Սովոր ենք հաղթել անհավասար մարտում

    • Հարցազրույց - 10 Մարտի 2017, 10:13
Մեր զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։ Նա Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Ապարանում

Պարոն Պետրոսյան, քարոզարշավը մեկնարկել է, արդեն  տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ դրամական ու նյութական խոստումներ են տալիս։

Իհարկե միշտ էլ եղել է անհավասար պայքար։ Անգամ 1993-94 թվականին հակառակորդին անհավասար մարտում ենք հաղթել։ Այնպես որ, մենք այս ամենին ոչ թե զինվածության հարաբերակցությամբ ենք նայում, այլ նվիրվածությամբ՝ նաև հիմք ընդունելով ժողովրդի մեծ աջակցությունը, ինչպես նաև ատելությունն իշխանությունների հանդեպ։ Ես նախկինում էլի առիթ ունեցել եմ ընդդիմադիր կեցվածքով ընտրություններին մասնակցելու։ Այն ժամանակ ժողովրդի հարցերն ավելի շատ նեղ անձնական էին, իսկ հիմա ընտրողների հարցերն ավելի շատ վերաբերում են երկրին, բանակին, տարբեր ոլորտներում իշխանությունների կեցվածքի բացակայությանն ու ինչ կարող ենք մենք իրենց համար անել, որ փոխվի այս իրականությունը, իշխանությունը փոխվելուց հետո ինչ ակնկալիք կարող է ունենալ քաղաքացին մեզնից։ Սա ամենամեծ ոգևորությունն է, որը նաև ուժ է տալիս մեզ ու վստահություն, որ իրականում մենք ակնկալիք կարող ենք ունենալ: Եվ հույս կա, որ ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության։

Իշխանափոխության կոչեր, բացառությամբ մի քանի ուժի, չեն հնչում։ Մյուս կողմից, ասում են, որ իշխանություններն ավելի մեծ դրամական ռեսուրսներ են գործի դնում՝ իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար։

Ցավում եմ, բայց մեր ժողովուրդը կարող է նայել աչքերիդ մեջ, վստահ հայտարարել, որ միանշանակ քեզ է ձայն տալու, ու դու հաստատ այդ ձայները չես ունենա։ Համոզված եմ, որ մարդիկ պիտի խաբեն ու դրամական ու նյութական միջոցներ ստանան, բայց միաժամանակ ժողովուրդը գումար վերցնելուն զուգահեռ հասկանում է, որ քվեարկել այս իշխանությունների օգտին՝ նշանակում է սեփական երեխայի ճակատագրին դեմ քվեարկել։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ այս իշխանությունների վերարտադրությունը նշանակում է կործանել երկիրն ու իր երեխայի ճակատագիրը։ Այնպես որ, եթե լինեն ընտրակաշառքներ կամ ուժային մեթոդներով ազդեցության փորձեր, ամեն դեպքում առաջին պահին ժողովուրդը կարող է ցույց տալ, որ ինքն ընկրկել է, բայց իրականում հոգու խորքում ինքը պատրաստ է խաբել իշխանություններին։ Իսկ ընդդմությունը խաբելու բան չունի, որովհետև մենք որևէ բան չենք էլ խոստանում։ Միակ բանը, որ խոստանում ենք, արժանապատիվ ապրելու կեցվածքն է, երկիրն այս վիճակից հանելու խնդիրը, վաղվա օրվա հանդեպ հավատի վերականգնումը, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիրը։ Այս բոլորը բխում է ժողովրդի շահերից, ուստի նրանք խաբելու խնդիր չպետք է ունենան։

Իշխանությունները հայտարարում են, որ իրենք են հաղթելու ընտրություններում։ Հնարավո՞ր է՝ իշխանությունների համար անկանխատեսելի զարգացումներ լինեն։

Արջն իր ահից գոռում է։ Այն, որ իշխանություններն ընդունված չեն ժողովրդի կողմից, մենք տեսնում ենք թե մեր, թե իշխանության ներկայացուցիչ պատգամավորության թեկնածուների հանդիպումների ժամանակ։  Եթե առաջ վախենում էին, ահաբեկված էին, գնում էինք գյուղեր, մարդիկ վախենում էին հանդիպել մեզ հետ, որովհետև նախօրոք մեզնից առաջ ոստիկաններ էին գալիս, պաշտոնյաներ էին գալիս, հիմա այդ վախի մասին խոսք լինել չի կարող, որովհետև վախենան ինչի՞ց, երբ նժարի վրա դրված է իրենց երեխաների ճակատագիրը։ Իրենք էլ են զգում, որ իշխանություններն սպառել են իրենց, իրենք էլ են տեսնում, որ իշխանական բուրգը ոչ թե ճաքեր է տվել, այլ շատերն արդեն դրա ներսում չեն։ Սա նաև մեզ համար աշխատելու մեծ ճակատ է, մենք ընդամենը ժողովրդին ներկայացնում ենք, թե ինչ կարող է ունենալ իշխանությունների վերարտադրությունից հետո, և ինչ կարող են ունենալ նորմալ ընտրություն ունենալու դեպքում։ Սա շատ լավ առիթ է ժողովրդի համար՝ ազատվելու գործող իշխանություններից։ Այսօր ժողովուրդը պետք է կարողանա օգտվել տրված հնարավորությունից, հատկապես որ տեղամասերում տեսախցիկներ են տեղադրված, վտահված անձանց ենք ներգրավել, և մեծ վստահություն կա, որ իշխանությունները պետք է մտածեն ընդամենը 5 տոկոսի շեմը հաղթահարելու մասին։ Գոնե իմ այցելած բոլոր տարածքներում տպավորությունն այդպիսին է։

Ձեր կարծիքով, ի վերջո, այս ընտրություններով ունենալո՞ւ ենք իշխանության փոփոխություն, հնարավո՞ր է հասնել նրան, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չլինի ԱԺ-ում։

Ոչ թե ՀՀԿ-ն պետք է մեծամասնություն չլինի, այլ ռեալ իշխանափոխության հնարավորություն կա, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։ Այլ խնդիր է, թե այս պայքարի ժամանակ մենք որքանով կարող ենք ժողովրդին իրազեկել, որ պատկերացնի, թե իրականում ինչ խնդիրներ կան։ Եթե մենք կարողանանք ժողովրդին ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում, թեև բոլորն էլ լավ գիտեն ամեն ինչ, միայն վստահության խնդիր կա՝ կարո՞ղ ենք պահել իրենց ձայնը, թե ոչ։ Հիմա մեր խնդիրն է ներկայացնել, որ կան բոլոր հնարավոր պայմանները, որ մենք մեր քվեն պահենք։ Եթե մենք բացառում ենք կրկնաքվեարկությունների խնդիրը, իշխանությունները դատապարտված են, անգամ 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր են ունենալու։

Դուք վստա՞հ եք, որ փոփոխություններ կլինեն։

Ես զինվորական եմ, եթե վստահ չեմ լինում որևէ գործողության հաջողության մեջ, ես այդ գործողությունը չեմ իրականացնում։

Սերժ Սարգսյանն այցելել է ՊՆ և հայտարարել, որ բանակը չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։

Բոլոր ընտրություններից առաջ բոլոր ուժային կառույցներին ցուցադրական հորդորներ լինում են, բայց զինվորականները նույնպես մեր քաղաքացիներն են, ովքեր նույնպես մասնակցելու են ընտրություններին։

Ձեր մարզում արդյոք ինտրիգներո՞վ է անցնում քարոզարշավը։

ՀՀԿ-ական թեկնածուներն են պայքարում իրար դեմ, քանի որ կա իրենց մեջ առաջին-երկրորդ տեղն ընկնելու խնդիր։ Նրանց թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում է ուժ ցույց տալ, իրենք ընդդիմադիր դաշտի ձայներին չեն տիրապետում, ոչ էլ կարող են ակնկալել։ Իսկ ընդդիմության մեջ մենք մեկ ընդհանուր հակառակորդի դեմ ենք պայքարում։