«Հետաքրքիր ու բարդ վիճակ է». Շարմազանովը Ծառուկյանի ու մյուսների մասին

    • Հարցազրույց - 17 Հունվարի 2017, 18:57
Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է քաղաքականություն վերադարձի մասին, որտեղից հեռացվել էր մոտ երկու տարի առաջ, ՀՀԿ ԳՄ հայտնի նիստում, երբ նրա հասցեին հնչեցին կոշտ եւ տեղ-տեղ կոպիտ արտահայտություններ: Այս եւ ներքաղաքական այլ իրադարձությունների մասին զրուցել ենք ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության մեջ փակված էջը բացելու և 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը: Անակնկա՞լ էր:

Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում և քաղաքականության մեջ պետք է շատ բաներ սպասելի լինեն, մանավանդ որ Ձեր նշած գործիչն ամիսներ առաջ արդեն մի քանի հարցազրույցներում չէր բացառել իր հնարավոր վերադարձը: Այդ առումով ընդհանրապես անակնկալ չէր:

Գրեթե երկու տարի առաջ հանրապետականների կողմից նրա հասցեին հնչած գնահատականները կպահպանվե՞ն: Իրական վտանգի դեպքում նույն գնահատականները կհնչե՞ն:

Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի գնահատական կհնչի, մանավանդ որ ընդդիմադիր դաշտը միայն ԲՀԿ-ն չէ և Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները չեն: Ընդդիմադիր դաշտը շատ ավելի լայն է: Թե ինչպիսի լեքսիկոն, ինչպիսի մարտավարություն և ռազմավարություն կընտրի այդ դաշինքը, որի մասին խոսեցինք, դժվարանում եմ ասել, քանի որ դա առաջին՝ իմ լիազորությունների շրջանակում չէ, և երկրորդ՝ այդքան շատ հետաքրքիր էլ չէ, դա իրենց խնդիրն է: Անկախ Բաղդասարյանի, Փաշինյանի, Մարուքյանի, Քոքոբելյանի, Օսկանյանի և Օհանյանի գործունեություններից՝ ՀՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը, և անկախ մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերների քաղաքական ծրագրերից՝ հանրության դատին կներկայացնենք մեր նախընտրական ծրագիրը և արդար մրցապայքարում ակնկալում եմ, որ ապրիլի երկուսի ընտրություններին ՀՀԿ-ն կունենա հաջողություն, իսկ որոշողը ժողովուրդն է:

Անուններ թվարկեցիք, բայց որոնց հետ երբևէ խնդիր չեք ունեցել՝ բացառությամբ Ծառուկյանի, որին մի ամբողջ ԳՄ նիստ նվիրեցիք, հետո նրան Դոդի Գագո, չարիք անվանեցիք:

Մենք անձերի հետ խնդիր չենք ունեցել, մենք խնդիր ենք ունեցել երևույթների հետ: Եվ անկախ անձերի դերակատարումներից՝ մենք բոլոր այդ երևույթներին վերաբերվում ենք բացասաբար: Այնպես չէ, որ նիստը նվիրված է եղել Ծառուկյան անձին, մեր նիստը նվիրված է եղել երևույթին, և մենք բոլոր գնահատականները տվել ենք երևույթի վերաբերյալ։

Իսկ այդ երևույթի նկատմամբ նույն գնահատականները պահպանվո՞ւմ են։

Բոլոր վատ երևույթների նկատմամբ, բոլոր հակաքաղաքական և հակաքաղաքակրթական երևույթների նկատմամբ գնահատականները պահպանվում են։ Կրկնում եմ, որ մեր խնդիրը չի եղել Գագիկ Ծառուկյանի անձը, խնդիրը եղել են երևույթները, և բոլոր այն երևույթները, որոնք հարիր չեն քաղաքական կյանքին և քաղաքական մշակույթին, անկախ նրանից՝ դրանք անում է Ծառուկյանը, Շարմազանովը, թե Պողոսյանը, բնականաբար, մենք դրան դեմ ենք։ Բոլոր այն գործիչները, որոնք աշխատում են քաղաքական մշակույթի և կոռեկտության շրջանակներում, անկախ նրանից դա անում է Ծառուկյանը, Շարմազանովը, թե էլի Պողոսյանը, մենք դրան դրական ենք վերաբերվում։ Հայաստանը 25-ամյա պետություն է, և մենք պետք է վեր կանգնենք անձերի միջև պայքարից։ Այդ իմաստով, ապրիլի 2-ի ընտրություններին ակնկալում ենք, որ կլինի գաղափարական պայքար, և գաղափարական մրցակցության մեջ հաջողության կհասնի այն ուժը կամ ուժերը, որոնց իրենց վստահությունը կտա ժողովուրդը։

Ի վերջո, երբ է լինելու ՀՀԿ խորհրդի նիստը, երբ պատրաստ կլինի ՀՀԿ-ի ցուցակը։ Փաստորեն, շատ բան հստակեցվեց քաղաքական դաշտում, իսկ ՀՀԿ-ի մասով դեռ հարցականներ կան։

Ամենահստակն ու կանխատեսելին ՀՀԿ-ն է, պարզապես մենք ամեն ինչ անում ենք ճիշտ ժամանակին։ Ըստ ընտրական օրենսգրքի, փետրվարի 6-16-ը ցուցակները ներկայացնելու ժամանակահատվածն է, և ՀՀԿ-ն այդ ժամանակ ԿԸՀ-ին կներկայացնի իր համամասնական և ռեյտինգային ցուցակները։

Գագիկ Ծառուկյանն իր ուղերձում խոսել է լայն կոնսոլիդացիայի մասին։ Նա ակնկալում է քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան, այդ համատեքստում դուք իշխանության կորստի մտավախություն չունե՞ք։

Նախ մտավախությունը քաղաքական կատեգորիա չէ, երկրորդ, իշխանությունը մեզ օդից չի տրվել, այլ ընտրությունների արդյունքում։ Մինչ Ծառուկյանի ելույթը ո՞ր ընդդիմադիր գործիչը չի խոսել կոնսոլիդացիայի մասին։ Հիշեք Օսկանյանին, հիշեք Օհանյանին, հիշեք «Ելք» դաշինքը։ Բոլոր քաղաքական գործիչներն էլ այս պահին խոսում են կոնսոլիդացիայի մասին։ Հիմա մեկի մոտ կստացվի, մյուսի մոտ չի ստացվի։ Ում մոտ կստացվի, ազատ մրցապայքար է։ Ընդդիմությունն էլ է հայտնվել հետաքրքիր իրավիճակում, որովհետև տեսնում ենք, որ ընդդիմությունն էլ չի գնում մեկ միասնական ճակատով, այլ կան տարբեր կուսակցություններ կամ դաշինքներ։ Կա Ելք դաշինքը, կա դաշինք, որ Ծառուկյանի շուրջ է ուզում համախմբվել, կա դաշինք, որ Օհանյան-Օսկանյան-Մարտիրոսյան ֆորմատով է, Քոքոբելյան-Բագրատյան տանդեմը կա, որին միանալու մասին արդեն Սաֆարյանն ու Բախշյանն են խոսել։ Այդ առումով շատ հետաքրքիր ու բարդ վիճակ է ընտրողի համար, թե դրանցից որ մեկին ընտրել։

Այս պահի դրությամբ կարո՞ղ  է լինել այնպիսի ուժ, որ կկարողանա ՀՀԿ-ին պարտության մատնել։

Քաղաքականությունը ֆուտբոլի դաշտ չէ, որ մրցենք ու տեսնենք, թե ով է հաղթում, ով ոչ։ Քաղաքականությունը շատ ավելի խորքային է և շատ ավելի բազում շերտեր ունի: Կարծում ենք՝ ամենաճշմարիտը ծրագրերի, գաղափարական քաղաքական պայքարի միջոցով ընտրության անցկացումն է: Եվ ամեն ինչ պետք է լինի թափանցիկ և հրապարակային, գաղափարների բախում, ոչ թե անձերի կռիվ, այլ ծրագրերի և գաղափարների բախում: Այսօր ես չեմ տեսնում ավելի կազմակերպված, ավելի կոնսոլիդացված, ավելի տարածքային կառույցներ ունեցող և ընտրություններին պատրաստվող ուժ, քան ՀՀԿ-ն: Եվ այսօր էլ կարծում եմ, որ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը ՀՀԿ-ն է: Հույս ունեմ, որ ապրիլի 3-ին կամ ինձ կզանգահարեք կշնորհավորեք, կամ էլ կքննարկենք, թե ինչու մի բան այնպես չստացվեց: Ես հակված եմ առաջինին:

Ծառուկյանի հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք:

Չեմ ուզում Ծառուկյանի վրա կենտրոնանալ: Անկախ Ծառուկյանի և այլ ընդդիմադիր մեր գործընկերների ծրագրերից՝ ՀՀԿ-ն ունի իր ծրագիրը: Եվ նոյեմբերի 26-ին ՀՀԿ նախագահն իր ծրագրային ելույթում նշել է մեր կարևոր սկզբունքները: Եվ բոլոր այն քաղաքական թիմերը, կուսակցությունները և գործիչները, ովքեր պատրաստ կլինեն իրականացնել ոչ թե ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի նախընտրական, այլև ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնության ծրագրերը, նրանց առջև դուռը փակ չէ, բայց մենք ձեր նշած անձի քաղաքական ծրագրերի հետ կապված որևէ քննարկում չենք ունեցել: Առ այս պահը ՀՀԿ-ն Ծառուկյան քաղաքական դերակատարի վերադարձի որևէ քննարկում չի ծավալել: Վերջին քննարկումը եղել է այն, ինչ հիշեցրիք: Երկու տարի դրա մասին չենք խոսել, չենք քննարկել:

Մեր հանրությանը ուզում եմ փոխանցել՝ մենք չենք կենտրոնանում ինչ-որ մի գործչի վրա, մենք արդար մրցապայքարի կողմնակից ենք, և հանրությունը թող որոշի, թե ընդդիմադիր գործիչներից ով է ավելի շատ վստհության արժանի որպես այլընտրանք իշխանությանը:

Ամենաընթերցվածը