Վանաձորում ստեղծված ճգնաժամի լուծման երկու տարբերակ կա

    • Հարցազրույց - 10 Հունվարի 2017, 16:53
Մեր զրուցակիցն է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, մինչ այս պահը Վանաձորի ավագանու որևէ նիստ չի գումարվել, և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կդիմեն կառավարությանը՝ Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու համար։ Կառավարություն դիմելու տեքստն արդեն պատրա՞ստ է։

Տեքստի վրա հիմա աշխատում ենք, առաջիկա երկու օրերի ընթացքում այն պատրաստ կլինի։ Այն կներկայացնենք նաև մեր գործընկերներին, և արդեն պարզ կլինի՝ ինչպես ենք շարժվում առաջ։

Ներկայացնելու եք այն իրավական հիմքերը, որոնցով հնարավոր կլինի նոր ընտրությո՞ւն հայտարարել Վանաձորում։

Այո, որի համաձայն, մեր կարծիքով, կառավարությունը պետք է կրճատի ժամկետը և նոր ընտրություններ նշանակի։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ևս չի բացառել, որ Վանաձորում հնարավոր է նոր ընտրություն հայտարարվի։ Ի՞նչ եք կարծում, նախընտրական այս շրջանում իշխանությունը կդիմի՞ նման քայլի։

Քաղաքականության մեջ որևէ բան չի բացառվում, և ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ տեսեք, որ չի հերքել։ Ըստ էության՝ բոլորը հասկանում են, որ խնդիրն ինչ-որ կերպ պետք է լուծել։ Լուծման երկու տարբերակ կա՝ կամ հրաժարական է ներկայացնում մանդատագողությամբ ընտրված քաղաքապետը և այդ հրաժարականի արդյունքում նոր ընտրություններ են կազմակերպվում ավագանիում, կամ ավագանու ժամկետը կրճատում է կառավարությունը և նոր ընտրություններ նշանակում Վանաձոր քաղաքում։

Կաթվածահա՞ր է վիճակը քաղաքում։

Քաղաքապետը պնդում է, որ ամեն ինչ նորմալ է, սակայն նորմալ չի կարող լինել, եթե օրենքի դրույթները խախտվել են։ Իսկ օրենքն ասում է, որ յուրաքանչյուր ամիս ավագանու նիստ պետք է գումարվի, իսկ ընտրություններից հետո ռեգուլյար ընթացակարգով որևէ անգամ նիստ չի գումարվել։ Երկու անգամ էլ փորձել են արտահերթ նիստ գումարել և երկու անգամ էլ ձախողվել են, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են։ Փաստորեն ունենք փոքրամասնության քաղաքապետ, որը փորձում է զոռբայությամբ պահել իրեն չտրված իշխանությունը։ Բնականաբար, չի կարող լինել փոքրամասնության քաղաքապետ, և նա պետք է հրաժարական տա։

Պարոն Մարուքյան, բացի «Ելք»-ից, այլ դաշինքների մասին նույնպես կհայտարարվի։ Մի դաշինք էլ Սեյրան Օհանյանի շուրջ կձևավորվի։ Ձեզ մրցակից համարո՞ւմ եք նրանց:

Հայաստանում, բացի ընդդիմադիր Ելք դաշինքը, այլ ընդդիմադիր դաշինք գոյություն չունի։ Այս պահին ընդդիմադիր դաշտում Հանրապետական կուսակցությանը մարտահրավեր ներտող, կարողություններ ունեցող ուժը Ելք դաշինքն է։ Երբ կստեղծվեն նոր դաշինքներ, այն ժամանակ կմեկնաբանենք։

Այս առումով ի՞նչ է անում Ելք դաշինքը։

Գիշեր-ցերեկ աշխատանք։

Ցուցակ կազմելու ուղղությամբ տարվո՞ւմ են աշխատանքներ։

Աշխատանքային խմբերը բոլոր ուղղություններով աշխատում են։ Մնացած մասով, եթե անհրաժեշտ կլինի հրապարակել տեղեկատվություն, մենք կհրապարակենք։

Կապանում տեղի է ունեցել ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը, որի ժամանակ Սուրեն Խաչատրյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Իշխանությունը ընտրություններից առաջ փոփոխությունների՞ է գնում։

Ճիշտն ասած, չեմ հետևում՝ ինչ է անում իշխանությունը ներկուսակցական մասով, որովհետև ինչ իրենք անում են, իրենց տրամաբանության մեջ է, իսկ մենք մեր տրամաբանության մեջ ենք մեր ռազմավարությունը ձևավորում: