«Միասնությունն» իր ասելիքն ունի և անպայման ավելի լայն ձևով պետք է ներկայացնի հայ հասարակությանը»

    • Հարցազրույց - 17 Փետրվարի 2017, 09:44
Մեր զրուցակիցն է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը։ Հայազն կուսակցությունը միացել է Միասնություն շարժմանը և Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրումներ կանի համայնքներում։

«Ծառուկյան» դաշինքում չընդգրկվեց «Միասնություն» շարժումը։ Դուք միայն ռեյտինգայինո՞վ եք առաջադրվելու, թե՞ հնարավոր է «Հայազն» կուսակցությունն ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։

Ես «Միասնություն» շարժման վերաբերյալ տեղեկություն չունեմ, իսկ մեր ընկերները, որոնք որոշում ունեին առաջադրվել ռեյտինգայինով, նրանք առաջադրվել են՝ Մուշեղ Սաղաթելյանը, Արտավազդ Սարգսյանը, Արշակ Արշակյանը։ Իսկ համամասնական ցուցակի վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ես տեղեկություն ունեմ, որ այսօր կամ վաղը «Միասնությունը» պետք է հայտարարություն տարածի հետագա անելիքների վերաբերյալ, թեև չեմ հասցրել նիստին մասնակցել։

Այդուհանդերձ, ինչու տեղի չունեցան այն սերնդափոխությունն ու լայն կոնսոլիդացիան, որի կողմնակից էիք դուք։

Ես չեմ կարող ասել՝ ինչ տեղի ունեցավ, ինչ տեղի չունեցավ, որովհետև խնդիրների բերումով վերջին օրերին խիստ զբաղված եմ եղել, մասնակից չեմ եղել որոշումների կայացման, ձևավորման գործընթացներին, բայց կարող եմ ասել, որ «Միասնության» խնդիրը ոչ թե մեկ ընտրությամբ ինչ-որ մեծ իրարանցում անցկացնելն ու արդյունքներ ֆիքսելն էր, այլ ամբողջ պետականության պահպանման, զարգացման և սեփական գաղափարների քաղաքական գործընթացներում լայն տարածում գտնելուն ուղղորդված գործունեությունն է։ «Միասնությունը» չի կարող միայն ապրիլի 2-ին տեղի ունենալիք ընտրություններով սահմանափակվել։ Կամ եթե ֆիքսենք, որ «Միասնության» անդամներից ինչ-որ մեկը համամասնական ցուցակում չկա, ուրեմն «Միասնության» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան։ «Միասնությունն» իր ասելիքն ունի և անպայման ավելի լայն ձևով պետք է ներկայացնի հայ հասարակությանը։

Սակայն նշվում էր, որ որոշակի խնդիրներ կան «Ծառուկյան» դաշինի հետ համագործակցելու առումով։

Ես տեղյակ չեմ, որևէ խնդրից տեղեկություն չունեմ։

Դուք ումո՞վ էիք ուզում փոփոխությունների հասնել. Գագիկ Ծառուկյանո՞վ, մականունավոր մարդկանցո՞վ, որոնք նախկին ՀՀԿ-ականներ էին, այսօր հայտնվել են Ծառուկյանի կողքին։

Ես ծրագրին եմ ծանոթ, 15 կետերին եմ ծանոթ։ Դրանք  բավական լուրջ ծրագրային դրույթներ են։ Իսկ մնացած գործընթացների վերաբերյալ, ես ընդամենը 1-2 հանդիպում եմ ունեցել, ոչ խորհրդի հետ եմ հասցրել հանդիպում ունենալ, ոչ էլ մյուս անդամների։ Մոտ օրերս, երբ իմ տեղեկատվական բանկն ամբողջականանա, ես կկարողանամ ազատ ներկայացնել իմ ասելիքը։

Իսկ «Հայազնը» ի՞նչ ձևաչափով է մասնակցում ընտրություններին։

Մասնակցությունը միայն ռեյտինգային մի քանի թեկնածուներ ներկայացնելով է «Միասնության» շրջանակներում։ Դեռևս այս պահին այսքանը։