Եթե իշխանությունն ընդունում է ռուսների բացատրությունը, պետք է ընդունի նաեւ թուրքերինը

    • Հարցազրույց - 07 Մարտի 2017, 18:42
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, Գրիբոյեդով ակումբի հերթական նիստին մասնակցելու եկած լրագրողներ Կիսելյովը և Սոլովյովը մի քանի հայտարարություն են արել։ Մասնավորապես Սոլովյովը հայտարարել է, թե որտե՞ղ էր ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։ «Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է», հայտարարել է Սոլովյովը։ Ըստ էության՝ նա քննադատո՞ւմ է Հայաստանի վատ դիվանագիտական աշխատանքը։

Սա մեզ մոտ կարծես ավանդույթ է դառնում, երբ մեր դեսպանները ակտիվ չեն աշխատում դրսում։ Շատ եմ ցավում, որ խնդիրը հասավ նրան, որ դրսում այնքան ցայտուն աչքի է զարնում մեր դիվանագիտական ինստիտուների ոչ ակտիվ աշխատանքը, որ նույնիսկ իրենք են ասում։ Հիշո՞ւմ եք վերջին երկու խնդիրները Բելառուսում և Ուկրաինայում, Հայաստանի դեսպանների հետ կապված։ Բառիս բուն իմաստով դիվանագիտական դաշտի անգործությունը բերեց նրան, որ մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ Բելառուսի և Ուկրաինայի հետ։ Գլխավոր խնդիրն այն է, որ սա դառնում է ավանդույթ, որ մեր դիվանագիտական հաստատությունները մի շարք տեղերում չեն աշխատում։

Ես պետք է ասեմ, որ դրա ուղղակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ երբ խոսքը դեսպանների մասին է, սա առաջին հերթին նախագահի խնդիրն է։ Այստեղ միշտ գցում են ԱԳՆ-ի վրա, բայց մեզ հո չեն կարող խաբել։ Մենք գիտենք, թե ով է առաջին դեմքերի հարցում պատասխանատուն։ Եվ սա շատ վտանգավոր է։ Մենք ասում էինք, որ դժբախտաբար Բելառուսում դիվանագիտական աշխատանք չի տարվում, կամ մեկ տարի առաջ ասում էինք, թե ինչու Ուկրաինան պետք է նման դաժան արտահայտություն աներ ապրիլյան պատերազմի դաժան օրերին, բայց հիմա տարբեր երկրների պաշտոնյաներ են դա ասոմ։

Ավելի լավ էր Մեդվեդևը քննադատեր, քան Սոլովյովը։ Սոլովյովը այն դեմքն է, որ լրջագույն ազդեցություն ունի հենց իր թոք շոուի շնորհիվ։ Եթե ինքն ասում է, ուրեմն դա շատ լուրջ է։ Եվ ցավում եմ, որ ոչ մի տեղ ոչ մի եզրակացություն չեն անում, որ փոփոխություններ կատարվեն, ավելի ունակ մարդկանց նշանակեն։ Կամ ով ասաց, որ տասնյակ տարիներ մարդիկ պետք է մնան իրենց պաշտոններում։ Ես միայն անձերի մասին  չեմ խոսում, սա համակարգային խնդիր է։ Եվ ես չեմ հավատում, որ դիվանագիտական աշխատանքի համար նշանակված մարդիկ չեն հասկանում, որ պետք է աշխատեն, գուցե նրանց առջև խնդիրներ չեն դնում։ Բայց այն փաստը, որ հարցերը բարձրացվում են, քննարկվում են, և հետո ոչ մի փոփոխություն չի կատարվում, սա բառիս բուն իմաստով Սերժ Սարգսյանի մեղքն է։

Այսինքն՝ սա դիվանագիտական թույլ աշխատանքի հետևա՞նք է, թե չունենք պրոֆեսիոնալ դեսպաններ։

Ձեր ասածին ավելացնեմ այն, որ միգուցե նրանց առջև նման խնդիրներ չեն դրվում։ Ի վերջո, Ուկրաինայի, Բելառուսի շուրջ աղմուկ բարձրացավ, բայց ոչ մի բան չի փոխվել դրանից հետո, ուրեմն նրանց առջև խնդիր չեն էլ դնում։ Եվ այս առումով ոչ թե դիվանագիտական խողովակներն են խնդիրը, այլ նախագահական ինստիտուտը, քանի որ նախագահական ինստիտուտն է արտաքին քաղաքականության ոլորտի, դիվանագիտության գաղափարախոսության, մոտեցումների կոնցեպցիայի կրողը, ստեղծողը։ Մեզ մոտ այն համակարգն է, որ նախագահական ինստիտուտն է խնդիր դնում ԱԳՆ-ի առջև, նախագահական ինստիտուտն է պատրաստում արտաքին քաղաքականության դոկտրինը։ Եվ ամենակարևորը, բոլորը գիտեն, որ դեսպաններին նշանակում է երկրի նախագահը։ Եվ այն, որ ռոտացիա շատ տեղերում չի արվում, և այն, որ այս քննադատություններին ոչ մի արձագանք չկա, խոսում է այն մասին, որ ադեկվատ չի արձագանքում հենց նախագահական ինստիտուտը։

«Ռուսաստանն այսօր» պետական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն էլ հայտարարել է, որ զենքի վաճառքով Ռուսաստանը շատ բանով կառավարում է Ադրբեջանին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է այն հիմնավոր։

Ես չեմ համարում, որ սա հիմնավոր է։ Հիշում եք, որ որոշ ժամանակ առաջ Ռոգոզինը հայտարարում էր, որ սա բիզնես է, ինչ եք ուզում մեզնից։ Տարբեր բացատրություններ կան։ Եվ ինձ մտահոգում է այն, որ այդ բացատրությունները ինչ-որ չափով լավ ընդունում են ՀՀ իշխանությունները, բայց այս դեպքում ես կառաջարկեմ նրանց ազնիվ լինել։ Եթե Ռուսաստանի այս բացատրություններն ինչ-որ չափով ընդունում են, ուրեմն պարտավոր են նաև Թուրքիայի բացատրությունները ընդունել Ցեղասպանության հետ կապված։ Վաղուց Թուրքիայի կառավարությունը չի ժխտում, որ ջարդեր եղել են, վերջին տասը տարվա ընթացքում առաջին դեմքերի մակարդակով  ասում են, որ լուրջ պրոբլեմներ 1915 թվականին կային, բայց մեզ հասկացեք, որ Առաջին համաշխարհային պատերազմ էր և այլն, ինչ-որ բացատրություններ են բերում, կար Կովկասյան ճակատ, որտեղ հայերն ապրում էին, ոչ վստահելի էին և այլն։ Հիմա պարզ է, չէ՞, որ մեր ԱԳՆ-ն և նախագահական ինստիտուտը խիստ հայտարարություններ չեն անի Ռուսաստանի դեմ, եթե դա չեն անում, ուրեմն պետք է ազնիվ լինել և ընդունել այն բացատրությունները, որ տալիս են թուրքերը Ցեղասպանության հետ կապված։

Պատկերացնում եք՝ մեր ռազմավարական դաշնակիցը ամենաառաջատար զենքերը վաճառում է Ադրբեջանին, և դա օգտագործվում է մեր դեմ։ Եվ եթե լուռ ընդունում են այդ հայտարարությունները, նշանակում է՝ լռությամբ մեր իշխանությունը պարտավոր է ընդունել Թուրքիայի բացատրությունը ցեղասպանության հետ կապված։ Հիմա Ռուսաստանն և Ադրբեջանը բանակցում են Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու համար, և այդ զենքը ուր է գնալու, պարզ է, որ գալու է Ղարաբաղի շփման գիծ, մասսայական ոչնչացման զենքեր են։ Եվ սա ինչ բացատրություն է, որ այս զենքը տալիս են, որ հազարավոր հայեր սպանվեն այս զենքո՞վ։ Պարզ է, որ այս բացատրությունները մենք ոչ միայն չպետք է ընդունենք, այլ պարտավոր ենք պաշտոնական մակարդակով արձագանքել։

Կիսելյովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամենահեշտ գործընկերը չէ, և իրենք բաց են թողել հարաբերությունների այն մակարդակը, որը կար։ Մարտի 14-ին Ռուսաստան է այցելելու Սերժ Սարգսյանը: Մոսկվան հնարավո՞ր է առաջարկի Գյումրիի ռուսական բազայի գործառույթներն ընդլայնել տարածաշրջանային մակարդակի: Հնարավո՞ր է այս հայտարարությունը այց բացը լրացնելու նպատակ է հետապնդում։

Ամեն ինչ կարող է լինել։ Այդ պաշտոնական այցի անոնսը տրված է, որ այնտեղ ռազմական ոլորտի պայմանագրեր կլինեն, բայց ցավոք, պետք է նշել, որ այդ պայմանագրերը չեն ավելացնում Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում մեր անվտանգությունը։ Օրինակ՝ նույն համատեղ զորքերի ստեղծումը, նույն հակաօդային համակարգի համատեղ դարձնելն ուղղակի սահմանափակում են մեր սուվերենությունը։

Հարցն այն չէ, թե որքան պայմանագրեր կկնքես, հարցն այն է՝ արդյոք դա ուժեղացնում է քո անվտանգությունը, թե ոչ։ Պարզ է, որ Ռուսաստանը իր շահերով է առաջնորդվում, և որքան էլ ես քննադատում եմ Ռուսաստանին, իմ գլխավոր քննադատությունն ուղղում եմ այսօրվա Հայաստանի իշխանություններին, քանի որ իրենք են դա արել։ Ի վերջո, եթե Ռուսաստանը ինչ-որ չափով ճնշում է, պետք է առանձին դեպքերում մերժել։ Հիմա բավական բարդացել են ռուս-բելառուսական հարաբերությունները. Ռուսաստանն ուզում է այնտեղ ռազմաբազա բացել, իրենք մերժում են, Ռուսաստանն ուզում է մի շարք ոլորտներում ավելի սերտ համագործակցություն, նրանք մերժում են, ասում են՝ ինչ ես տալիս դրա փոխարեն, ասում է՝ ոչ մի բան, իրենք էլ մերժում են։ Բելառուսը, այո, դիմադրում է, ասում է, որ եթե ես ԵՏՄ-ի անդամ եմ և դրանից ոչ մի օգուտ չեմ քաղում, ինձ պետք չէ դա։ Եվ Ռուսաստանի կողմից մի քանի հայտարարություն արվեց, որ ինչ դժգոհություններ ունեք, եկեք քննարկենք։ Շատերը չգիտեն, թե ինչ ասաց Պուտինը Ղրղըզստանում. Պուտինն ասաց, որ Ղրղըզստանի նախագահը շատ կտրուկ ձևով պաշտպանում է Ղրղըզստանի անկախությունը, սուվերենությունը, շահերը, և մենք դա հարգում ենք։ Ինչու պետք է այդ հայտարարությունն աներ, ուրեմն ղրղըզները դիմադրում են։ Իսկ Հայաստանի գործող իշխաություններին ինչ տալիս են, ստորագրում են, և ես չեմ տեսնում, որ դա բխում է մեր շահերից։

Ամենաընթերցվածը