Ընտրակաշառք վերցնողը առնվազն 1825 օր սպասարկելու է ՀՀԿ և Սերժ Սարգսյանի շահերը

    • Հարցազրույց - 17 Փետրվարի 2017, 16:40
Մեր զրուցակիցն է ԵԼՔ դաշինքով Շենգավիթ-Մալաթիա-Սեբաստիա համայնքներում առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը

Նախընտրական դաշինքներն արդեն ամփոփվեցին: Համամասնական ցուցակի առաջին տասնյակը հրապարակվել է: Իշխանությունը իր մականունավորներին, օլիգարխներին է ընդգրկել ռեյտինգային ցուցակում: Ի՞նչ կերպ եք փորձելու հանրությանը ձեր կողմը գրավել:

Չեմ կարծում, թե որևէ մեկը մտածում էր, թե Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը կամ ընդդիմությունում գտնվող նրանց արբանյակներն ի վիճակի են անցնել խորհրդարան կամ մեծամասնություն ստանալ առանց մականունավորների, օլիգարխների, ընտրակաշառքի և այլն: Եվ մենք ընտրություններին նախապատրաստվելիս այս բոլոր գործոնները հաշվի ենք առնում: Այլ խնդիր է, որ ընդդիմությանն առայժմ չի հաջողվել գործնականում գտնել արդյունավետ հակազդեցություն այս ամենին: «Քաղաքացիական պայմանագրում» կա համոզմունք, որ ընդդիմության համար կարևորագույն խնդիր է ձևավորել մի այնպիսի ինստիտուտ, որի դեպքում օլիգարխների, մականունավորների ազդեցությունը կտրուկ կնվազի: «Ելքում» մեր գործընկերն էլ են առաջնորդվում այդ գործելաոճով: Մենք ունենք լավ թիմ, առաջիկայում կներկայացնենք մեր ծրագիրը` իր հստակ առաջարկներով ու լուծումներով: Սրան գումարած, եթե կարողացանք ապահովել Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում մեր վստահված անձանց ներկայությունը, ապա օլիգարխների ու մականունավորների ազդեցությունը զգալի փոքրանալու է: Բայց որ ամենակարևորն է` մենք քաղաքացուն պետք է վերադարձնենք հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ, փոխենք մթնոլորտ, առաջացնենք ապագայի նկատմամբ սպասելիքներ և հետաքրքրություն: Ես համոզված եմ, որ մեր թիմն ի վիճակի է լուծել այս առաջադրանքը:

Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, կարողանալո՞ւ եք 50 % +1 ձայն հավաքել և նոր իշխանություն ձևավորել: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք տեսնում հետագա պայքարը:

«Ելքում» և «Քաղաքացիական պայմանագրում» իմ գործընկերները, ես անձամբ, ցանկացած գործընթացից մտադիր ենք քաղել առավելագույնը: Մասնագետների դիտարկումները, հարցումները, բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս, որ «Ելքի» շուրջ ստեղծվել է դրական մթնոլորտ, որից անհրաժեշտ է օգտվել: Սպասելիքները մեր դաշինքից մեծ են, քանի որ նրանում ներգրավված են հիմնականում նոր սերնդի քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն եղել իշխանության, չեն «գցել» հանրությանը, հաջողությունների են հասել իրենց մասնագիտական ոլորտում, քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություններում, իսկ հիմա հայտ են ներկայացնում այդ հաջողությունները բերել պետական համակարգ` ամենևին էլ կաշկանդված չլինելով որևէ օլիգարխի կամ մականունավորի հետ քաղաքական կամ անձնական կապերով: Մեր թիմը պատրաստվում է անել առավելագույնը շատ քվե ստանալու համար, իսկ ինչ ընտրություն կկատարի մեր քաղաքացին, ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունը: Կտա 54 տոկոս քվե, կձևավորենք իշխանություն, կտա պակաս, մենք առաջին հերթին կներկայացնենք այդքան տոկոսի մարդկանց շահերը խորհրդարանում:

Արդյոք հասարակությունը պատրաստ է ընտրությունների, թե պատրաստ է հերթական գումարը վերցնելու, որ, ինչպես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է ասում, արդեն ավելի բարձր է, քան 5-10.000 դրամը:

Զարմանալի է, որ երբ Դաշնակցության ներկայացուցիչները բողոքում են ընտրակաշառքից, մի լրագրող չի կանգնում և ասի` եղբայր, չէ որ դուք կոալիցիա եք ձևավորել մի ուժի հետ, որը զանգվածաբար դիմում է ընտրակաշառքի: Էլ չեմ ասում, որ նախկինում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ՀՅԴ ներկայացուցիչներն էլ զերծ չեն եղել այդ արատից: Ու չեմ կարծում, թե ՀՅԴ-ն եթե ընտրակաշառք չբաժանի այս անգամ, կանցնի խորհրդարան: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, առհասարակ, ապա պետք է ֆիքսենք, որ այն դարձել է մեծ գործոն, որն ազդում է քաղաքական գործընթացների վրա: Հրազդանի ՏԻՄ ընտրությունները դրա լավագույն ապացույցն էին: Մենք անցկացրինք վերահսկողության առումով լավագույն ընտրությունները Հայաստանում, սակայն չկարողացանք կանխել զանգվածային ընտրակաշառքի բաժանումը: Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար ամենաարդյունավետ միջոցը մթնոլորտի փոփոխությունն է և իրազեկվածության բարձրացումը: Եթե այստեղ մենք հաջողենք, ընտրակաշառքը կարող է և դեր չունենալ: Մենք այս հարցում ունենք մեր պատասխանատվությունը, սակայն քաղաքացին պետք է հասկանա երկու բան` ընտրակաշառքով իշխանությունը 5 տարվա ընթացքում գեթ մեկ օր է քաղաքացուն սպասարկում, մնացած 1825 օրը` 4 տարի, 11 ամիս և 29 օրվա ընթացքում ընտրակաշառք վերցնողն ինքն է սպասարկելու Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի շահերը: