ժամանակ բիզնեսներ են ձեռք բերում, որը հնարավորություն է տալիս գոյատևել։

Այսինքն՝ շոու բիզնեսին, ինչպես և իշխանությանը, միայն անձնական շահն է հետաքրքրո՞ւմ։

Այո, միայն նեղ անձնական շահերը։ Ես ասեմ, որ նման վերաբերմունքը Հայաստանում շատ տարածված է, և շատ կուսակցական գործիչների վարքի մեջ եմ դա տեսնում, որ իրենց հետաքրքրում է միայն նեղ անձնական շահերը, չնայած ճառերը ուրիշ են, երգերն ուրիշ են, բայց ենթատեքստը անձնական շահի մասին է  խոսում, ուրիշ ոչինչ այնտեղ չկա։ Ես այնտեղ ոչ մի պատահական և զարմանալի բան չեմ տեսնում, հակառակը, հասկանում եմ, որ սա անբուժելի հիվանդություն է, որովհետև եթե մարդիկ համաձայնվում են այս դիմակահանդեսին մասնակից լինել, իրենց լուման ներդնել, նշանակում է իրենք այդ նույն տեսակից են, և այստեղ ուրիշ ոչ մի բան չի կարելի ավելացնել։

Ամենաընթերցվածը